Լիսկան օրեր առաջ հաթաթա ու «աչքալուսանք» է տվել

Լիսկան օրեր առաջ հաթաթա ու «աչքալուսանք» է տվել

Վահե Հակոբյանի անսպասելի հրաժարականի պատճառները Սյունիքի մարզպետի պաշտոնից երեկ ավելի քիչ էին հետաքրքրում մարդկանց, քան այն հարցը, թե ով է փոխարինելու նրան այդ պաշտոնում, որովհետեւ կասկածներ կան, որ ուզում են նորից վերադարձնել Սուրիկ Խաչատրյանին, որն այս պաշտոնին հրաժեշտ տվեց իր տան մոտ բոլորին հայտնի ողբերգական իրադարձություններից հետո՝ երբ Ավետիք Բուդաղյանն սպանվեց: Լիսկան նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան չէր հերքել, որ առաջիկայում կարող է պաշտոն ստանալ, իսկ երեկ ասել է, թե օրը կգա՝ բարին հետը: Տեղեկացանք նաեւ, որ օրեր առաջ էլ սպառնացել է մարզի մի քանի գյուղապետերի, որոնք լրագրողների մոտ «կիսվել» են, թե հազիվ պրծան Լիսկայից։ «Հեսա հետ եմ գալու՝ կաշիներդ քերթեմ»,- մոտավորապես նման հեռախոսազրույց էր ունեցել նա իր նախկին ենթականերից մի քանիսի հետ: Ընդհանրապես, Լիսկայի էպոխան նրա հրաժարականից հետո մարզում չէր էլ ավարտվել, նա ընդամենը Ավետիք Բուդաղյանի կյանքի եւ հասարակության բարձրացրած աղմուկի դիմաց ստիպված զիջել էր մարզպետի պաշտոնը, բայց՝ վերադառնալու ծրագրով: Չնայած նրա հետ կապված միայն տհաճ «հուշեր» կան՝ սկսած մարզում հաստատած կարգերից, վերջացրած գործարար Սիլվա Համբարձումյանին թալանելու եւ ապա ծեծի ենթարկելու փաստով: Եվ այս ողջ ընթացքում նա չէր դադարում փաստացի կառավարել մարզը ու հատկապես հարազատ Գորիսը: Մի առիթով «Հրապարակի» լրագրողին էլ ասել էր, որ ոչ թե «այլընտրանքային», այլ փաստացի ղեկավար է: Վերջին շրջանում էլ որտեղ նստում-վեր էր կենում, «աչքալուսանք» էր տալիս, որ իր համար «էսա» մի լավ գործ կճարեն: Ավելին՝ մենք տեղեկություն էինք ստացել, որ նա այնքան է խանգարել Վահե Հակոբյանին՝ մարզպետի պաշտոնում, եւ այնքան ակնհայտ է եղել նրա նկատմամբ «բարձր» իշխանության հովանավորությունը, որ երիտասարդ մարզպետն առաջարկել է դիմում գրել-գնալ, որ Լիսկան զբաղեցնի նախկին պաշտոնը: Առաջարկն այն ժամանակ չի ընդունվել, քանի որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ նեգատիվը շատ էր:




Իսկ երեկվա հրաժարականի մասին էլ, մեր տեղեկություններով, Վահե Հակոբյանն իմացել է մեկ օր առաջ՝ երեկոյան: Ու կրկին շրջանառվում է հռչակավոր Լիսկայի՝ Սյունիքի բռնապետի անունը: Ինչո՞վ է բացատրվում Հայաստանի էլիտար հանցագործների դասի այս անպատժելիությունը, արդյո՞ք միայն տոկոս «խփելու» եւ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակով: «Ոչ,- կարծում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն ու հիմնավորում։- Այս իշխանություններն ընտրական այնպիսի համակարգ են ձեւավորել, որ կապ չունի՝ ով կլինի մարզպետ կամ քաղաքապետ, որովհետեւ ընտրությունների տվյալները համակարգչային համակարգով, մինչեւ ԿԸՀ մտնելը, մշակվում, կարգի են բերվում համապատասխան վայրում, նոր մտնում: Այսինքն, դա բացարձակ էական հանգամանք չէ»: Մակեյանի կարծիքով, ընդամենը «ներիշխանական ռազբորկաների ու հարաբերությունների» հերթական ճշգրտումների հետ գործ ունենք, ով ավելի մտերիմ է իշխանություններին ու ավելի շատ փող ու ազդեցության ոլորտ ունի, նա էլ պետք է լինի պաշտոնի, թքած, թե այդ նշանակման մասին ինչ կարծիք կունենա հասարակությունը: Մակեյանն ընդհանրապես մեծ տարբերություն չի տեսնում Վահե Հակոբյանի եւ Սուրեն Խաչատրյանի միջեւ. «Ուղղակի այս իշխանության համակարգն է լիսկայատեսակ արտադրում. ինչքան երկար են մնում պաշտոնում, համակարգի մեջ, շատ ավելի են այդ կերպին նմանվում, քիչ են մնում՝ մի փոքր զիջում են»: Հիշեցնենք, որ դեռ անցած տարի՝ նախագահական ընտրություններից առաջ, Սյունիքի այն ժամանակ դեռ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ի պատասխան լրագրողի հարցին՝ «Սյունիքում քանի՞ տոկոս ձայն կհավաքի գործող նախագահը», պատասխանել էր. «…հիմա ես ի՞նչ ասեմ, ես հո չե՞մ կարող բախտ նայել ու ասել` 80 կամ 90 տոկոս»: Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը նույնպես այն կարծիքին է, որ նորից հետ են բերում «ավելի փողոտին, ավելի թափովին, ավելի իրենց հավատարիմ մարդուն»: Բայց կարծում է, որ Լիսկայի «անփոխարինելիությունը» հատկապես ընտրությունները պատվով հաղթահարելու մեջ է: Նա հիշեցնում է, որ քանի դեռ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդյունավետ կերպով նպաստում էր իշխանությունների վերարտադրությանը, կենտրոնական իշխանություններն աչք էին փակում Գյումրիում տիրող ամենաթողության եւ քաղաքապետի քրեական բարքերի վրա: Իսկ Վարդան Ղուկասյանից ազատվելու քաղաքական որոշում կայացվեց միայն այն բանից հետո, երբ «մեքենան» խափանվեց, եւ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ՀՀԿ-ն ջախջախիչ պարտություն կրեց։




ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը թեպետ երկմտում է՝ ճիշտ է, թե սխալ Լիսկայի հավանական վերադարձը, բայց, բնականաբար, կանգնում է հարազատ իշխանության թասիբին. «Գուցե հաշվի են առնում իր կատարած աշխատանքը, եթե մարդը մեղք չի գործել, ինչո՞ւ զրկել պաշտոնից»: Ո՞ր աշխատանքը նկատի ունեք՝ որ օրը ցերեկով իր տան առջեւ մարդու կյա՞նք խլեցին: «Ես չեմ կարող ասել… բայց նորմալ երեւույթ է, եթե մարդն անմեղ է»: Իսկ անմե՞ղ է։ «Ես դա չեմ կարող ասել, դա դատախազությունը պետք է բնութագրի»: Եթե Վրեժ Մարկոսյանը լիներ երկրի ղեկավարը, հասարակական աղմուկից եւ Լիսկայի հանցագործությունների մասին մամուլի հրապարակումներից հետո նորից պաշտոն կտա՞ր նրան։ «Եթե արդարացվել է ու մեղավոր չէ, այո, կգնայի, բայց երեւի դա դժգոհության տեղիք կտա հասարակության մեջ»: Ահա՝ անգամ իրենց թիմում այս քայլը չեն հասկանում:
Նշենք, որ այս պաշտոնում շրջանառվում է նաեւ ոչ պակաս քաղաքական աղմկոտ կենսագրություն ունեցող Արմեն Մովսիսյանի՝ էներգետիկայի նախկին նախարար, Սերժ Սարգսյանի ներկա խորհրդականի անունը:



 



ՀԳ. Ի դեպ, Լիսկային «մաքրելու» գործընթացն սկսվեց այն ժամանակ, երբ նրան դարձրին ԵԿՄ վարչության անդամ եւ սկսեցին էկրաններին ցուցադրել: Այնպես որ, այդ գործընթացի հիմքն իրականում գեներալ Մանվելն է դրել:




Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
[email protected]