ԱՄՆ-ն «մաքրում» է Տիգրան Սարգսյանին

ԱՄՆ-ն «մաքրում» է Տիգրան Սարգսյանին

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Տիգրան Սարգսյանին, ինչից հետո, ըստ արարողակարգի, Սարգսյանը պաշտոնապես ստանձնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը: Այդ կապակցությամբ դիվանագիտական շրջանակներում խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ն բավական ուշագրավ ժեստ է արել Սարգսյանի նկատմամբ եւ նախագահի մակարդակով ընդունել է դեսպան նշանակվելուց ընդամենը երեք շաբաթ անց, այնինչ դրա համար սովորաբար ամիսներ են պահանջվում:



 



Ընդհանրապես, Տիգրան Սարգսյանին ԱՄՆ ղեկավարությունը մշտապես բավական դրական է վերաբերվել: Նրան ընդունել են եւ Ջորջ Բուշի ադմինիստրացիայի օրոք՝ Քոնդոլիզա Ռայսի եւ փոխնախագահ Դիք Չեյնիի մակարդակով, իսկ Օբամայի ադմինիստրացիայի օրոք՝ փոխնախագահ Ջո Բայդենի եւ նախագահ Օբամայի մակարդակով: Իհարկե, այստեղ կա նաեւ որոշակի անձնավորված մոտեցում, սակայն հայտնի է, որ ամերիկյան իսթեբլիշմենթը երբեք չի անում մի քայլ, որից ԱՄՆ-ն օգուտ չի քաղելու: Ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանին նման մակարդակով եւ բավական արագացված ընթացակարգերով ընդունելության արժանացնելն իր մեջ հստակ փաթեթավորված քաղաքական մեսիջներ ունի, որոնք էլ, իրենց հերթին, ունեն 3 հասցեատեր: Առաջին մեսիջն ուղղված է Ռուսաստանին: Բարաք Օբաման Տիգրան Սարգսյանի հետ առանձնազրույցը որպես հարմար առիթ է օգտագործում՝ «կծելու» Ռուսաստանին: Օբաման հանդիպման ընթացքում շեշտել է, որ Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի եւ շահերի վրա հիմնված հարաբերությունները, ինչպես նաեւ ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Այսինքն՝ Օբաման ակնարկում է, որ, ասենք, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ն Հայաստանի հետ շփվում է բացառապես փոխադարձ հարգանքի եւ շահերի հիման վրա, այլ ոչ թե պարտադրում է իր կարծիքը, ինչպես Ռուսաստանի դեպքում ընդունված է կարծել Հայաստանում:



 



Երկրորդ մեսիջն ուղղված է ՀՀ գործող իշխանություններին: Համաձայն հաղորդագրության, Օբաման, ողջունելով եւ շնորհավորելով Տիգրան Սարգսյանին, վստահություն է հայտնել, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ հարաբերությունների խորացման գործին: Ստացվում է, որ եթե Տիգրան Սարգսյանը չկարողացավ իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել Հայաստանի տնտեսության եւ ժողովրդավարության զարգացման համար, ապա դա Տիգրան Սարգսյանի մեղքով չէ, այլ, ասենք, Հայաստանում ձեւավորված օլիգարխիկ համակարգի, որի մասին ԱՄՆ տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են: Ավելին, այս քայլով ԱՄՆ-ն փաստացի փակում է ՀՀ-ում Տիգրան Սարգսյանի դեմ կազմակերպված ստորագրահավաքը, օֆշորային սկանդալը եւ այլ աղաղակող հակատիգրանսարգսյանական թեմաներ: Միաժամանակ Օբաման ակնարկում է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ԱՄՆ տնտեսական շահերը ստորադասվեն ՌԴ տնտեսական շահերին Հայաստանի տարածքում:   



 



Եվ, իհարկե, երրորդ մեսիջն ուղղված է ԱՄՆ հայ համայնքին: Շատ շուտով ԱՄՆ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, իսկ դեմոկրատների  վարկանիշը բավական ցածր է: Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո ԱՄՆ դեմոկրատներից ոչ բոլորն են առանձնապես գոհ Օբամայի վարած արտաքին քաղաքականությունից: Իհարկե, Դեմոկրատական կուսակցության առաջնորդներն ամեն ինչ անելու են, որպեսզի ԱՄՆ հայ համայնքը սատարի իրենց թեկնածուին, այդ թվում՝ ՀՀ դեսպանության լծակներն օտագործելով: Իսկ եթե հաշվի առնենք, որ դեմոկրատների հաջորդ թեկնածուն, հավանաբար, լինելու է Հիլարի Քլինթոնը, ապա պատկերն առավել ընկալելի է դառնում, եւ բավական է հիշել, թե ինչպես էր Քլինթոնը «չափչփում» երեւանյան փողոցները, փորձելով դուր գալ հայերին եւ ամերիկահայ համայնքին:



 



Գառնիկ ԳԱԼՍՏՅԱՆ