Առճակատումը ճանապարհ չէ. ՀՅԴ

Առճակատումը ճանապարհ չէ. ՀՅԴ

ՀՀԿ Խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթի, ինչպես նաեւ այդ ելույթին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարություն-պատասխանի, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի Քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ:



Արմեն Ռուստամյանի պատասխանն՝ առանց խմբագրման՝ ստորեւ.



«Վերջին շրջանում ներքաղաքական լարվածությունն ակնհայտ աճում էր: Քաղաքական բնականոն բանավեճը սպառնում էր անցել անհանդուրժողականության, անձնական վիրավորանքների, հնարավոր առճակատումների խիստ վտանգավոր, երկրի ու ժողովրդի անվտանգությունը սասանող սահմանը:



Հայաստանի Հանրապետական և Բարգավաճ Հայաստան կուսակցությունների վերջին հայտարարությունները հաստատեցին մեր մտահոգությունները: Քաղաքական դաշտի կայացումը, քաղաքական գործընթացներում բացառապես քաղաքական ուժերի և քաղաքական մեխանիզմների դրսևորումը մշտապես կարևորվել է մեր կողմից: Բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, գործողություններում ու ծրագրերում երկրի, պետության շահի գերակայությունը սկզբունքներ են, որոնք, մեր համոզմամբ, պետք է պարտադիր լինեն մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում:



Համոզված ենք, որ սահմանադրական բարեփոխումներն են այն միջոցը, որը բոլորին կպարտադրի առաջնորդվել այս սկզբունքներով, Ազգային Ժողովը կդառնա լիարժեք քաղաքական մարմին, երկրում կձևավորվի նոր որակի իշխանություն, համապատասխան բարյահոգեբանական մթնոլորտ և քաղաքական գործունեության նպաստավոր դաշտ: Համոզված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը:



Ներքին ու արտաքին բարդ և վտանգավոր մարտահրավերների, սոցիալ-տնտեսական ծանր, սահմանային ամենօրյա լարվածության պայմաններում յուրաքանչյուրիս պատասխանատվությունը անհրաժեշտություն է առկա հիմնախնդիրները սթափ, փոխադարձ հանդուրժողականության, զուտ քաղաքական մեթոդներով և բացառապես քաղաքական հարթության մեջ լուծելու համար:



Այսօր, երբ մեր սահմաններին չեն դադարում հակառակորդի հարձակումները, երբ մենք ազգովի պատրաստվում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլորիցս պահանջվում է հանդես գալ ազգային միասնականության ապահովման դիրքերից:



Մենք համոզված ենք, որ առկա հակամարտությունն ու առճակատումը չի բխում մեր պետականության ու հասարակության շահերից: Մենք խոհեմության, սթափության և միասնականության կոչ ենք անում»: