Քաղաքական գործունեություն ծավալելու պայմաններ չկան

Քաղաքական գործունեություն ծավալելու պայմաններ չկան

Ամայացած ընդդիմադիր դաշտը վերստին լցնելու գործն ստանձնել է Հանրապետական կուսակցությունը՝ տարատեսակ «էստի համեցեք»-ներով: Թե դրանց ովքեր եւ ինչպես կարձագանքեն, կնշմարվի առաջիկայում: Ուշագրավն այն կուսակցությունների ու քաղաքական գործիչների պահվածքն է, որոնք ժամանակ առ ժամանակ ակտիվանում եւ մարում են: Արդյոք հիմա ամենանպաստավոր պահը չէ՞ աշխուժանալու: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով Արցախում իր համախոհների հետ աշնանը «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն հիմնադրեց ու պատրաստվում էր նույնանուն մեկն էլ ստեղծել Հայաստանում, մեզ հետ զրույցում ասաց, որ այս իշխանության պայմաններում հնարավոր չէ զբաղվել դասական քաղաքականությամբ:



Այս տարվա ընթացքում նախատեսվում է հիմնադրել կուսակցությունը, բայց գործընթացն արագացնելու անհրաժեշտություն չի տեսնում իշխանության բռնաճնշումների պատճառով, քանի որ նման մրցակցության պայմաններում քաղաքական գործունեությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման: «Գործընթացն ավելի արագացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ քաղաքական դաշտում դեռ պարզ չէ, թե ինչ քաղաքական պայմաններ են քաղաքական գործունեություն իրականացնելու համար: Հայաստանն այնպիսի իրավիճակում է գտնվում, որ կարող է դառնալ տոտալիտար ոստիկանական պետություն, կան ռեպրեսիաներ քաղաքական դաշտում, եւ մարդկանց համար դժվար է կողմնորոշվել: Այսօրվա Հայաստանում քաղաքական գործունեությունն այլ է:



Կա նաեւ մեծ հիասթափություն եղած ուժերից, բայց դա դեռ չի նշանակում, որ ժամանակն է հանդես գալու, չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա հրատապ հանդես գալու»: Այդուհանդերձ, Ղուկասյանը կարծում է, որ այս պահին Հայաստանում կան քաղաքական խմբեր, ուժեր, որոնք այսօր կարող են դաշտում ավելի ակտիվ լինել. «Արտախորհրդարանական ուժերն են՝ Հիմնադիր խորհրդարանը, Քաղաքացիական պայմանագիրը, «Հայազն» կուսակցությունը»: Բայց դարձյալ հիշեցնում է, որ քաղաքական գործունեություն ծավալելու համար պայմաններ չկան. «Հունվարի 31-ին Նախախորհրդարանի վրա հարձակումը, ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունները, գույքի վնասումը, բավականին կշռադատված դիրք զբաղեցնող ԲՀԿ-ի հանդեպ ռեպրեսիաները, որը որ երբեք իշխանափոխության ռադիկալ ծրագրերով հանդես չէր գալիս, բայց ենթարկվեց մեծ բռնաճնշումների: Սա նշանակում է, որ քաղաքականությամբ զբաղվելու համար այսօր պայմաններ չկան: Ունենք ռեժիմ, որն ի վիճակի չէ մրցակցել՝ առանց պետական լծակները քաղաքական օպոնենտների դեմ օգտագործելու:



Այս դեպքում մեծ հարց կա՝ արդյոք կա՞ տիրույթ, հնարավորություն դասական քաղաքական գործունեության համար, թե՞ Հայաստանում հասունանում է այլ՝ զինված պայքարի, զանգվածային անհնազանդության ձեւը. այս հարցերը դեռ հասկանալի չեն այսօր»: Այդ դեպքում ի՞նչ նպատակով են ստեղծվում քաղաքական կառույցները, եթե դրանք չպետք է գործեն ու նպաստեն քաղաքական դաշտում նոր որակների ձեւավորմանը: Նշենք, որ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը չի մասնակցի Արցախում մայիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին: Ադրյոք նրանց որոշման վրա ազդե՞լ են բերձորյան դեպքերը, որի ժամանակ լավագույնս դրսեւորվեց արցախյան ռեժիմի բիրտ ուժը: «Չէ, դա հանրության վրա է ազդել, հանրությունը կաշկանդվեց, ու քաղաքական գործընթացների վրա բացասական կարող է ազդել ազատ, անկաշկանդ գործելաոճի առումով:



Իրավիճակը շատ լուրջ է գնահատվում հանրության շրջանում, եթե ռեժիմը նման քայլերի է գնում, ժողովուրդը վախենում է, ինչի մասին եւ ռեժիմը միշտ խոսում է, թե թույլ չեն տա, քանի որ մտահոգ են, որ հանրությունը, դժգոհ լինելով ստեղծված իրավիճակից, կգնա ուրիշ ուժերի հետեւից: Ուստի ամենակոշտ եղանակներով կասեցնում են այդ գործունեությունը՝ ցույց տալով, որ ռեժիմն անպատիժ եղանակով կարող է բռնություն գործադրել ցանկացածի նկատմամբ»: