Կոչ՝ ուղղված լրատվամիջոցներին. մոդերացրե՛ք մեկնաբանությունները

Կոչ՝ ուղղված լրատվամիջոցներին. մոդերացրե՛ք մեկնաբանությունները

Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հայաստանում գործող մամուլի միջոցների գերակշիռ մասը տարբեր սոցիալական ցանցերում ու էլեկտրոնային հարթակներում (Facebook, Google+, Twitter, Youtube և այլն) ունի էջեր, որոնցում զետեղվում են լրատվամիջոցների արտադրած նյութերը՝ դրանք նաև հասարակության ավելի լայն շրջանակներին հասցնելու նպատակով: Լրատվամիջոցների մի մասը նաև սեփական կայքերում նյութերի ներքո օգտատերերին հնարավորություն է ընձեռում մեկնաբանություններ թողնել՝ օգտվելով կա՛մ որևէ սոցիալական ցանցի ընձեռած հնարավորությունից (պլագիններ), կա՛մ մեկնաբանությունների սեփական համակարգը ներդնելով:

Քիչ չեն դեպքերը, երբ ընթերցողները, սոցիալական ցանցերի օգտատերերը լրատվամիջոցների՝ սոցցանցերի պաշտոնական էջերում զետեղված նյութերի կամ լրատվամիջոցների կայքերում նյութերի ներքո թողնում են գրառումներ, որոնք կարելի է բնութագրել իբրև Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային մի շարք պայմանագրերի որոշ դրույթները խախտող: Մասնավորապես, նկատի ունենք որևէ անձի կամ խմբի հասցեին ատելության խոսք, վիրավորանք, զրպարտություն պարունակող մեկնաբանությունները:

Թեև սոցիալական ցանցերն ու նաև նյութերի ներքո մեկնաբանությունների ծրագրերը լրատվամիջոցների աշխատակիցնեին ու խմբագրակազմին հնարավորություն են ընձեռում կառավարել (մոդերացնել) մեկնաբանությունները, Հայաստանի օրենսդրությունն ու միջազգային պայմանագրերի մի շարք դրույթներ խախտող գրառումները ԶԼՄ-ների կողմից շատ հաճախ չեն մոդերացվում և չեն հեռացվում: Ավելին, որոշ ԶԼՄ-ներ պրովոկատիվ բնույթի գործողություններ են կատարում՝ նյութերի ներքո նմանատիպ մեկնաբանություններ ունենալու և նյութերի դիտելիությունն ավելացնելու նպատակով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2015-ի հունիսի 16-ին «Delfi AS v. Estonia» գործով կայացրել է նախադեպային որոշում, որի համաձայն՝ լրատվամիջոցները որոշակի պատասխանատվություն են կրում իրենց հրապարակած նյութերի ներքո ընթերցողների, օգտատերերի թողած մեկնաբանությունների համար և ըստ այդմ կարող են պատասխանատվության կանչվել:

Նկատի ունենալով վերոնշյալը՝ «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն հասարակական կազմակերպությունը հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցներին կոչ է անում այսուհետ միջոցներ ձեռնարկել՝ սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում ու կայքի նյութերի ներքո օգտատերերի, ընթերցողների՝ բացահայտ ատելություն, թշնամանք, զրպարտություն և իրավունքով արգելված այլ տարրեր պարունակող մեկնաբանությունները հեռացնելու ուղղությամբ, ինչպես նաև չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն նմանատիպ մեկնաբանությունների ի հայտ գալուն:

Նշենք, որ նմանատիպ մեկնաբանություններ են հայտնվում հատկապես այնպիսի նյութերի ներքո, որոնք վերաբերվում են կրոնական, ազգային, սեռական տարբեր խմբերին, այդ խմբերի ներկայացուցիչների իրավունքներին:



«Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն հ/կ