էս ի՞նչ եք անում հաբռգած տղերք

էս ի՞նչ եք անում հաբռգած տղերք

Ով ինչպես, բայց ես ես արդեն համակերպվել եմ այն մտքին, որ եթե, Աստված չանի, մի լավ երկրաշարժ լինի Երևանում, բոլորս երկրի վրա չմիավորվեցինք, երկրի տակ միավորվելու ենք: Հիմա կասեք՝ ագռավը կռռաց:






Ագռավն էլ է՜ էլի թռչուն, թող մի հատ էլ ինքը կռռա ու զգուշացնի՝ էս ի՞նչ եք անում հաբռգած տղերք: Որտեղ մի բաց ծակ եք տեսնում, շենք եք խցկում, բարձրահարկ մտցնում: Էրեգ Հ. Քոչարով ցած եմ իջնում ու զարմանում՝ մի քանի ամսվա ընթացքում էդ քանի՞ ծակ են մտել, էլ աբուռ ու այիբ չունեն, երկաթե ձողը տնկած՝ շենքի մեջ շենք են շինում: Որտեղով անցնում, զարմանում եմ՝ էս ե՞րբ մտցրին: Ախր շատ կներեք, էդ բաց վոռ չի է՜, որ տեսնում, վրա եք տալիս, էդ տարածությունը պահվել է, որ երկրաշարժի ժամանակ բոլոր շենքերն իրար վրա չգան ու խայտառակ չլինենք, ասենք կողքի շենքի հարևանիս հետ, որ քաղաքական առումով իրար աչք հանող ենք, իրար հողի տակ ռաստ չգանք: Տեղ չի լինելու, որ կանգնեք ու մեզ իրարից առանձնացնեք, մի ողջ հավերժություն մախաթով իրար աչք ենք բզելու: Ես էդ գործը անողներին բան չեմ ասում, տեղ են ճարել, թող շինեն, իմ խոսքը թույլատրողների մասին է՝ արա՜, դա էլ հո Կոմայգին չի, որ ասեք՝ գնացեք, ինչ ուզում եք արեք: Ոչ սեռ կա, ոչ էլ սեռը մատնանշող նշան:






Ծառերն էլ վարից վեր կտրում են, էսօր էլ Համալիրինն են կտրել, / մեկն ինձ հենց այդպես ասաց՝ Համալիրինը կտրել են, զարմանքից քար կտրեցի/՝ ու՞մը…մնում է, որ մեր եղած չեղածն էլ կտրեն ու ասեն՝ ծառասեռային հավասարաթյուն է, Ազգային ժողովի թլոշ լեզվով ասած՝ գենդեղային հավասաղություն: Ա՜յ շինելու թույլատրիչ բալեք, հիմա ձեզ եմ հարցնում՝ էս Երևանի ցածրահարկ ու պնդոտ շենքերում նստել, լավ եք արել, որ երկրաշարժ լինի, սխալմամբ մեզ հետ նույն կուպեում չեք հայտնվի, ձեզանից կպրծնենք, մեզ էլ էդ ցից-ցից շենքերն եք լցրել, որ ի՞նչ անեք: Էրեգ 18-րդ հարկի ծանոթս զանգեց, հարցրի՝ ո՞նց ես, ասաց՝ ամեն ինչ լավ է, մնում է թռչելը սովորեմ: Գոնե մի պարաշյուտ տվեք բարձրահարկում ապրողներիս, որ երկրաշարժի դեպքում թռնենք ու փրկվենք կամ էլ մի չյոռնի արկղ տեղադրեք, որ ողջ աշխարհը տեսնի, թե ինչ զուլում է եղել իրար հետ մերձեցման կապի մեջ գտնվող շենքերի հետ:






Մի լավ ընթերցող ունեմ, մեկ- մեկ որ ուշունցի կողմ եմ թեքվում, ասում է՝ քեզ լայեղ չի, փափու՜կ գրիր: Մի լավ ընթերցողս էլ, երբ գրել եմ, որ Համո Սահյանի քառատողի նախնական ձևը եղել է՝ Սրա՞նք են այս երկրի տերերը, Ես սրանց տիրոջ մերերը… իրեն կոտորում է, ասում է՝ չի կարող Համոն հայհոյել: Այ տղա, խի՞ չի կարող, Համոն մարդ չի՞… Հիմա որ սաղ լիներ՝ չէր հայհոյի՞, թե նրան շփոթել եք դոխտուր Զորիկի հետ: Չշեղվեմ, էդ լավ ընթերցողիս խաթեր երկրաշարժի թեմայով մի փափուկ բան եմ պատմելու: Պատմությունն ու հերոսներն իրական են: Ինձ պատմել է այդ տարիներին Սիսիանում աշխատող նշանավոր վիրաբույժ՝ Յուրի Հովակիմյանը: Սիսիանում էի աշխատում: Զգուշացրել էին, որ ուժեղ երկրաշարժ է լինելու, սիսիանցիները մոտ մեկ-երկու ամիս վրաններում էին մնում: Հիվանդանոցում աշխատում էինք հիվանդներ չընդունել: Բայց եղավ մի օր, երբ ստիպված էինք հիվանդին վիրահատել: Սերգեյ Ղուշյանն էր, որի, ժողովրդական լեզվով ասած, կույր աղիքը պայթել էր: Վիճակը շատ ծանր էր, Շամբի թաղամասից տեղափոխում ենք: Վիրահատության ժամանակ որովայնը բացում եմ, թարախ, պերիտոնիտ և այլն: Վիրահատում եմ տեղային ցավազրկմամբ: Այդ պահին երկրաշարժից շենքը մի լավ ճռռաց, շարժվեց, օգնականս, որ գինեկոլոգ էր, շրջվեց ու փախչել էր ուզում, ասացի. «Կանգնիր Լաուրա ջան, կանգնիր, ասենք երեք մետր փախանք, ի՜նչ օգուտ, մինչև հասցնենք դուրս գալ, շենքը կփլվի, արի գոնե այս խեղճ մարդու փորը փակենք»: Իմ խոսքից հետո վիրահատված հիվանդը՝ Սերգեյը, շատ հանգիստ տոնով ասաց. «Յուրի Տարսայիճ, չգնաք, այս շենքը ես եմ կառուցել, շատ ամուր շենք է, մի գրամ ցեմենտ չենք ծախել, արխային, որ սաղ Սիսիանն էլ փլվի, այս շենքը տեղից չի շարժվելու»: ՀԳ Հիմա դառնամ նորից շենք շինիչներին՝ էս ի՞նչ եք անում հաբռգած տղերք, էդ շենքերը շինելով մի քիչ էլ մարդու մասին մտածեք, էդ փողերն էդքան ձեր աչքն եք լցնում, բա ցեխը չի պնդու՞մ: Խի՞ դուք էդ ինչքա՞ն ջուր եք, որ չեք պնդանում, ցռիկ ցեխի պես եք մնում, իրար չեք գալիս…






ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ