Ով այնպիսի սուտ ասի...

Ով այնպիսի սուտ ասի...
Այս քարոզարշավն արդեն սկսում է մեզ՝ շարքային քաղաքացիներիս զայրացնել: Ահա կոռումպացված ու տարիներ շարունակ իր ապրած հղփացած կյանքով հայտնի մեկը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից, հավասար մրցակցությունից ու մենաշնորհների վնասակարությունից: Այս մյուսը, որը տարիներ առաջ բարձր պաշտոն է զբաղեցրել ու իր ոլորտում աշխատանքները փառավորապես ձախողել, խոսում է այսօրվա իշխանավորների սխալներից, ոչ պրոֆեսիոնալիզմից ու կադրային փոփոխություններ անելու անհրաժեշտությունից: Սա էլ, որ հնգամյա լեթարգիական քնից հանկարծ արթնացել է, հայտարարում է, որ իր կուսակցությունն «անցած-պրծած է», թեեւ կողքին երկու-երեք մարդ հազիվ կա, ինքն էլ մի 20 տարի հիմնավորապես հոգնեցրել է ընտրողին՝ միշտ մասնակցելով ընտրություններին ու 0,2-1,2 տոկոս ձայն հավաքելով: Եվ ընդհանրապես, պատգամավորության բոլոր թեկնածուների հույսն այն է, որ հասարակությունը կազմված է հիշողությունը կորցրած մտավոր հետամնացներից, որոնց ընդամենը պետք է ներշնչել, որ իրենք գալիս են ազգը փրկելու, որ իրենց հետեւում միլիոնանոց բանակ է կանգնած, եւ բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ իրենց կուսակցությունը 85 տոկոս «մաքուր» ձայն ունի: Այս ներշնչանքը բավական է, որ բոլորս մայիսի 6-ին վազենք ընտրատեղամասեր եւ ձայն տանք այս սուտասաններին: Իսկ եթե հանկարծ ընտրությունների արդյունքներն այլ բան վկայեն, սրա նմանները սկսելու են ամբողջ կոկորդով բղավել, որ ընտրությունները բարբարոսաբար կեղծվել են, եւ մեզ բոլորիս խաբել են: Այս քարոզչությանը հետեւելով, ես ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ մեր քաղաքական գործիչներին չի հաջողվում գեղեցիկ, արժանապատիվ եւ խելացի քարոզչություն իրականացնել, որտեղ կեղծիքն ու սուտն իսպառ կբացակայեն: