Սիրուն չի Տարոն…

Սիրուն չի Տարոն…

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համաքաղաքային շրջայցերը հիթ շքերթ է հիշեցնում: Թե որ բակում է ֆուտբոլի դաշտ հիմնել, որ բակում քանի զրուցարան տեղադրել, քանի ցայտաղբյուր շահագործել ու քանի ծաղիկ աճեցրել, մեկ առ մեկ տեղ են գտնում քաղաքապետարանի սպասարկու լրատվամիջոցներում: Վատ չէ, որ քաղաքում բարեկարգման ու կանաչապատման աշխատանքները եռում են, վատ չէ, որ լրատվամիջոցներն ապահովում են այդ աշխատանքների թափանցիկությունը, վատ չէ, որ քաղաքապետն անձամբ է կտրում կարգի բերված բակերի կարմիր ժապավենները: Ավելին՝ նույնիսկ վատ չէ, երբ քաղաքի ղեկավարին դիմավորող երեխաները, մի շնչով նրան ձոնված ոտանավորներ են արտասանում… Վատն այն է, որ այս ամենի մեջ առաջին պլան է մղվում ոչ թե ավելի լավ Երևան ունենալու գաղափարը և ավելի բարեկարգ պայմաններում հանգիստը վայելող երևանցու շահը, այլև՝ անձապաշտամունքը, սեփական եսի նշանակալիության բարձրացումն ու ամբիցիան:



Օրեր առաջ, Արաբկիր համայնքում կատարած շրջայցի շրջանակում, քաղաքապետն այցելել է նաև Ավ.Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի՝ Արաբկիրում գտնվող մասնաճյուղ: Մինչ մասնաճյուղի ղեկավարը կողքի սենյակում հարցազրույց է տվել լրագրողներին, Տարոն Մարգարյանը մի քանի րոպե գրադարանն «աչքի տակ է անցկացրել» առանց նրա: Իսկ րոպեներ անց, երբ մասնաճյուղի պատասխանատուն միացել է քաղաքապետի խմբին, Տարոն Մարգարյանը նրան մի կողմ է հրավիրել և ասել. «Ինչ է, ամեն օր քաղաքապետ եք ընդունում »:



Գրադարանի մասնաճյուղի տնօրինուհուն արված քաղաքապետի դիտողությունը ֆեյսբուքում լայն արձագանք չէր գտնի, եթե դեպքից մեկ-երկու ժամ անց վեր¨ից չհնչեր սառը ցնցուղի ազդեցություն ունեցող ճակատագրական զանգը: Զանգահարողը, մասնաճյուղի տնօրենին առաջարկել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից:



Ինչու…՞ Որովհետև պայմաններից զուրկ, անբարեկարգ ու անհրապույր գրադարանում, նվաստացնելու աստիճան ցածր աշխատավարձով 34 տարի աշխատող մարդն իր կամքից անկախ մեկ-երկու րոպե ուշ է միացել քաղաքապետին: Ոչ իր մեղքով չի՞ կարողացել դիմավորողների ու լայնածավալ ժպտացողների առաջին շարքերում լինել, չի՞ հասցրել տեսախցիկների առաջ երախտագիտության ջերմ խոսքեր ասել, հաճոյանալու փորձ չի՞ արել…



Լավ էլի…հարգելի Տարոն Մարգարյան, թողեք մարդիկ անկաշկանդ ապրեն ու աշխատեն: Թույլ տվեք, որ երևանցին ըստ արժանվույն գնահատի ձեր արածը, ձեր ամբիցիաներով տեռորի մի ենթարկեք ձեր ենթակայության հիմնարկների աշխատողներին: Կեղծիքների մի դրդեք նրանց, որպեսզի իրականը, ճշմարիտը, ճիշտը չսքողվի նրանց շինծու ժպիտների ու կաշկանդված պահվածքի տակ: Դա ոչ միայն երևանցու, այլև՝ ձեր իսկ շահերից է բխում:



Մեր տեղեկություններով՝ Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղի տնօրենը ազատման դիմում դեռ չի գրել: Իսկ, կգրի՞ թե ոչ՝ սա արդեն այլ հարց է: Ի վերջո՝ 34 տարի  մարդն աշխատել է…



 



Սերոբ Մարության