Առաջինը մարսվի՝ կանցնեն երկրորդին

Առաջինը մարսվի՝ կանցնեն երկրորդին

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները երեկ վերջին շտրիխներն էին անում հանրությանը ներկայացված բարեփոխումների փաթեթի առաջին բլոկի վրա: Քննարկման ներկայացված 7 գլուխներն առնչվում են նախագահին, կառավարությանը, ԱԺ-ին եւ դատական մարմիններին, ինչպես նաեւ պրեամբուլան: Ի դեպ, բարեփոխումների ԱԺ-ին վերաբերող գլուխը «զգլխել» են Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը, կառավարությանը` Դավիթ Հարությունյանը, դատական մարմիններինը` Գեւորգ Կոստանյանը, իսկ վաղը երեկոյան տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստում սահմանադրական փաթեթի առաջին մասը «կստանա» ծերակույտի «ադաբրյամսը», որից հետո էլ հոգնատանջ ՀՀԿ-ն կմեկնի դինջանալու: Ինչ վեաբերում է Սահմանադրության երկրորդ բլոկին, ըստ լավատեղյակների, իշխանությունը կփորձի հասկանալ` ինչպես է մարսվում առաջինը, որից հետո «պուսկ» կտան ավելի «նուրբ» մասը, որի առնչությամբ դեռ չկա վերջնական որոշում, եւ, կախված կուսակցությունների ու հանրության պահվածքից այն կամ կներառվի փաթեթի մեջ, կամ «ատբոյ» կտրվի: Խոսքն առնչվում է նոր Սահմանադրությամբ ներկայացուցիչների պալատի ընտրությանը ՏԻՄ մարմիններից եւ Սփյուռքի ներկայացուցիչներից: Այն մեկանգամյա մարմին է, «հավաքվում» է նախագահ ընտրելու համար, որպեսզի նախագահին տա բարձր լեգիտիմություն, որից հետո այլեւս անելիք չունի, ինչի առնչությամբ Սերժ Սարգսյանի մոտ մեկ ամիս առաջ կայացած հանդիպման ժամանակ կուսակցություններն առարկություններ էին հնչեցրել: