«Ռազբորկան» շարունակվում է.ԲՀԿ-ական պատգամավորը դիմում է իրավապահ մարմիններին

«Ռազբորկան»  շարունակվում է.ԲՀԿ-ական պատգամավորը դիմում է իրավապահ մարմիններին

ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի ու ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի միջեւ «ռազբորկաները» դեռ շարունակվում են: Հարաբերություններն այնքան են սրվել, որ ԲՀԿ-ական պատգամավորի ընտանիքն օրերս նորից դատական հայց է ներկայացրել Կապրիելյանի դեմ: Ավելին՝ Արագած Ախոյանը մեր միջոցով դիմում է իրավապահ մարմիններին, որպեսզի «պատռեն ամենազոր հրեշի՝ Հրաչ Կապրիելյանի դիմակը»: Դեռ 2008թ. այն ժամանակվա ոստիկանապետին է դիմել. «Մեզանից մեկն ու մեկը հանցագործ է, բացահայտեք եւ պատժեք:



 



Շատ բա՞ն եմ ուզում»: Հիշեցնենք, որ երբեմնի գործընկերներ Արագած Ախոյանի ու «Արցախբանկ»-ի խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, «Իտարգո» ընկերության 80 տոկոսի բաժնետեր ԱՄՆ քաղաքացի Հրաչ-Ներսես Կապրիելյանի միջեւ աղմկահարույց սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի, դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։ Դեռ 2002թ.-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած «Իտարգո քոնսթրաքշըն» ընկերության բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի ունեցած, նրա կնոջ անունով 20 տոկոս բաժնեմասը։ Ախոյան-Կապրիելյան՝ մոտ տասը տարի ձգված «մենամարտը», թվում էր, կթուլանար, քանի որ այս տարվա մայիսին վճռաբեկ դատարանը հօգուտ Ախոյանի վճիռ կայացրեց, եւ ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող 20 տոկոս բաժնեմասը չանցավ Կապրիելյանին:



 



Մոտ 20 օր առաջ պատգամավորի կինը փորձել է ընկերության գործունեության վերաբերյալ հաշվետվություն ստանալ, սակայն նրան կրկին մերժել են, եւ արդեն երրորդ տարին է՝ ընկերության 20 տոկոս բաժնետերը տեղյակ չէ ընկերության գործունեության մասին։ «Եվ քանի որ կաթվածահար է եղել մեր գործունեությունը, մենք նորից դիմել ենք դատական մարմիններին, որպեսզի պարտավորեցնեն այդ Կապրիելյանին՝ տրամադրել հաշվետվություն»,- օրերս ներկայացրած դատական հայցն այսպես ներկայացրեց Ախոյանը մեզ հետ զրույցում: Պատգամավորը վրդովված է. «Ինչպե՞ս կարելի է հանդուրժել Կապրիելյանի նման սրիկային»: Նա հորդորում է Հայաստանի պատկան մարմիններին լուրջ քննություն անցկացնել։ «Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ մեկը կարող է արտասահմանից գալ՝ զաժիգալկա, ծամոն բաժանել, բարերարի համբավ ձեռք բերել, հետո սկսել շանտաժով ազդել քաղաքացիների, հաճախ նաեւ Հայաստանի պաշտոնյաների վրա: Մի մարդ, ով Հայաստան եկավ ու հայտարարեց. «Աման, աս ի՞նչ է, բոլորը գող են», հետո ապացուցեց, որ հենց ինքն է գող, դա նաեւ ես եմ ապացուցել, որ նա պրոֆեսիոնալ խարդախ է ու քցող, ու նրա հայրենասիրությունը պայմանավորված է խարդախությունների փաթեթով»,- վրդովված ներկայացնում է ԲՀԿ-ական պատգամավորն ու զարմանում՝ ինչպե՞ս կարելի է նման մարդու այստեղ հանդուրժել. «Ինչքա՞ն կարելի է թույլ տալ հրաչկապրիելյաններին կեղծ հայրենասիրության քողի տակ հուսախաբ անել մեր երկրի քաղաքացիներին, գողացվածի մի քանի տոկոսը նվիրատվություն անելով՝ քողարկել իրական կերպարները: Այսօր էլ տեսնում եք ինչքան մարդ կա, որ «Արցախբանկ»-ի հետ խնդիր ունի, որը «բանկ» անվանելն ամոթ է, այն սովորական լոմբարդ է: Ո՞ւր մնաց իրենց ժամացույցների փոքրիկ գործարանը, որով իբր թե բարեգործություն էին անում, պարզապես ավարտվեց փողերի լվացման փուլը»:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ