Արցախի ճանաչումը՝ դամոկլյան սուր Ադրբեջանի գլխին

Արցախի ճանաչումը՝ դամոկլյան սուր Ադրբեջանի գլխին

Այսօր կառավարության նիստում կքննարկվի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագիծը՝ Արցախի ճանաչման վերաբերյալ։ Նշենք, որ այս նախագիծը քանիցս դրվել է քննարկման, սակայն ՀՀԿ-ն մերժել է։ Այսօր իրենք՝ ՀՀԿ-ականները, մասնավորապես նրանց ղեկավար Սերժ Սարգսյանն է արդեն խոսում ԼՂՀ ճանաչման հավանականության մասին։ Թեպետ քիչ է հավանականությունը, որ կառավարությունը դրական եզրակացություն կտա ընդդիմադիրների այս նախագծին։
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ ասաց․ «Ես գտնում եմ, որ հիմա դեռ ժամանակը չէ, որովհետեւ մենք հիմա դրանով որեւէ կերպ չենք լավացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակը թե պաշտպանվածության, թե դիվանագիտության դաշտում։ Դրա համար կարծում եմ, որ դեռ դրան ժամանակ կա։ Դա պետք է լինի մեր վերջին փամփուշտը։ Այն հիմա կիրառելու հիմքը չեմ տեսնում»։



Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Մինսկի խումբը լուծարվի, մենք ամեն ինչ անում ենք, որ չլուծարվի։ «Հիմա եթե ճանաչենք այսօր, այդ բոլոր տեսակի բանակցություններն ավարտվում են։ Այսինքն, եթե դու ճանաչել ես, էլ ի՞նչն ես քննարկում։ Արդյունքում հնարավոր է, որ միջազգային հանրությունը էն եղած սիմպատիան էլ մեր հանդեպ կորցնի, եւ լայնամասշտաբ պատերազմ կսկսվի։ Այսինքն՝ դա պետք է պահել դամոկլյան սրի նման Ադրբեջանի գլխին կախված, ոչ թե հիմա բռնել ու կիրառել»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ