Փաշինյանի անակնկալը

Փաշինյանի անակնկալը

Անցած մի քանի օրերին լուրեր տարածվեցին, որ Ազգային ժողովի իշխանական եւ ընդդիմադիր վեց խմբակցությունները պատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին արտոնություններ տալու առաջարկների փաթեթ ներկայացնել կառավարությանը: Նման համաձայնություն ձեռք է բերվել Տավուշի մարզ վերջին այցի ժամանակ: Վեց խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 16-ին էին մեկնել դիրքեր ու սահմանամերձ գյուղեր:



Բայց մինչ ոչ իշխանականներն զբաղված էին համատեղ այցն արդարացնելու գործով, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջ ընկավ: Ֆեյսբուքով երեկ տեղեկացրեց, որ դեռ նախօրեին շրջանառության մեջ է դրել «Սահմանապահ համայնքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Փաշինյանը պարզաբանել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման ներկայացուցիչները սահմանամերձ գյուղերի բնակիչներին նման նախագիծ ստեղծելու խոստում տվել են դեռ հուլիսի սկզբին Այգեպար, Մովսես գյուղեր կատարած այցի ժամանակ: «Այս ընթացքում հարցումներ եմ ուղարկել կառավարությանը՝ նախագծի ստեղծման համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Երեկ՝ արձակուրդից հետո ԱԺ առաջին աշխատանքային օրը, նախագիծը դրել եմ շրջանառության մեջ: Նախագիծը մշակել ենք «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամներով»,- ասել է Փաշինյանը: Նախագծով նախատեսվում է սահմանապահ գյուղերի բնակիչներին տրամադրել մի շարք արտոնություններ, որոնց թվում գազի, էլեկտրական էներգիայի, խմելու եւ ոռոգման ջրի ամսական վարձավճարի 50 տոկոսի փոխհատուցում, հողի հարկից եւ անշարժ գույքի գույքահարկից ազատում, համայնքի բնակիչների առողջապահական կարիքները հոգալու, ինչպես նաեւ երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու դոտացիաներ, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետեւանքով օթեւանից զրկված բնակիչներին բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում նույն համայնքի տարածքում համարժեք օթեւանով ապահովում եւ այլն: Որոշ տեղեկություններով, Փաշինյանի քայլը տհաճ անակնկալ է մատուցել իշխանական եւ ոչ իշխանական խորհրդարանականներին, շատերը երեկ ընդհատակ էին անցել, իսկ մյուսները, կոնկրետ ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ միայն ուրախ են, եւ կապ չունի, թե ով կներկայացնի սահմանապահ գյուղի բնակչի «հոգսը հոգացող» օրինագիծ. «Թող բոլոր լավ առաջարկները համատեղվեն, ես որեւէ խնդիր չեմ տեսնում»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, թե չգիտի ով ինչ է ներկայացրել, բայց իրենք պատրաստվում են մինչեւ օրվա վերջ կառավարությանն ուղարկել վեցի առաջարկների համատեղ փաթեթը:



 



Առաջարկների մասին Բաղդասարյանը գերադասեց հպանցիկ խոսել, ասաց, թե վերջին շտկումներն են արվում, այն կհրապարակվի, եւ ամեն ինչ պարզ կդառնա, այնուամենայնիվ, թվարկեց որոշ կետեր. «Առաջարկում ենք սահմանամերձ գյուղերի դպրոցներում դասագրքերն անվճար տալ, կոմունալ վճարների հետ կապված՝ արտոնություններ, ծնելիության հետ կապված՝ միանվագ նպաստի ավելացում եւ այլն: Կարեւոր խնդիրներից է, որ առաջարկում ենք հստակ սահմանել սահմանամերձ գյուղերը, այս հարցով արդեն դիմել ենք ՊՆ-ին, որպեսզի հստակեցվի «սահմանամերձ գոտի» հասկացողությունը: Մի խոսքով, ամբողջ փաթեթն այսօր երեկոյան կուղարկենք կառավարություն, որին, ըստ ամենայնի, կհետեւի կառավարության որոշում, չի բացառվում, որ հետագայում կլինեն նաեւ օրենսդրական նախաձեռնություններ»: Իսկ, օրինակ, հակառակորդի կողմից համայնքի բնակչի տան ավերածության պարագայում վեց ուժերը դեռեւս հստակ առաջարկ չունեն: «Դե, բնականաբար, պետք է հատուցվի. կապ չունի՝ օրենքով ենք հատուցում, թե ոչ»:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ