Սոչի. Պուտինի հովանու ներքո՝ Պուտինի համար

Սոչի. Պուտինի հովանու ներքո՝ Պուտինի համար

ԼՂՀ ներկա ստատուս քվոյի անընդունելիության մասին մնացել է որ խոսեն աֆրիկյան ցեղախմբերը: Մյուսներն արդեն արտահայտվել, վերջացրել են: Մասնավորապես բոլորին հայտնի է այդ հարցում ԱՄՆ տեսլականը՝ ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին, Լաչինի միջանցքի պատշաճ լայնության ապահովում անվտանգության նկատառումներով՝ Ղարաբաղի անհասկանալի ինքնավարության (ժամանակավոր) դիմաց: Այս մասին հայտարարել էր ՄԽ ամերիկացի համանախագահը:



Ժամանակին, նաև վերջերս, ԼՂՀ ստատուս քվոյի անընդունելության մասին հայտարարել էր նաև ՌԴ ԱԳ նախարարը, բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, չէր մանրամասնել Ռուսաստանի տեսլականն այս հարցում: Եվ հիմա մենք հաստատ չգիտենք, թե ԼՂՀ ստատուս քվոյի ո՞ր տարբերակն է հատկապես ընդունելի մեր «ռազմավարական գործընկերոջ» համար, որ շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Չի բացառվում, որ Լավրովը նկատի է ունեցել ավելի մեծ Ղարաբաղը՝ հյուսիսում ՌԴ-ի հետ սահմանակից, ինչով էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կլուծվի Հայաստանի հետ ցամաքային կապի հարցը: Սա քիչ հավանական, սակայն հնարավոր տարբերակ է այն դեպքում, իհարկե, եթե Ադրբեջանը չհամաձայնի մաս կազմել ԵՏՄ-ին:



Բայց եթե Ադրբեջանը վերջապես որոշի դառնալ ԵՏՄ անդամ, միևնույն է, դժվար թե ամերիկյան և ռուսական տեսլականները ԼՂՀ կարգավիճակի հարցում համադրվեն: Ազատագրված շրջանների վերադարձ Ադրբեջանին Ռուսաստանի համար նույնն է, ինչ Ղրիմի վերադարձը Ուկրաինային, կամ Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձը Վրաստանին: Վրաստանը և Ուկրաինան հասկացան, որ դա անհնար է այլևս և ստորագրեցին եվրաասոցացման համաձայնագրերը: Նույն երկընտրանքի առջև Ադրբեջանն է կանգնած՝ կամ առանց Ղարաբաղի նետվել Արևմուտքի գիրկը և կամ, իր կազմում ձևականորեն պահպանելով Ղարաբաղը (ինչպես դա եղել է ԽՍՀՄ գոյության տարիներին), մտնել ԵՏՄ՝ չիրականացված թողնելով բազմամիլիարդանոց ծրագրերը՝ կապված էներգակիրների՝ դեպի Արևմուտք արտահանման հետ:



Ինչ վերաբերում է ԼՂՀ ստատուս քվոյի հայաստանյան տեսլականին, ապա կարելի է ասել, որ այն էականորեն տարբեր է թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի և թե հատկապես Ադրբեջանի տեսլականից: Մեզ համար ԼՂՀ ներկա ստատուս քվոն ընդունելի է, և միակ խնդիրը, որ մնում է լուծելու, Ադրբեջանին խաղաղություն պարտադրելն է: Հայաստանը չի կորող վտանգել իր և Ղարաբաղի պաշտպանությունը ոչ հանուն ամերիկյան երևակայական միջանկյալ կարգավիճակների ոչ էլ հանուն ռուսական արկածախնդիր նկրտումների:



Իսկ ինչո՞ւ երեք նախագահները հավաքվեցին Սոչիում, այն էլ մոտեցումների այս տարբերության պայմաններում: Մեր համոզմամբ՝ Սոչիի հանդիպումը առաջին հերթին պետք էր Պուտինին: Նա շատ գեղեցիկ կերպով աշխարհին ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վրա ամենամեծ ազդեցությունն ինքն ունի և ոչ թե, ասենք՝ Օլանդը կամ ԱՄՆ-ը որ ամիսներ շարունակ խոսում էին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին, բայց չէին կարողանում կազմակերպել այդ հանդիպումը: Պուտինը, սակայն, ոչ միայն կազմակերպեց խնդրո առարկա հանդիպումը, այլև այդ երկու «կռվազաններին» միասին տարավ սամբոյի մրցումների և, որպես «մրցավար», նստեց նրանց արանքում՝ ընդգծելով, որ ինքն է այս հարցում «ասողը»:



Բնականաբար, նախագահներն այս առիթը կօգտագործեն որոշ հարցերի շուրջ բանակցելու նպատակով, բայց բոլորն էլ հասկանում են, որ իրենց մայրաքաղաքներում շարունակելու են խորհել բացառապես սեփական տեսլականների շուրջ՝ սպասելով Արևմուտքի պատասխան ձեռնարկներին:



Ի՞նչ կտա Սոչիի հանդիպումը Հայաստանին կամ Ղարաբաղին: Մեծ հաշվով՝ ոչինչ: Մենք ուրախ կլինենք, եթե նախագահ Սարգսյանը հասցնի ռեգլամենտից դուրս Ալիևին մի քանի լավ խոսք փոխանցել հայ գերու սպանության և մեր խաղաղ գյուղերի ռմբակոծության կապակցությամբ, ինչպես նաև հասկացնել, որ Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխության խաղաղ ճանապարհ, ինչի մասին խոսում են բոլոր միջնորդները, իրականում գոյություն չունի: Միակ ելքը պատերազմն է, և, եթե Ալիևը շատ է ուզում, ապա կստանա այդ պատերազմը՝ դեռ մի բան էլ ավելին:



Էդիկ Անդրեասյան