Պատգամավորի տան համար առևտուր էր անում

Պատգամավորի տան համար առևտուր էր անում

Մտա բանջարանոցային մեր փոքրիկ կրպակը, իմանալու՝ հատուկենտ առևտուր անողները ինչ որակի առևտուր են անում: Երբ մի կերպ խցկվեցի կրպակ,   բադրիջանների կողքին աչքովս ընկավ չափով մեծ մի բադրիջան: Այն է, ուզում էի ձեռքս մեկնել՝ վերցնելու, երբ ձեն հանեց.



-էս ամեն մինը իմ բոյիս է, կտրած չես ծախու՞մ:



Վաճառող տղամարդը մուշտարու աչքով նայեց չորիկ ու սևուկ հաճախորդուհուն և բռնկվեց.



-Սրա ի՞նչը կիսեմ,- այնպես վիրավորվեց,- ասես իր հետ կապված մի բան էին առաջարկում:



Լավ է, որ մի ուրիշ առևտուր անող  մտավ.



-Սուրո ջան էդ բադրիջանդ խի՞ է տենց խոշոր:



Դե շունը կապիր, Սուրոյին բաց թող: Այնպես արժանապատվորեն բմբլահանեց տիկնոջը, որ չորիկ տիկինը մտավ մյուս կնոջ վիճակի մեջ ու ասաց.



-Կիսենք էլի, Սուրո ջան, ես ու էս տիկինը:



Սուրոն զինաթափվեց ու երկու տիկնոջ մեջ կիսեց բադրիջանը, հետո խեղճ- խեղճ ինձ նայելով, ասաց՝ այ սա է իմ հալը:  Չորիկ տիկինը կանգ առավ ծիրանի վրա, վերցնում ու դնում էր, վերցնում ու ասես փայփայում էր: Սուրոն էն գլխից ասաց.



-Ծիրանը չեմ կիսելու:



- Խի՞ որ, արձագանքեց մյուս տիկինը: - Պճղովի չի՞, հատով ծախիր էլի, գոնե համը տեսնենք:



Հենց այդ պահին թարմ խնձորի տեսքով մի կին մտավ: Սուրոն լավ ապրանքագետի նման ժպտաց՝ համեցե՜ք… Երկու տիկիները վիրավորվեցին.



-Թող մեր առևտուրն անենք, վերջացնենք, նոր հրավիրիր,- ասացին զայրացած:



Բայց Սուրոն այլևս ոչ մի խոսք չէր ընկալում, ոնց որ այդ երկու տիկինը նախորդ օրվա բանջարեղեն լինեին, վրեններն էլ չէր նայում: Խնձոր տիկինը գեղգեղաց.



-Սուր ջան, էրեգ ողջ գիշեր շեֆերս ֆուտբոլ են նայել: - Գործի չեն գնացել:- Էդ լավ-լավ մրգերից տուր, տանեմ, ուշքի գան:



Սուրոն միշտ պարծենում էր, որ մի լավ հաճախորդ ունի: Պատգամավո՜ր է,- ասում է խորհրդավոր: Նա էլ որ չլինի, չգիտեմ՝ ինչ էի անելու: Տան աշխատողը միշտ գալիս ու բոլ- բոլ առևտուր է անում: Այդ խնձոր տիկինը նրանց տան աշխատողն էր:



-Տա՜մ, բա չտա՜մ,-  երանությամբ արձագանքեց Սուրոն:



-Անաբու՜ռ,- ասացին բադրիջանը կիսած կանայք:



Արկղերի մեջ ինչքան խոշոր ծիրան, սալոր,  խնձոր ու այլ մրգեր կային,  Սուրոն պատգամավորի տան  համար առանձնացրեց: Արկղերը համարյա դատարկվեցին: Տնական ձու էլ կար, պատգամավորի տան աշխատողն ասաց.



-  Սուր ջան խոշոր ձվեքը տուր:



 Երբ պատգամավորի տան աշխատողը գնաց, մի ուրիշ հաճախորդ եկավ.



-Սուրո, էդ խի՞ են ձվեքդ մանր…



Երկու տիկինները վրա տվին.



-Մեծ ձվեքը պատգամավորն ու իր կինն են ուտում…



 



ՀԳ Անունը հարկ չեմ համարել նշել, որովհետև բոլորն էլ նույն կարգավիճակում են… ու նույն փորով են մտածում ժողովրդի մասին:



 



 



ՀԱՍՄԻԿ   ԲԱԲԱՋԱՆՅԱՆ