Սաֆարյանն ու Խուրշուդյանը, վարչության կազմից դուրս գալով, երիտասարդացրել են «Ժառանգություն» կուսակցությունը

Սաֆարյանն ու Խուրշուդյանը, վարչության կազմից դուրս գալով, երիտասարդացրել են «Ժառանգություն» կուսակցությունը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասուլիս տվեց ու պատասխանեց լրագրողների հարցերին։



 



Hraparak.am-ի հարցին, թե ինչու փակվեց կուսակցության գրասենյակն ու ինչով է պայմանավորված կուսակցության մի քանի առանցքային դեմքերի՝ վարչության կազմից դուրս գալը, Ր․ Հովհաննիսյանն ասաց․ «Ժառանգությունն ունեցավ համագումար, այդ համագումարի միջոցով եղավ վարչության կազմի ընդլայնում և երիտասարդացում․ նոր դեմքեր, նոր ղեկավարներ, և շատ բնական է, որ լինելու է հերթափոխ։ «Ժառանգությունն» այն կուսակցությունն է, որն ունի ներքին ժողովրդավարություն, մի քանի անգամ է, որ ես ինքս չեմ ծառայել որպես վարչության նախագահ կամ խորհրդարանական խմբակցության ղեկավար, և դա բնականոն է»։



 



Նա նշեց, որ համագումարի ժամանակ ինքը շնորհակալություն է հայտնել Ստեփան Սաֆարյանին և հատկապես Հովսեփ Խուրշուդյանին, ինչպես նաև Լուսինե Պետրոսյանին և Մարգարիտա Հակոբյանին, որոնցից յուրաքանչյուրն իր պատճառով որոշել է չշարունակել իր ճանապարհը որպես վարչության անդամ։



 



Գրասենյակի տեղափոխումն էլ, ըստ ՐաֆՖի Հովհաննիսյանի, պայմանավորված էր օպտիմալացման, ֆինանսական խնդիրների պատճառով, քանի որ, ինչպես խոստովանեց կուսակցության առաջնորդը, իրենք միշտ ունեցել են ֆինանսական խնդիրներ, քանի որ կախված չեն եղել ոչ մի կուսակցությունից կամ մեծահարուստից։ Գրասենյակն այժմ տեղափոխվել է Երզնկյան 75 հասցեում գտնվող ՌԱՀՀԿ գրասենյակի շենք։



 



 



Իսկ ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, թե ասում են՝ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցությունում խնդիրներ կան, հատկապես խիստ լարված են Ռուբիկ Հակոբյանի ու Զարուհի Փոստանջյանի հարաբերությունները, Հովհաննիսյանն ասաց, որ ինքը շատ կցանկանար, որ լրագրողները դուրս գան իրենց հարցերում «ասում են» նախաբանից։



 



«Ամեն մեկն ինչ-որ բան ասում է, և շատ դեպքերում այդ ասվածը ճշմարիտ չէ, արդեն 25 տարի է՝ Հայաստանում եմ, և կարող եմ ձեզ փաստարկել՝ իմ սեփական հետագծից ելնելով»,-ասաց նա։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ