Հայ-իտալական կրքեր՝ Օպերային թատրոնում

Հայ-իտալական կրքեր՝ Օպերային թատրոնում

Իտալացի դաշնակահար Անտոնիո Գոնսալեսի համերգը, որ նախատեսված էր փետրվարի 5-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ոչ միայն խափանվեց, այլեւ դաշնակահարն իր կյանքի մեծագույն սթրեսներից մեկն ապրեց: Երեկ կատարվածի մասին պատմեցին դաշնակահարի երեւանյան համերգի մենեջերներ, թատրոնի 19 տարվա ռեժիսոր Մարինա Սարգսյանը եւ նրա որդին՝ Դավիթ Խաչատրյանը: Վերջիններս նշեցին, որ դեռ մեկ տարի առաջ պայմանավորվածություն էին ձեռք բերել Գոնսալեսին Երեւան հրավիրելու վերաբերյալ, եւ արդեն Ֆիլհարմոնիկում համերգի օրն ու ժամը հայտնի էին, բայց մահացել է դաշնակահարի մայրը, եւ համերգը հետաձգվել է՝ այս անգամ օպերային թատրոնում անցկացնելու ծրագրով: Հրավերի առաջարկը շատ լավ է ընդունվել Օպերայի ղեկավարության կողմից, դաշնակահարի մասին ինֆորմացիան, նրա կատարումները մենեջերները ներկայացրել են տնօրինությանը եւ ստացել հավանություն նրան հրավիրելու համար:



Բայց նախատեսված համերգից 2 ժամ առաջ՝ մինչեւ հայ-իտալական կրքերի պայթյունը, իտալացի դաշնակահարի եւ օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի միջեւ, ով պետք է ղեկավարեր Գոնսալեսի համերգը, նորմալ բարեկամական հարաբերություններ են եղել, անգամ «բռավո»-ներով են փոխանակվել Կոնսերվատորիայում տեղի ունեցած փորձի ժամանակ, թեպետ մի ներքին ջիղով Անտոնիոն զգացել է եւ անգամ մենեջերների մոտ է արտահայտվել, թե ինչով է բացատրվում Դուրգարյանի կողմից իր հանդեպ այդպիսի ատելությունը: Բայց այդպես էլ մինչեւ վերջ չեն կարողացել հասկանալ՝ դա ստեղծագործակա՞ն, կազմակերպչակա՞ն, թե՞ մարդկային խնդիր է:



Փորձելով կենտրոնանալ իր համերգի վրա, առավոտյան փորձից հետո Անտոնիոն գնացել է հանգստանալու եւ արդեն համերգից մեկուկես ժամ առաջ՝ 5.30-ին, Գոնսալեսին մենեջերն ուղեկցել է թատրոն, որտեղ արդեն շիկացած մթնոլորտ էր: Մարինա Սարգսյանը պատմում է, որ թատրոնի դուռը բացելով՝ տեսել է Դուրգարյանին, ով գոռալով իրեն հարցրել է. «Ո՞ւր է էդ դաշնակահարը»: «Ասում եմ՝ այդ դաշնակահարը 5 րոպեից այստեղ կլինի, ասում է՝ ես քեզ տալիս եմ 10 րոպե ժամանակ, չեկավ, օրկեստրին ասում եմ՝ գնացեք: Հետո Անտոնիոն է մոտենում, ասում է՝ էս ի՞նչ վիճակ է, ասում եմ՝ գնանք դահլիճ»,-պատմում է Մարինա Սարգսյանը:



Թեպետ պայմանագրի մեջ երեկոյան փորձ նախատեսված չի եղել, բայց դաշնակահարը ենթարկվել է Դուրգարյանի հրահանգին եւ նվագել, որից 5 րոպե անց Դուրգարյանը հայտարարել է, որ համերգը չի կայանալու: Այդ ժամանակ մենեջերներն արդեն հիշում են իտալացի դաշնակահարին սփրթնած, կապտած վիճակում. «Նա պատմեց, որ Դուրգարյանն ամբողջ տեմպերը փոխում է, որից օրկեստրը նույնպես փոխում է իր տեմպերը… բայց ո՞նց եմ ես նվագելու, սա ի՞նչ տեմպեր է, սա կատաստրոֆա է, դա ասեց Անտոնիո Գոնսալեսը»:



Կատարվածից հետո սենյակում Դուրգարյանը պաշտոնապես հայտարարել է, որ համերգը հանում է, եւ Գոնսալեսը չի նվագելու՝ մատնանշելով Գոնսալեսի սթրեսից դողացող վիճակը, թե նա չի կարող նվագել, որից հետո դիմել է Անտոնիոյին ու բարեկամաբար ասել. «Ես արտիստ, դու արտիստ, նո պրոբլեմ, այդպես էլ է լինում»: Դեպքից քիչ անց հայտնվել է Գոնսալեսի մյուս մենեջեր Դավիթ Խաչատրյանը, ով, տեսնելով փրփուրը բերանին Անտոնիոյին եւ լացող Մարինա Սարգսյանին՝ մորը, նյարդայնացած բարձրաձայնել է, թե ով է այս մարդուն վիրավորել ու էս վիճակին հասցրել: Վերջինիս խոսքերին արձագանքել է եւ Դուրգարյանի թասիբին է կանգնել թատրոնի աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Շմավոն Գրիգորյանը՝ թե ինչո՞ւ ես գոռում, ինչից հետո տեղի է ունեցել քաշքշոց, բայց ոչ ծեծ. «Սա եղել է համերգը չեղյալ հայտարարելու հետեւանքով, ոչ թե, ինչպես ներկայացնում են, մեր ծեծկռտուքի պատճառով է համերգը հետաձգվել»: Կրքերն ավելորդ չթեժացնելու համար, ինչպես նշեց Գոնսալեսի մենեջերը, նրան ուղղակի «փախցրել են» թատրոնից:



Ինչ վերաբերում է տնօրինությանը, թե ինչ դերակատարում եւ լուծում է հարցին տվել տնօրենը, ապա. «Ամենաբարդ վիճակում այսօր գտնվում է թատրոնի տնօրենը, նրա կողմից արվել է ամեն ինչ՝ այս միջոցառման հետ կապված, բայց դա դեռ չի նշանակում, որ 1-2 հոգի կարող են պայքարել այդ ամբողջ բանակի դեմ, որ անընդհատ ուզում են քանդեն օպերային թատրոնը, հո փակ բաժնետիրական ընկերություն չի՞: Կարո՞ղ է ստրուկ են բոլորը»: Դավիթ Խաչատրյանի խոսքերը հաստատեց Մարինա Սարգսյանը. «Այո, բոլորը ստրուկն են Կարեն Դուրգարյանի եւ Հրաչյա Գրիգորյանի կաստայի»: Մենեջերները նշեցին, որ դաշնակահարն իր հաշվին էր եկել Հայաստան եւ ոչ մի ֆինանսական ակնկալիքներ չի ունեցել, ավելին՝ համերգից գոյացած գումարն էլ մնալու էր թատրոնին:



Այս պատմության մեջ, ըստ Մարինա Սարգսյանի, միակ խնդիրն այն է, որ օպերային թատրոնն ունի հիմնադրամ, որի տնօրենն է Շմավոն Գրիգորյանը. «Հրաչիկ Գրիգորյանների կաստան եւ Կարեն Դուրգարյանը, որոնք անում են պրոյեկտներ, պատճառը սա է, որ մենք էլ կարող ենք կազմակերպել բարձր մակարդակի ընդունելություն, անել կազմակերպչական փայլուն գործ, ինչպես իրենք չեն կարող»: Այլ կերպ ասած՝ թատրոնում չեն հանդուրժել այդ մրցակցությունը եւ երաժիշտներ բերելու մենաշնորհի անցումը թատրոնի ռեժիսորին եւ նրա որդուն: Տվյալ դեպքում իտալացի դաշնակահարը չլիներ, այլ լիներ գերմանացի մի ջութակահար, միեւնույն է՝ համերգը տապալվելու էր, քանի որ Մարինա Սարգսյանն ու Դավիթ Խաչատրյանն այս դեպքում դուրս են այդ ձեւավորված կաստայից:



Օպերայի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը հրաժարվեց խոսել՝ նշելով, որ ժողովի է եւ չի կարող պատասխանել: Կապվեցինք նաեւ Կարեն Դուրգարյանի հետ՝ իմանալու, թե որն է համերգը չեղյալ հայտարարելու պատճառը: «Օպերային թատրոնը հարգում է ինքն իրեն, օպերային թատրոնը հարգում է իր հանդիսատեսին, եւ դաշնակահարի ոչ պատրաստ լինելու պատճառով համերգը հանվեց, որովհետեւ մենք հարգում ենք մեր հանդիսատեսի ականջը»: Բայց չէ՞ որ մեկ օր առաջ լսել է դաշնակահարի փորձը: «Այո, փորձը շատ վատ էր, դրա համար դրեցինք 2-րդ փորձը, եթե առաջին փորձը լավ լիներ, նվագախմբին ինչո՞ւ լրացուցիչ անգամ պետք է հրավիրեինք փորձի՝ համերգից առաջ»,-նշեց նա, ապա հավելեց, որ շտապում է ժողովի:



Հետաքրքրվեցինք, թե ժողովից հետո պաշտոնական հայտարարություն, այդ դեպքի հետ կապված, լինելո՞ւ է, Դուրգարյանը նշեց, որ թատրոնը հայտարարություն չի անելու, իսկ ժողովը կապված է թատրոնի աշխատանքների պլանավորման հետ: Ինչ վերաբերում է հիմնադրամին, ապա նշեց. «Հիմնադրամը համերգների կազմակերպիչ չէ, այլ՝ աջակից»: Իսկ մինչեւ դաշնակահարին հյուրընկալելը չի՞ ծանոթացել արդյոք նրա գործերին, ապա. «Հրավիրող կողմը ես չեմ եղել, հետեւաբար, չեմ կարող մինչեւ փորձը գնահատական տալ»: Բայց չէ՞ որ տնօրինությանը ներկայացվել են դաշնակահարի գործերը: «Տնօրինությունն այլ բան է, երաժշտական բլոկը՝ այլ բան»: