Հոպոպն անընդհատ նոր բնի փնտրտուքի մեջ է՝ մտածելով, որ բնից է գարշահոտությունը

Հոպոպն անընդհատ նոր բնի փնտրտուքի մեջ է՝ մտածելով, որ բնից է գարշահոտությունը

Վաղը կլրանա ուղիղ մեկ տարի այն օրվանից, երբ Սերժ Սարգսյանը եվրաինտեգրման ճանապարհին եռամյա «խաղերից» հետո անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը գնում է դեպի Եվրասիական ինտեգրացիա՝ Մաքսային միություն: Եվ դա բացատրվեց մեր անվտանգության նկատառումներով: Առավել ռուսամետները հայտարարեցին, որ լավ է լինել այդ միությունում առաջինը, քան եվրոպական շարքերում վերջինը, բայց մեկ տարի անց պարզվեց, որ Հայաստանը ոչ միայն «առաջիններից»՝ հիմնադիրներից չէ, այլեւ վիճարկվում է նրա անդամակցության հարցը՝ Ղարաբաղո՞վ, թե՞ առանց Ղարաբաղի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «մեծ» տարբերություն չի տեսնում՝ մենք ՄՄ հիմնադիրներից ենք, թե ոչ, նա համոզում է, որ «տեխնիկական խնդիրների» պատճառով է, որ Հայաստանը մինչ այսօր չի անդամագրվել. «Բայց ոչ մի խնդիր չկա, եւ մեր անվտանգության սպառնալիքի հետ կապված էլ խոսք լինել չի կարող, մենք, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին կանդամակցենք»: Թե ինչու չդարձանք ՄՄ հիմնադիր անդամ, եւ արդյոք ընդհանրապես արժե անդամակցել այդ միությանը, զրուցեցինք Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ:




- Պարոն Հովհաննիսյան, Դուք առաջիններից էիք, որ ողջունեցիք ՄՄ-ին անդամակցելու որոշումը եւ ասացիք, որ լավ է այստեղ լինենք առաջինը, քան այլ տեղ՝ վերջինը:




- Ես նման հայտարարություն արել եմ՝ ասելով, որ այդ միությանն իմաստ ունի միանալու, եթե մենք լինենք հիմնադիր՝ հավասար իրավունքներով: Նման բան նույնիսկ Խորհրդային Միության տարիներին չի եղել, երբ, ենթադրենք, Ղազախստանի, Ուզբեկստանի կամ որեւէ այլ հանրապետության Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը մեկնաբանի մեկ այլ հանրապետության հեռանկարները կամ գնահատականներ տա նրա դերի կամ տեղի կապակցությամբ: Նման իրավունք ոչ մեկը չի ունեցել: Այսինքն՝ մենք դեռ շատ կերազենք, որ սա դառնա Խորհրդային Միություն: Եթե այսպես շարունակվի, ԵՏՄ-ն կարող է դառնալ հիերարխիկ, շերտավորված կազմավորում, որտեղ բոլորը հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները: Գիտեք, եթե դու չես կարողանում քո շահերը պաշտպանել, ապա որտեղ էլ լինես, տանուլ ես տալու:




- Ներկա իրավիճակում, երբ մենք այլեւս զրկված ենք այդ միության հիմնադիրի կարգավիճակից, իմաստ ունի՞ անդամակցել:




- Այդ հարցերը տվեք նրանց, ովքեր զբաղված են եղել բանակցություններ վարելով: Այնտեղ կան անհայտ եւ չպարզաբանված հարցեր, որոնք կարող են պարզաբանել միայն պաշտոնատար անձինք:




- Ձեր կարծիքով, որո՞նք էին այն գլխավոր պատճառները, որոնք մեզ հետին շարքեր մղեցին:




- Ես ընդամենը կարող եմ ասել այն, որ ցանկացած գործում նրանք, ովքեր նախաձեռնողներն են, ունեն առավելություն: Մի բան է, եթե դու ստեղծում ես կազմակերպություն եւ մասնակցում այդ կազմակերպության հիմնարար փաստաթղթերի մշակման գործին եւ հնարավորություններ ունես քո բոլոր ակնկալիքներն արտացոլել այդ փաստաթղթում՝ իբրեւ հիմնադիր, մի այլ բան է, երբ դու մտնում ես արդեն ձեւավորված կազմակերպության մեջ:




- Այդուհանդերձ, նշեք մի քանի պատճառ, որոնք խոչընդոտ դարձան Հայաստանի՝ Եվրասիական միության կազմում հիմնադիր անդամի կարգավիճակ նվաճելու ճանապարհին:




- Դա շատ ծավալուն հարց է, եւ ես չեմ կարող պատասխանել, մեկ-երկու բառով հնարավոր չէ ասել, եւ երկրորդ՝ այս հարցն ուղղեք նրանց, ովքեր իրենց ձեռքի տակ ունեն լծակներ եւ պատասխանատվություն կրող գործող անձինք են:




- Այսինքն՝ մեղքը Հայաստանի իշխանությունների՞նն է, թե՞ այլ հանգամանքներ կան:




- Իհարկե, իշխանություններինն է: Նախեւառաջ հարկ եմ համարում հիշեցնել, որ Եվրասիական միության գաղափարը Պուտինն առաջ քաշեց դեռ 2010-2011թթ.: 2011թ. հոկտեմբերի 3-ին Պուտինը ծրագրային հոդվածով հանդես եկավ «Իզվեստիայում», դրանից հետո «Ռեգնումում» ես վերլուծական հոդվածով հանդես եկա, եւ հենց այդ ժամանակ պետք էր ամենայն լրջությամբ վերաբերվել սկիզբ առնող պրոցեսին, բայց մեր իշխանությունները ցուցաբերեցին անտարբեր, ես կասեի՝ քամահրական, անլուրջ վերաբերմունք եւ դրանից հետո 3 տարի շարունակ բանակցեցին Եվրամիության հետ ու մի քանի օրերի ընթացքում քաղաքական կուլբիտ կատարեցին՝ 180 աստիճանով շրջադարձ, բնականաբար, վատնելով ժամանակը: Այդ իսկ պատճառով արդյունքներն էլ եղան համապատասխան: Ես կարծում եմ, որ այստեղ էականն այն է, որ պետք է ունենալ ռազմավարություն, նա, ով փորձում է ռազմավարությունը փոխարինել մարտավարությամբ, այսինքն՝ մարտավարությունը չի կառուցում ռազմավարական մոտեցումների հիման վրա, հաջողության չի կարող հասնել:



Այսինքն՝ դու արդեն դառնում ես ոչ թե իրավիճակի տերը, այլ իրավիճակի թելադրանքով տեղաշարժվելու պարտադրված կողմ: Հայաստանի քաղաքացիական մի ստվար շերտ չի ընդունում Եվրասիական միությունը, եւ այն քննադատությունը, որ մեզանում ծավալվեց, այն մերժողական մոտեցումը, որը դրսեւորվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում, անշուշտ, Հայաստանի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ լուրջ փաստ էր առաջացրել: Վերջերս Նազարբաեւն ակնարկեց, որ իր երկրում չկա այդպիսի քննադատություն՝ հասկացնելով, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական միության մեջ «տրոյական ձի», որն իր պրոբլեմներով, հասարակության մեջ եղած դժգոհություններով կարող է ներսից պայթեցնել ԵՏՄ-ն: Այսինքն՝ եթե քո հասարակությանը չես կարողացել կամ ցանկացել համոզել, կամ ինչ-որ խաղի մեջ ես մտել, թե՝ տեսեք ես ինչ լավն եմ, որովհետեւ, չնայած իմ հասարակությունը դեմ է, բայց ես գնում եմ ադ ճանապարհով, անձամբ իմ դիրքերն ամրապնդեք, ինձ օժանդակեք, անձամբ ինձ, այ, այդ դեպքում գործընկերների մոտ առաջանում են կասկածներ, որ մենք կարող ենք գլխացավանք դառնալ: Ի վերջո, ժամանակակից քաղաքականության մեջ՝ նույնիսկ ավտորիտար երկրներում, հասարակության պատրաստակամությունը՝ գնալ տվյալ ճանապարհով, վճռորոշ նշանակություն ունի: Սեպտեմբերի 3-ի հանդիպմանը պետք է նախորդեին հասարակական լուրջ քննարկումներ, եւ ձեւավորվեր այնպիսի պատշաճ վերաբերմունք հիմնական դերակատարների, հասարակության, քաղաքականապես ակտիվ շերտի ներկայացուցիչների մոտ, որ այս ճանապարհը ճիշտ է: Համենայնդեպս, սեպտեմբերի 3-ի հայտարարությունն անակնկալ պետք է չլիներ։




- Բայց, չնյած Ղազախստանը հիմնադիր երկրների շարքում է, այդ երկրի նախագահը նախազգուշացարել է, որ Աստանան կարող է հրաժարվել ԵՏՄ-ին անդամակցելուց, եթե այն սպառնա իր երկրի անկախությանը:




- Ղազախստանը լրիվ ուրիշ խնդիրներ ունի, այլ մարտահրավերների է ստիպված դիմագրավել, Ղազախստանում կա մեծ թվով ռուս ազգաբնակչություն, այս երկիրը սահմանակից է Չինաստանի տարածքներին, որտեղ կա անջատողականության ֆենոմեն, եւ, մյուս կողմից՝ Չինաստանը շատ արդյունավետ վերահսկում է այդ տարածքները, միաժամանակ Չինաստանը լուրջ տնտեսական էքսպանսիայի ուղիներ է բացում իր համար Ղազախստանում, եւ վերջինն ստիպված է հաշվի նստել այն վտանգի հետ, որ ցանկացած պահի Ռուսաստանը եւ Չինաստանը կարող են պայմանավորվել, եւ Ղազախստան չի լինի ընդհանրապես: Իզուր չէ Պուտինի ակնարկը, որ Ղազախստան անունով պետություն չի էլ եղել, միայն Նազարբաեւի իմաստուն քաղաքականության շնորհիվ այդ պետությունը չեղած տեղից ստեղծվել է: Այդ իսկ պատճառով մեծ է հավանականությունը, որ որոշակի պայմաններում Չինաստանը եւ Ռուսաստանը Ղազախստանը կիսելու հարցում կարող են գալ ընդհանուր հայտարարի:




- Ինչեւէ, փաստ է, որ Հայաստանը դուրս մնաց հիմնադիրների շարքերից, եւ մենք այժմ «լսողի», «կատարողի» կարգավիճակում ենք լինելու, ճիշտ չի՞ լինի ընդհանրապես չանդամակցել:




- Հիմա պետք է սեփական երկրում կարգուկանոն հաստատելու միջոցով երկիրն ուժեղացնել, ոչ թե մտածել, որ ինչ-որ արտաքին ուժեր քեզ ուզում են թուլացնել:




- Եթե սեպտեմբերի 3-ին պարտադրանքի տակ որոշում կայացվեց, միության կազմում էլ պարտադրված պետք է կատարենք, չէ՞, ինչը կարող է սպառնալ Հայաստանին:




- Հոպոպն անընդհատ մտածում է, որ իր բնում հոտ կա, բունն անընդհատ փոխում է, անընդհատ նոր բնի փնտրտուքի մեջ է՝ մտածելով, որ բնից է այդ գարշահոտությունը գալիս: Հայաստանն էլ այս վիճակում է հայտնվել, սկզբում ուզում էր եվրաինտեգրման ճանապարհով գնալ, հետո իրեն թվաց, որ եթե գնա Եվրասիական ինտեգրման ճանապարհով, «գարշահոտությունը» կանցնի: Հոպոպը պետք է ձերբազատվի «գաղջ» մթնոլորտից, ինչպե՞ս կարելի է երկիրն ուժեղացնել, հզորացնել, եթե կապիտալի գերկենտրոնացումը հասել է գագաթնակետին: Այսինքն՝ փոքր Հայաստանում կա մի քանի ընտանիք, որոնք կարող են մրցակցել Ռուսաստանի ամենախոշոր օլիգարխների հետ: Դուք տեսեք Ղազախստանի զարգացումը, տնտեսական աճը, տնտեսության վիճակը:



Ղազախստանը զարգանում է բավական լավ տեմպերով, եւ դուք այս առումով համեմատության եզրեր չեք կարող գտնել: Նրանք ստիպված չեն անցյալը հակադրել ներկային եւ ապագային չեն նայում հոռետեսորեն: Նրանք իրենց մայրաքաղաքը տեղափոխեցին՝ գերակշռող ռուսական բնակչությամբ մարզում նոր մայրաքաղաք հիմնադրեցին, իսկ մենք այդ նույն տարիներին ամայացրինք մեր սահմանամերձ ավաններն ու գյուղերը, նրանք իրենց վերնախավին արեւշատ Ալմա Աթայից վերաբնակեցրին ցրտաշունչ Սենինոգրադ, իսկ մենք, հայտարարելով, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, բոլորիս վերաբնակեցրին Երեւանի Հյուսիսային պողոտա եւ դրա շրջակայք: Դրա համար էլ Նազարբաեւի ձայնն այսօր զիլ է հնչում բոլոր ատյաններում:




Լուսինե  ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]