էդ բեդովլաթ արաղը որ օգտագործում ես, ծովը ծնկներից է թվում

էդ բեդովլաթ արաղը որ օգտագործում ես, ծովը ծնկներից է թվում

Երեկ, երբ կարդում էի, որ Չինարի գյուղում ոգևորված են ու քաշած արաղ են խմում, ուզում էի գրել՝ երեխե՜ք ջան, կամավորներ ջան, ձեզ արաղ պետք չի, որ ոգևորվեք, թող թուրքը արաղ լակի, որ անասնական վախը սրտիցը դուրս գա: Դուք ձեր հողն եք պահում, ձեր ընտանիքն եք պաշտպանում, որն այնպիսի արա՜ղ է, որ ոչ մի արաղի գրադուզ այդքան բարձր լինել չի կարող: Ուզում էի գրել, բայց մեկ էլ մտածեցի՝ մարդկանց ոգևորության վրա սառը ջուր չլցնեմ ու գրածս կիսատ թողեցի, մարդիկ չեն հասկանա ինձ:
Կարեն Պետրոսյանի գերի ընկնելուց հետո որոշեցի չբարձրաձայնած հարցս բարձրաձայնել: Կարենը, ինչպես համագյուղացիներից են վկայում, սթափ չի եղել: Իզուր չի ժողովուրդն ասում, էդ բեդովլաթ արաղը որ օգտագործում ես, ծովը ծնկներից է թվում: Հայ ու թուրքի սահմանն էլ վերանում: Թուրքը հիմա Կարենին ուզում է հավասարեցնել իր դիվերսանտների հետ ու էշով փայտ բեռնողին նույն հարթության վրա դնել: Կարենի խոշտանգումների նկարները հրապարակում է, որ հայկական կողմը տեսնի ու հասկանա, թե ինչ ասել է իր գերիներին դիվերսանտ անվանելը: Կարենը այսօր կրում է ադրբեջանական պարտության ցասման ողջ ցնցուղը: Բայց թուրքը մի բան է մոռանում: Այս իրավիճակում նման դեպքեր շատ են լինելու ու հաջորդը իր մի խաղաղ բնակիչը կարող է հայտնվել նման դրության մեջ: Եթե նրան թվում է, թե Հայը չի կարող, ի վիճակի չէ անելու այն, ինչ ինքն է դաժանաբար գործում, չարաչար սխալվում է: Երբ աչքիդ առաջ նման խոշտանգումների է ենթարկվում խաղաղ բնակիչը, անգամ քաղցր բիբարը այդ մռուության մեջ մռուանում է ու այնպես կծու է դառնում, որ ուտելուց աչքերդ դուրս են թռնում: Սա եմ ուզում հիշեցնել ադրբեջանցուն: Հայի աչքերն արյունոտվել են՝ տեսնելով, ինչպես եք ձեր ձեռքն ընկած հային խոշտանգում, երակների մեջ բենզին ներարկում, հաշմանդամ դարձնում, ու նա այլևս կարող է դուրս գալ իր բուն էությունից ու ձեզ հետ վարվի այնպես, ինչպես դուք եք վարվում նրա զավակների հետ… Անգութ ու դաժանաբար:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ