Առնետավա՞զք, թե՞ մկների ժողով

Առնետավա՞զք, թե՞ մկների ժողով

Այս օրերին շատ է խոսվում առնետավազքի մասին, սակայն այն, ինչ երեկ կատարվում էր ԲՀԿ-ում, ավելի շատ «Մկների ժողովն» էր հիշեցնում՝ «Ալո, դու, Ալոն տանի՞, Բալո, դու, Բալոն կաղ է…»: ԲՀԿ գործարարները, որոնք ճամպրուկային տրամադրությունների մեջ են կառավարությանն անվստահություն հայտնելու քառյակի նախաձեռնության պատճառով, չեն ցանկանում խոսել այս թեմայով եւ հազար ու մի պատճառ են բերում:



 



Բանն այն է, որ ԲՀԿ մոտ 10 գործարար հրաժարվում է ստորագրել կառավարության անվստահությունը պահանջող ձեւաթղթի տակ, քանզի իշխանությունն արդեն իսկ նրանց հետ բացատրական աշխատանքներ է տարել: Ռուստամ Գասպարյանը, օրինակ, ասաց, թե ինքը հարսանիքի է, քավոր է. «Հիմա իմ կենացն են խմում, ես ո՞նց խոսեմ, ամոթ չի՞»: Արշակ Մխիթարյանը՝ Բրիլիանտի Արշակն ու Գրիգորի Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշն էլ, պարզվեց, «շատ կարեւոր» հանդիպումների մեջ են, եւ «հեչ հարմար չէ խոսելը»: Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, սովորության համաձայն, անծանոթ ձայն լսելուն պես ձեւացրեց, թե չի լսում, ու հետո դարձավ անհասանելի, իսկ Աբրահամ Մանուկյանն էլ, պարզվեց, ձայնը պարտքով տվել էր վարորդին, նրա ձայնով պատասխանած անձը վստահեցրեց, թե Մանուկյանը չէ: «Արդյո՞ք ԲՀԿ-ի բարիկադներն ուժի մեջ են» հարցին ի պատասխան՝ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ հարմար չէ խոսել, հանդիպման է:



 



  



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ



[email protected]