Ոչինչ հայտնի չէ, ոչինչ որոշված չէ

Ոչինչ հայտնի չէ, ոչինչ որոշված չէ
Երեկ ամբողջ օրն անցավ ՀՀԿ գործադիր մարմնի որոշումներին սպասելով. ենթադրվում էր, որ ի վերջո պարզ կլինի՝ ՀՀԿ-ն պատրաստվում է միայնա՞կ ձեւավորել կառավարություն, թե՞ դա կանի կոալիցիայի միջոցով, մի քանի պաշտոններ զիջելով կոալիցիային միանալու պատրաստակամություն դրսեւորող գործընկեր կուսակցություններին: Երկու ժամ տեւած նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարյուրավոր հարցերին, ընդամենը մի պատասխան տվեց. ոչ մի բան չի որոշվել, ոչինչ հայտնի չէ:



Հայտնի չէ անգամ՝ ՀՀԿ-ն խորհրդարան անցած կուսակցություններին կոալիցիա կազմելու առաջարկ արել է, թե ոչ: Շարմազանովն ասում է, որ եղել են հանդիպումներ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, բայց թե ինչ հարց է քննարկվել այդ հանդիպումների ընթացքում, ինչ առաջարկներ են արվել, հայտնի չէ: Հայտնի չէ անգամ, թե ինչ տեսք կունենա ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը, ովքեր համամասնական ցուցակից կգնան խորհրդարան, իսկ ովքեր՝ գործադիր իշխանություն: Դա եւս պարզ կլինի այն բանից հետո, երբ կորոշվի՝ լինելու է կոալիցիա, թե ոչ:



Քանի որ ոչինչ հայտնի չէ եւ ոչինչ որոշված չէ, ապա անհասկանալի է, թե ինչու ընդհանրապես հրավիրվեց գործադիր մարմնի նիստ: Կարելի է ենթադրել, որ մինչեւ նիստ հրավիրելը ինչ-որ որոշակիություն եղել է, սակայն հետագայում ինչ-ինչ փոփոխություններ են եղել: Հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը հանդիպել է կուսակիցների հետ՝ նրանց տրամադրությունը ստուգելու համար:



Պետք է ասել, որ ՀՀԿ-ում տրամադրությունները բավական արմատական են: ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ համարում են, որ ԲՀԿ-ն, չնայած իր ստացած ձայներին, խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել եւ խորհրդարանում ունի կրկնակի պակաս տեղ, քան իրենք, բայց ուզում է ՀՀԿ-ի հետ խոսել պահանջատիրոջ դիրքերից: Այսինքն՝ կոալիցիա կազմելու համաձայնության դիմաց ուզում է ԱԺ նախագահի կամ վարչապետի պաշտոնը, որպեսզի, ինչպես ԲՀԿ-ականներն են հայտարարում, «կոալիցիան ինքնանպատակ չլինի»: Ասում են, որ կոալիցիայի նպատակն ավելին է, քան մի քանի նախարարական կամ մարզպետական տեղերը, եւ իրենք ավելի մեծ ակնկալիքներ ունեն: Բացի այդ, որոշ ԲՀԿ-ականներ կտրականապես դեմ են, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու դիմաց հայտարարի, որ նախագահական ընտրությունների ժամանակ պարտավորվում է սատարել նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Ինչպես ասել է մեծ իրավապաշտպան Գագիկ Ջհանգիրյանը, ԲՀԿ-ականներն ուզում են եւ կույս մնալ, եւ հաճույք ստանալ: Բայց թե ինչու պետք է ՀՀԿ-ականները կույս մնալ ցանկացող ԲՀԿ-ականներին հաճույք ստանալու հնարավորություն տան, հնարավոր չէ հասկանալ ոչ մի կերպ»,-ասում է մի հանրապետական:



Հայտնի է ընդամենը մեկ բան. մայիսի 31-ին տեղի է ունենալու նորընտիր ԱԺ առաջին նիստը, եւ մինչ այդ պետք է պարզ լինի, թե ովքեր են գնում խորհրդարան եւ ովքեր՝ կառավարություն: Ժամանակ այնքան էլ չկա, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կլինի, թե ով ում կոտրեց՝ ՀՀԿ-ն ԲՀԿ-ի՞ն, թե՞ հակառակը: Հնարավոր է նաեւ, որ կողմերը մնան իրենց սկզբունքային դիրքերում. ՀՀԿ-ն միայնակ ձեւավորի կառավարություն, իսկ ԲՀԿ-ն հանդես գա ընդդիմության դիրքերից: Կարծում ենք, որ դա ստեղծված իրավիճակի ամենատրամաբանական հանգուցալուծումը կլինի:



 Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ