Էլի նու՞յնը, Շուշան... ինքա՜ն կարելի է ցավացնել...

Էլի նու՞յնը, Շուշան... ինքա՜ն կարելի է ցավացնել...


Կարծեմ, ինչքան հիշում եմ, անցյալ տարի էլ Շուշանն ուզում էր, որ «Եվրատեսիլ»-ում ադրբեջանցիները հաղթեն: Ահա թե ինչպես է պատճառաբանում.



«Կցանկանամ, որ հաղթի Ադրբեջանը, որպեսզի ծախսի տակ ընկնի: Նախորդ անգամ նրանք 20 միլիոն եվրո են նախատեսել այդ մրցույթն իրենց երկրում անցկացնելու համար, թող հիմա էլ մեծ գումարներ ծախսեն, քանի որ նրանց գումարները մեր դեմ օգտագործվող նույն զենքն են: Թող նրանք զբաղված լինեն «Եվրատեսիլ»-ով, մենք էլ ավելի ամրանանք ու իրենց հերն էլ անիծենք»:



Նման բան անգամ չի կարող մտածել խուլ գյուղում ապրող տատիկը: Երեկ Բռնակոթ գյուղից ծեր կնոջ հետ էի զրուցում, ասում էր՝ մեր ամեն մի հաղթանակից հետո ավելի եմ ուժովանում:



Հաղթանակը սերմի պես բան է. Մանրիկ սերմը հողն ես գցում ու ծլում, թուփ է դառնում: Ու ամեն մի փոքրիկ հաղթանակ, ամեն մի թուփ, ծաղիկ անտառ, ծաղկաստան է դառնում: Այնպես որ Շուշանին կխնդրեի, որ հաջորդ տարին էլ նույնը չկրկնի:



Ինչ վերաբերում է ծախս անելուն, ասեմ, որ նույն կերպ մենք կարող ենք մտածել տարածքների մասին: Մեր պատմական տարածքները չվերցնենք, թող թուրքի ձեռքին մնա, որ հետո թուրքը ծախս անի, շենացնի, իսկ մենք ամրանանք ու իրենց հերն անիծենք:



Շուշանի մի արտահայտությունն էլ չեմ հասկանում, կուզեի որ բացատրեր.



«Խնդիրը նրանում է, որ եթե Ուկրաինայի ներկայացուցիչը կարող է երգի միջոցով բարձրացնել իր երկրի խնդիրն այն դեպքում, երբ անցյալ տարի այս մրցույթում արգելեցին ու ստիպեցին մեր «Genealogy» խմբին փոխել երգի բառերը, ուրեմն անպատկառությանը պետք է պատասխանել անպատկառությամբ»/ Life.panorama.am/:



Այսինքն Ուկրաինայի երգչի պատասխան քայլը, երգի բառերը  անպատկառությու՞ն էր կամ նույնը չի՞ վերաբերվում նաև մեր Իվետային: Դրոշ բարձրացնելով՝ նա անպատկառությանը անպատկառությա՞մբ կպատասխանի...



Անպատկառությու՞ն է, երբ ժողովրդավար երկրում Արցախի դրո՞շն է բարձրացվում...



...Կարծում եմ սխալ եմ հասկացել Շուշանին: Չարիքի փոքրագույնը: Ավելի լավ է իմ ուղեղը սահմանափակ մտածողության խնդիր ունենա...



Հասմիկ Բաբաջանյան