Հերոսի դուստրը հաստատապես որոշել է՝ շարունակելու է հոր գործը

Հերոսի դուստրը հաստատապես որոշել է՝ շարունակելու է հոր գործը

Այսօր Գյումրին հրաժեշտ տվեց հերթական հերոսներից մեկին՝ Ջաբրայիլում արիաբար կյանքը հայրենիքին նվիրաբերած փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին: Հերոսի հոգեհանգիստը տեղի ունեցավ երեկ, Գյումրու Ս. Նշան եկեղեցում, իսկ հուղարկավորությունն այսօր էր, գյումրեցիներն իրենց հերոսին ճանապարհ դրեցին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքից: Չնայած մամուլում շրջանառվող լուրերին, թե հերոսի թաղմանը ներկա են գտնվելու ՀՀ եւ ԼՂՀ նախագահները, այնուամենայնիվ, ներկա էին միայն քաղաքային եւ մարզային իշխանությունները, ներկա էր ողջ Գյումրին, փոխգնդապետի մարտական ընկերները:



Հավաքված կանանցից մեկը պատմեց, որ հարազատների խոսքերով՝ մարմինն այնքան խոշտանգված է եղել, որ գրեթե անճանաչելի է եղել: Ալեքսանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը, օրեր շարունակ որդուց լուր չունենալով, մեկնել էր Արցախ, հույսը մեծ էր, որ որդուն կենդանի է տեսնելու, բայց ավա՜ղ….



Ալեքսանի ծառայակից ընկերը՝ Էդիկ Հակոբյանը, հերոսից մի հուշ է գրել. «Երբեք չեմ մոռանա, 2012-ի հունվարին դիրքերում էինք, աշխատավարձի մեծ մասը տուն ուղարկեց, որ մայրը սխտոր ուղարկեր դիրքեր: Բաժանելուց հետո ամեն ժամը մեկ զանգում էր ու մենակ իրեն հատուկ հումորով ու վճռականությամբ ամեն մի դիրքի ավագին պարտադրում էր, որ անձնակազմին սխտոր տա, որ անձրևին գրիպ չընկնեն, որ գիշերը լավ պոստ պահեն, տուն հասնեն, ու հասան, բոլորը հասան, ինքը՝ մնաց…»:



Ալեքսանի՝ գյումրեցուն հատուկ հումորի մասին պատմում էին նաև ուսուցիչները՝ ընդգծելով, որ հումորը՝ հումոր, բայց այնքան իմաստ կար դրանցում, հենց այնպես ոչինչ չէր ասում…



Տան ավագ որդին էր 34– ամյա Ալեքսան Առաքելյանը: Հիմա նրա երկու անչափահաս երեխաները պիտի հպարտանան իրենց հոր անմահ սխրանքով: Ընտանիքի մտերիմն ասաց, թե Ալեքսանի 9-ամյա դուստրը հաստատապես որոշել է՝ զինվորական է դառնալու, շարունակելու է հոր գործը, ասում է փոքրիկ աղջնակն անդադար դա է ասում:



Հիշեցնենք, որ փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի մարմինը հայկական կողմին հանձնվեց ապրիլի 13-ին, նա այն 18 փոխանակվածներր թվում էր, որոնք համարվում էին անհետ կորած: Ալեքսան Առաքելյանը ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո շուրջ տասը տարի է ծառայում էր ազգային բանակում: ԼՂՀ մեկնել էր ընտանիքի՝ կնոջ եւ երեխաների հետ: Ասում են՝ սիրում էր Արցախը, որոշել էր հաստատվել այնտեղ:



Արևիկ Հակոբյան, Գյումրի