Կանաչ ճանապարհ ՀԱԿ-ին

Կանաչ ճանապարհ  ՀԱԿ-ին
Եթե մի կողմ թողնենք էմոցիաները եւ անդրադառնանք Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի առարկայական կողմին, ապա այն, ըստ էության, ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մանիֆեստ էր: Եվ այս պարագայում դժվար է զսպել առաջին ռեակցիան եւ չասել՝ վաղուց ժամանակն էր:



 



Ի վերջո, կուսակցություններից եւ անհատներից կազմված անհասկանալի այդ կոնգլոմերատը, որը ոչ հայտարարված սկզբունքներ ուներ, ոչ պլատֆորմ, ոչ հստակ կառուցվածք եւ կառավարման համակարգ, ժամանակավոր երեւույթ էր՝ պահի թելադրանքով ստեղծված: Իշխանափոխության նպատակով ստեղծված: Եվ անկախ նրանից՝ կատարել է իր առջեւ դրված խնդիրը, թե ոչ՝ պետք է հեռանա պատմության թատերաբեմից: Մարդկության պատմությունը քաղաքական պայքարի հստակ կառույցներ է ստեղծել, եւ հեծանիվ հորինելու իմաստը պարզապես չկա: Ուզենք, թե չուզենք՝ քաղաքական պայքարի գործիքը կուսակցություններն են, եւ «ոչ կուսակցություն-ոչ հասարակական կազմակերպություն» վիճակը երկար շարունակվել չէր կարող: Թերեւս, եթե ավելի վաղ սկսեին այս գործընթացը, այն այդքան ցավոտ եւ կորուստներով լի չէր լինի:



 



Բնական է, որ ՀԱԿ անդամների մի մասն էլ այս փուլում կլքի Կոնգրեսը, բայց չենք կարծում, որ դա ավելի մեծ աղետ է, քան մշտապես կոնֆլիկտային մթնոլորտում, անգործունակ ու անիմաստ կառույցը պահել-պահպանելը: Մի բան վատ է, որ այս որոշումն էլ, ինչպես բոլոր նախորդները, կայացվել է միանձնյա՝ առաջնորդի կողմից, առանց քննարկման, առանց գործընկերների կարծիքը հարցնելու: Գուցե բացառություն է կազմում Ստեփան Դեմիրճյանը, որին օրեր առաջ այցելած առաջնորդը, հուսանք, հենց այս հարցն է քննարկել ՀԺԿ ղեկավարի հետ: Ամեն դեպքում, պետք է արձանագրենք, որ դեմոկրատական որոշումներ կայացնելն իրենց դեմոկրատական հռչակած ուժերի մոտ ոչ մի կերպ չի ստացվում: