Մի կողմից՝ չխկչխկան, մյուս կողմից՝ դխկդխկան

Մի կողմից՝ չխկչխկան, մյուս կողմից՝ դխկդխկան

«Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը մի քանի օր առաջ Նորքի «բանդայի» գործով ձերբակալված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին պաշտպանող հայտարարություն էր արել, ինչին արձագանքել էր ԱԱԾ-ն՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով։ Եվ սա երկրորդ դեպքն է, որ ԱԱԾ-ն իր բանուգործը թողած՝ քաղաքական հայտարարություններ է անում։ Նախորդը Զարուհի Փոստանջյանի մասին էր։



Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ այդ հայտարարությունը գրվել է նախագահականում կամ ՀՀԿ գրասենյակում։ Եվ զարմանում է, թե ինչպես է ստացվում, որ «բանդայի» գործով ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունենում, եւ համոզված է, որ «արտահոսքը կազմակերպված է նախագահի նստավայրից»։ Իսկ դա նշանակում է, որ այդ գործը ծառայեցվում է ներքին քաղաքական հարցեր լուծելուն։ «Որպեսզի երկրի ամբողջ հատուկ ծառայություններն զբաղված լինեն այդ «չխկչխկան-դխկդխկանով», ինչպես այսօր Հայաստանն է զբաղված, ամբողջ ուշադրությունը դարձնեն դրա վրա, իսկ դրա քողի ներքո իրականացվի լրիվ ուրիշ օպերացիա։ Սա ԱԱԾ-ի պրոֆեսիոնալները շատ լավ գիտեն... Ես գնահատել եմ այդ գործողությունները որպես երկրի դեմ կատարվող երկրորդ քայքայիչ գործողություն այս կարճ ժամանակահատվածում՝ սահմանադրական հանրաքվեից հետո»։



Այն հարցին, թե ինքը պաշտպանում է Վահան Շիրխանյանին, մտավախություն չունի՞, որ ԱԱԾ-ն մի օր էլ իր հետեւից կգա, Մանուչարյանն ուշագրավ պատասխան տվեց. «ԱԱԾ-ն իմ հետեւից կգա միայն Սերժ Սարգսյանի հետեւից գնալուց հետո։ Ուրեմն Աստված գիտի՝ ում հետեւից եւ երբ կգան եւ ինչ մեղադրանքով»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ