Չգիտեմ,արդեն ոչ մեկին չեմ հավատում…

Չգիտեմ,արդեն ոչ մեկին չեմ հավատում…

Սովորաբար, երբ արդարությունը հաղթում է, մի տեսակ հաղթանակած տրամադրություն ես ունենում: Բայց այսօր արթնացա մի այնպիսի զգացողությամբ, ասես ցեխ ու մրի մեջ լինեի ու առաջին միտքը, որ եկավ գլուխս, սա էր՝ ինչպե՞ս, ինչո՞վ կարելի է մաքրվել այն տհաճ զգացողությունից, երբ մարդ իրեն մարդ չի զգում, երբ մարդ իրեն տրորված, խաբված է զգում: Երբ չես հասկանում՝ պետության մե՞ջ ես ապրում, թե՞ ջունգլիներում: Նման զգացողություն ունենում եմ մեկ էլ յուրաքանչյուր ընտրությունից հետո: Ու՞մ ծանոթ չէ. ընտրությությունից հետո եվրոյոնջաները հազար թերություն, խախտում են թվարկում ու վերջում ասում՝ բայց դա չի կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Մի՞թե Սահմանադրական դատարանի որոշումը դրանից տարբերվում է:



Նման պարագայում ոչ մի ելք մարդ չի տեսնում, որովհետև խաբեությունը ոչ թե մի օղակում է կատարվում, այլ վերևից բռնած մինչև ներքև խաբեությունների շղթա է: Մենք ականատես ենք լինում մի սարսափելի երևույթի. երկրի բարձրագույն դատարանը վճիռ, որոշում է կայացնում ու վճռից հետո մարդ չի հասկանում, թե ինչ է ուզում ասել այդ որոշմամբ: Հիմնական որոշման տակ հարյուրավոր ենթակետեր են մտցված, հարյուրավոր խճճաթելեր, որպեսզի յուրաքանչյուրն այն մեկնաբանի իր ուզածով: Ու ողջ Հանրապետությունն այդ վճռի մեկնաբանությամբ է զբաղված: Մի րոպե պատկերացնու՞մ եք՝ քննարկվում է բարձագույն դատարանի վճիռը…  Ավելին՝ բողոքող կողմը գոհ է Սահմանադրականի վճռից ու նույնիսկ շնորհակալություն է հայտնում մեծն սահմանադրագետին: Գոհ է նաև իշխանական թևը: Այնպիսի տպավորություն է, որ ասես երկու կողմն էլ հաղթել է, երկու կողմն էլ գոհ է: Ու այդ գոհության ֆոնի վրա անհասկանալի է դառնում Ազատության հրապարակում հավաքվելը: Ինչի՞. որ ասեն՝ Գագիկը վճիռը կայացրել, իշխանությունը չի՞ կատարում… Երկու կողմն էլ զբաղվա՞ծ են Գագիկ Հարությունյանի փիառո՞վ…



Եվ ահա այս ընդհանուր խաբեությունների ֆոնի վրա մի անկեղծ նամակ եմ ստանում՝ ՀՀ պատվարժան քաղաքացուց, ով պետական կառույցի աշխատող է. «Հասմիկ ջան, ես հասկացա, որ ոչ մի փոփոխություն էլ չկատարվեց, ինչպես նախորդ երկու ամիսներից պահեցին` առանց մեր կամքը հարցնելու, այնպես էլ այսուհետ կպահեն: Մեզ լրիվ հիմարի կարգավիճակում թողեցին երեկ Սահմանադրական դատարանի դատավորները` իրենց вокруг до около որոշմամբ, իսկ չորս խմբակցություններն այդքան միամիտ են, թե էս պահին իրենց ձեռ է տալիս միամիտ ձևանալը` չգիտեմ, արդեն ոչ մեկին չեմ հավատում, երբեմն նույնիսկ ինքս ինձ, կարող է մի օր էլ ինքս ինձ դավաճանեմ ու գնամ էս երկրից»:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ