Ուրեմն «Զվարթնոցը» մեջ, համալիրը՝ հե՞չ

Ուրեմն «Զվարթնոցը» մեջ, համալիրը՝ հե՞չ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ձկան պես լուռ է Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի իրողության հետ կապված, բայց այլ խաղատների գործունեությունը նրա աչքից չի վրիպում։ Ինչպես եւ խոստացել էր օրեր առաջ մեզ հետ զրույցում, երեկ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված՝ խաղատան գովազդային վահանակի վերաբերյալ Ֆեյսբուքում ստատուս է գրել։ «Բարի եկաք Casinoland»» խորագրի ներքո Հայկ Դեմոյանը գրել է․ «Ի՞նչ են տեսնում եւ ի՞նչ տեղեկություն են ստանում Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնված զբոսաշրջիկները: Կատարյալ մի խայտառակություն: Օդանավակայանի սպասասրահը ողողված է տարբեր կազինոներ գովազդող մեծադիր վահանակներով ու էկրաններով: Դրանք ամենուր են, բոլոր անկյուններում: Ու պատկերացրեք, թե ինչպես են ժամանողների մոտ հօդս ցնդում Մատենադարանի, Խաչատրյանի, Գառնի-Գեղարդի ու առաջին քրիստոնյա երկրի մասին պատկերացումները: Առավել զավեշտական է, երբ կազինոների գովազդները մեկտեղված են ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առիթով զետեղված գովազդային վահանակների հետ: Անձնագրային ստուգում անցնելիս եւ Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս մեր երկիր այցելած հյուրերին ողջունող առաջին գովազդային մեծադիր վահանակը միայն ռուսերենով եւ անգլերենով գովազդում է… Դուբայի «Կեմպինսկի» հյուրանոցը: Այս պարագայում տեղին կլինի հյուրերի այն հարցը, թե արդյոք իրենց պատկերացրած հին մշակույթ ունեցող երկի՞րն են ժամանել»։ Հայկ Դեմոյանը, սակայն, ամենեւին մոռանում է, որ շուտով մեր երկրում մի ավելի մեծ խայտառակություն տեղի կունենա, քան Դուբայի խաղատան գովազդն է։ Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրի վաճառքի եւ «ընտանեկան կոմպլեքսի» վերածելու հետ կապված՝ Հայկ Դեմոյանից մեկնաբանություն էինք խնդրել, սակայն նա հրաժարվել էր պատասխանել, նշելով, որ իրեն այդ պահին ավելի շատ հուզում է օդանավակայանի սպասասրահի վիճակը։