Հիմքեր չկան

Հիմքեր չկան
«Շնորհավորում եմ բոլորիս լավագույն ընտրությունների անցկացման համար, ինչի ապացույցն են  նաեւ միջազգային հանրության արձագանքը եւ շնորհավորանքները, որ մենք ստանում ենք»,- ԱԱԽ նիստի «բացումը» նախորդ օրն այսպես է սկսել Սերժ Սարգսյանը:



 



Մոտ մեկ ժամ տեւած նիստի միակ հարցը եղել են ընտրությունները, որեւէ այլ` հետընտրական, կադրային հարց չի քննարկվել: Բոլոր զեկուցողները` նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Աղվան Հովսեփյան, Վլադիմիր Գասպարյան, Արման Մկրտումյան, անդրադարձել են ընտրությունների օրն ստացված բողոքներին,  բոլորն էլ սլայդներով փորձել են ապացուցել, որ ստացված 127 բողոքների հետեւում իրավական ապացույցներ չկան, որպեսզի իրենք «կառչեն» եւ գործեր հարուցեն. Վովա Գասպարյանը նույնիսկ «ֆիլմ» է ցուցադրել, թե ինչպես են իրենք գնացել «Ժառանգության» գրասենյակներ, հանդիպել բողոքող մարդկանց, խնդրել հիմքեր «տալ», որպեսզի իրենք գնան դրանց հետեւից, չեն «տվել»: Որոշ գնահատականներով, ԱԱԽ նիստը նպատակ է ունեցել թիմին  ցույց տալ, որ ընտրությունների էջը փակված է:



 



Նիստին արդեն որերորդ անգամ չի մասնակցել ԲՀԿ առաջնորդը. նա պետք է Հայաստանում լիներ մեկ օր առաջ, սակայն հետաձգել է վերադարձը, եկել է նախորդ գիշեր. ԲՀԿ քաղաքական թեւից որեւէ մեկը նրան չի դիմավորել, միայն գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը: Անկախ ամեն ինչից, Գագիկ Ծառուկյանը շնորհավորելու է Սերժ Սարգսյանին՝ տեղեկացրին մեր աղբյուրները: