Ալիեւ-Պուտին-Սարգսյան եռակողմ սիրավեպ

Ալիեւ-Պուտին-Սարգսյան եռակողմ սիրավեպ

Մաս 1. Ողբերգական այլաբանություն



Ոչ քաղաքագետ եմ, ոչ որեւէ բան եմ հասկանում քաղաքականությունից եւ այն էլ՝ արտաքին: Բայց մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ-ում ոչ ոք էլ առանձնապես շատ բան չի հասկանում, նույնիսկ արտգործնախարարության գլխավոր պաշտոնակատարը, որի անուն-ազգանունը վերջերս չեմ հիշում:



Պուտինի հետ Սարգսյանի սիրավեպը՝ Կամասուտրայի տարբեր դիրքերով, ընթացքի մեջ է արդեն երկար տարիներ: Իսկ, առհասարակ, Ռուսաստան-Հայաստան սիրային մարաթոնն սկսվել է անհիշելի ժամանակներից. այդ լեգենդար սիրավեպն ավելի հին է, քան Ադրբեջանի Հանրապետությունը: Ցավալին այն է, որ հետսովետական շրջանում այս երեք երկրների իշխանությունները միմյանց հետ սեռական հարաբերությունների ժամանակ չեն «պաշտպանվում», որի հետեւանքով ամեն ժամ ծնվում ու բարգավաճում են ատելությունն ազգերի մակարդակով, սեռավարակները՝ հակահայկական-հակաադրբեջանական վայրենի ու արյունարբու պրոպագանդայի տեսքով, պատմական փաստերի աղավաղումները, տարբեր մասշտաբների տականքությունները: Է՛լ ավելի ցավալի է այն, որ Սարգսյանն այս սադոմազոխիստական պոռնոգրաֆիայում ստանձնել է օրինական կնոջ դերը, որին անընդհատ թվում է, թե ամուսինը սրտի խորքում իրեն է սիրում ու սիրուհու հետ կրքոտ գիշերներից հետո վերադառնալու է իր ծոցիկը: Իսկ, այ, ոսկյա զարդերից, բանկային հաշվեհամարից ու գեղեցիկ զգեստներից օգտվում է Ալիեւը՝ հիմարիկ շիկահեր սիրուհու դերում: Սարգսյանին հասնում են ուշադրության կռճոններ, մեկ-մեկ՝ հեռախոսազանգեր, է՛լ ավելի հազվադեպ՝ այցելություններ:



Ի՞նչ են անում 3 ժողովուրդները. ադապտացվում են, ճկվում պլաստիլինե մահճակալի նման, զոհեր տալիս, իսկ մահճակալը չի դիմանում իշխանության հաստ, հակահիգիենիկ, ամենակուլ եւ ամենամարս հետույքների ծանրությանը:
Ի՞նչ ավարտ կարող է ունենալ այս, մեղմ ասած, սիրային եռանկյունին: 2 սցենար է նախանշվում` 2 մակարդակով:



Մակարդակ 1` նախագահական: Սարգսյանը կարող է ապահարզան պահանջել Պուտինից պաշտոնապես, օրինական վկաներով ու անդառնալիորեն՝ հրաժարվելով անտեսված, տառապող, հայհոյանքներ ուտող, մշտապես կիսասոված կնոջ պաշտոնից, աշխատել իր ինքնագնահատականի վրա, փոխել իր կերպարն ու նորից ամուսնանալ: Կամ, ինչու ոչ՝ վեհորեն միայնակ մնալ՝ վայելելով ազատությունը:
Մակարդակ 2` ժողովրդական: 3 ժողովուրդները կարող են տնից դուրս շպրտել ներկայիս նախագահներին՝ որպես հարբեցող, թմրամոլ, ծեծող-ջարդող ու անբարոյական բնակիչների: Ամուր փակել դռները, անտեսել դրսից լսվող նրանց վնգստոցն ու հիմնովին վերանորոգել բնակարանները:



Մաս 2. Այլաբանական ողբերգություն



Սերժ Սարգսյանը նոր էր հայտարարել պաշտոնական տվյալները զոհերի ու վիրավորների թվերի մասին: Մարդ չեմ ճանաչում, որ հավատա այդ թվերին: Դրանց վաղուց արդեն ոչ ոք չի հավատում: Իսկ ինչո՞ւ հենց ուրբաթ օրն սկսվեց ողբերգությունը. որովհետեւ Մինսկի խումբը չի աշխատում ուիքենդին: Թեկուզ աշխարհը փլվի: Արցախի հարցը չլինի՝ ինչ ուզում է լինի: Բացի այդ, Մինսկի խումբը պնդում է, որ հարց չի լուծում, այլ պարզապես հետեւում է բանակցություններին: Իսկ դա թեւեր է տալիս Ադրբեջանին՝ ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով խախտել սահմանային խաղաղությունը: Իսկ հետսովետական երկրներում ամենակարեւոր ու վտանգավոր բաները տեղի են ունենում հենց ոչ աշխատանքային օրերին, որպեսզի Ռուսաստանին հարմար լինի անձամբ զբաղվել նմանատիպ հարցերով:



Ի՞նչ կարելի էր անել երեկ: Պետությունը կարող էր մոտ 15 տարի առաջվանից սկսած՝ չանել ավելորդ, հիմար ծախսեր, համաձայնել լուծել Ղարաբաղի հարցը, թեկուզ՝ ինչ-ինչ զիջումներով: Պետությունը պետք է այնքան զարգացրած լիներ տնտեսությունը, որ բազմաթիվ այլ պետությունների, բացի Ռուսաստանից, պիտանի լիներ՝ գրագետ, շահավետ շփումներով, առեւտրով, ներդրումների հոսքով: Դրա փոխարեն ի՞նչ ենք արել երկու տասնյակ տարում, ինչի՞ն ենք ուղղել մեր հոգեկան ու ֆինանսական ռեսուրսները, էներգիան. օրինակ՝ կառուցել ենք բազում եկեղեցիներ, սովորել ենք օնլայն ռեժիմով աղոթել համացանցում, ներդրել ենք կրոնական կրթություն դպրոցներում:
Ի՞նչ կարելի է անել վաղը: Դեռեւս պատերազմական գործողություններից բացի, ոչինչ հնարավոր չէ անել, ընդ որում՝ պաշտպանվելով: Լրացուցիչ հողերի ցանկություն պետք է որ չունենանք առհասարակ, քանզի յուրաքանչյուր քմ-ն մեծ զոհողություններ է պահանջում: Պետք է պահպանել այն, ինչ ունենք:



Իսկ այս մղձավանջն ավարտվելու ու խաղաղություն սկսվելու դեպքում մենք պիտի միանշանակ, անելանելիորեն փոխենք մեր պետական կառավարման սկզբունքները եւ այն էլ՝ չգրվածները: Երբ կա ուժեղ տնտեսություն, իսկ ազգաբնակչությունը հոգեպես առողջ ու լավ է զգում իրեն, դժվար է հարձակվել նման երկրի վրա: Այս երկու գործոնների համար պետք է փոխվեն չգրված օրենքները, այսինքն՝ պաշտոնը չպիտի համարվի հարստանալու ձեւ (մինչդեռ եւս 5 տարի հետո սա կլինի հարստանալու միակ ձեւը): Իշխանության համար հարմար դառնալը չպիտի լինի գործարարության առաջընթացի պայմաններից մեկը կամ միակ պայմանը: Որքան էլ տրիվիալ հնչի, դեմոկրատական, ազատ տնտեսությամբ երկիր է պետք, ընդ որում՝ շատ արագ, մի քանի տարում: Չի կարելի ձգել: Հակառակ դեպքում Սարգսյանը գլխի կընկնի, կկաշառի զագսատան աշխատակիցներին, որոնք կհրաժարվեն ամուսնալուծել մեզ Սարգսյանից:



Լյուսի ՔՈՉԱՐՅԱՆ