Պապիս պապը հնարավորություն ուներ այծ գնել, բայց ցանկություն չուներ...

Պապիս պապը հնարավորություն ուներ այծ գնել, բայց ցանկություն չուներ...

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մամուլից տեղյակ է (և դա շատ լավ է, որ տեղյակ է) Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական ծեծկռտուքի միջադեպին,  շատ մեծ ցանկություն ունի միանալու բողոքի գործընթացին, բայց, ահա, ըստ օրենքի՝ սեփական նախաձեռնությամբ գործին միջամտելու հնարավորություն չունի։



Հայտնի ֆիլմի հերոսը, նկարագրելով նման մի իրավիճակ, վերջում ասաց՝ ուրեմն խմենք այն բանի կենացը, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները միշտ համընկնեն:



Ի՞նչ ասել Կարեն Անդրեասյանին այս իրավիճակում: Նորմալ երկրներում, պարոն Անդրեասյան, երբ պաշտոնյան չի կարողանում իրականացնել իր աշխատանքի բնույթով պայմանավորված որևէ գործառույթ, գրասենյակի դուռը փակում է և գնում տուն: Ի՞նչ է նշանակում՝ գոնե մի զանգ, գոնե մի երկտող լիներ տուժողների կողմից, գոնե լրատվամիջոցները դիմեին ՄԻՊ գրասենյակին... Այսքան գրել, ասելը դիմել չէ՞: Եվ ապա՝ այդ ինչպե՞ս է, որ ոստիկանությունը մամուլի գրածով գործեր է հարուցում, հետաքննություններ է կազմակերպում, իսկ ՄԻՊ-ը չի կարող պատկան մարմիններից հետաքրքրվել, դռներ ծեեծել, ստուգել մամուլի հրապարակումը:



Նույն հաջողությամբ ես էլ ՄԻՊ կաշխատեմ, եթե, տանս նստած, մարդը դուռս թակի, թե հարևանս ինձ ծեծել է: Կգնամ, կմիջամտեմ, կասեմ՝ հաշտվեք, ամոթ է, հարևան եք:



Կարեն Անդրեասյանը հայտարարում է, որ խնդրո առարկա դեպքի մասին իրենց սեփական աղբյուրները լռում են: Սա նույնպես տարօրինակ բացատրություն է: Սեփական աղբյուրը կարող էր և չիմանալ, որ Գորիսի տվյալ տեղամասում կռիվ է լինելու ու չգնար կռիվը սեփական աչքերով տեսնելու: Սրանից, ի՞նչ է, ՄԻՊ-ը կարող է օգտվել և հրաժարվե՞լ միջամտելուց:



Մենք չէինք ցանկանա ակնարկել այս մասին, բայց ստիպված ենք: Գործը սովորականներից չէ, ՄԻ պաշտպանի դեմ էլ Արմեն Աշոտյանը չէ, որ սկսեն իրար նամակախեղդ անել: Այս դեպքում Սուրիկ Խաչատրյանն է՝ Գորիսի հզոր բդեշխը, որին մեկ հանում են գործից ու մեկ էլ հոպ, նշանակում նույն գործին: Նրա հետ լեզվակռիվը կարող է վատ վերջանալ, և ՄԻՊ գրասենյակի ղեկավարը դա լավ է հասկանում, այլապես այսօր Սուրիկ Խաչատրյանից մրսող գորիսեցիներից զանգ ու նամակ չէր սպասի, որ ցրցամ տա, թե որ կարի:



Միշտ այդպես է:



Հիշեցի: Պապիս պապը ասում էր՝ հնարավորություն ունեմ այծ գնել, բայց ցանկույթյուն չունեմ, ցանկություն ունեմ ձի գնել, բայց հնարավորություն չունեմ: Ուրեմն խմենք...