Ղարաբաղյան կարգավորման դինամիկան. հնարավորություն եվ ռիսկեր

Ղարաբաղյան կարգավորման դինամիկան. հնարավորություն եվ ռիսկեր

Ոչ հրապարակային գնահատականներում նույնիսկ հայ վերլուծաբաններն են ընդունում, որ Ադրբեջանի ագրեսիան առնվազն երեք խնդիր լուծել է: Առաջինը. փոխվել է շփման գծի կոնֆիգուրացիան: Մանավանդ հյուսիսում դա շոշափելի է: Երկրորդ. միջազգայնացվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: Երրորդ. միջնորդների առաջարկած հայեցակարգի արդյունավետությունը դրվել է կասկածի տակ:



Ամենատարբեր բաց աղբյուրներից ունեցած ինֆորմացիայի վերլուծությունը բերում է հետեւյալ եզրակացության. 2011թ. Կազանի հանդիպմանը փաստաթուղթ չի ստորագրվել, որովհետեւ Ալիեւը չի համաձայնել, որ ֆիքսվի ԼՂ ստատուսի հարցով ռեֆերենդումի ժամկետը: Ավելին՝ նա պնդել է, որ հայկական զորքերը մի փուլով դուրս բերվեն Աղդամից, Ֆիզուլիից, Ջեբրայիլից, Զանգելանից, Կուբաթլուից, Քելբաջարից եւ Լաչինի շրջանի 13 գյուղերից: Ներկա փուլում երկու տարբերակ կա: Առաջին. ընդունել Ռուսաստանի մոդերատորությամբ բանակցություններ վերսկսելու առաջարկությունը: Հայաստանը չի համաձայնում ոչ թե հայտնի նախապայմանները կատարված տեսնելու, այլ, այսպես կոչված, Կազանի փաստաթուղթը նախկին տեսքով բանակցությունների սեղանին ունենալու սպասումով:



Տպավորություն է, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել, որ փաստաթղթից հանվի ԼՂ ստատուսը ռեֆերենդումով որոշելու կետը: Փոխարենը դրվում է ԼՂ «միջանկյալ ստատուս»-ի գաղափարը: Իրազեկ աղբյուրների տեղեկությունների ամփոփումը բերում է նրան, որ «միջանկյալ ստատուս»-ը լեգիտիմացնում է ԼՂ իշխանության երեք՝ օրենսդիր, գործադիր եւ դատական թեւերը, ոստիկանությունը, ազգային գվարդիան: Մյուս հարցերում հստակություն չկա, բացի այն, որ միջազգային կազմակերպությունները, ամենից առաջ՝ ԵԱՀԿ-ն, ճանաչում են ԼՂ իշխանությունների օրինականությունը:



«Միջանկյալ ստատուս»-ի թերությունը նրանում է, որ ենթադրվում է տեղահանված ադրբեջանցիների վերադարձ: Երկրորդ ծուղակը նա է, որ ԼՂ բնակչությանը տրվում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու արտոնություն: Սա արտագաղթի քողարկված խրախուսում է: Ռուսական առաջարկությունը ենթադրում է Բաքու-Ստեփանակերտ եւ Բաքու-Երեւան, Երեւան-Ստեփանակերտ բանակցություններ՝ ԼՂ վերջնական ստատուսի հարցով: Որքան տեւեն այդ բանակցությունները, եւ ստատուսը որոշելուց հետո էլ ռեգիոնում պետք է մնան խաղաղապահ ուժեր: Ենթադրաբար՝ ռուսական: Այս պրոյեկտը չի աջակցում ԱՄՆ-ն: Իրանի մոտեցումներում նկատվում են պրոադրբեջանական նյուանսներ: ԱՄՆ-ն բացահայտ չի տորպեդահարում, բայց հաշվարկն այն բանի վրա է, որ Հայաստանը եւ ԼՂ-ն դա չեն ընդունի: Դրա համար Վաշինգտոնից գեներացնում են շփման գծում ռեժիմը վերահսկելու մեխանիզմներ ներդնելու եւ ստաբիլ իրավիճակ ստեղծելու գաղափարը: Ադրբեջանը դրան չի համաձայնելու, բայց պրոպագանդիստական կլիշե է ստեղծվում, որ ԱՄՆ-ն կողմ է ստատուս-քվոյի պահպանմանը, իսկ Ռուսաստանը փորձում է այն փոխել: ԱՄՆ-ն շարունակում է Ռուսաստանի մեկուսացումը:



Իսկ եթե ԼՂ հարցում աշխատի ռուսական պրոյեկտը, ապա Մերձավոր Արեւելքում Մոսկվայի դիրքերը հզորանում են: Պրակտիկորեն Իրանը կարող է համաձայնել ռեգիոնում ռուսական զինված ուժերի ներկայությանը, եթե դրա ալտերնատիվը ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացումն է: Չընդունելով ռուսական պրոյեկտը, մենք ունենում ենք ստատուս-քվոն երկարաձգելու հնարավորություն: Ներքաղաքական իմաստով իշխանությունը կունենա վստահության ռեսուրս: Բայց դա չափազանց ռիսկային որոշում է, որովհետեւ. ա) վտանգվում են ռուս-հայկական հարաբերությունները, բ) ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանին վերջնականապես թուլացնելուց հետո ԱՄՆ-ն շարունակելու է պնդել, որ ստատուս-քվոն պահպանվի կամ ԼՂ-ն ինքնորոշվի, գ) բացառված չէ, որ ռուս-հայկական հարաբերությունների ռադիկալ վատթարացման հողի վրա կտրուկ բարելավվեն ռուս-թուրքական հարաբերությունները, դ) հնարավոր է, որ այդ դեպքում Ադրբեջանը դառնա ԵԱՏԿ եւ ՀԱՊԿ անդամ՝ այստեղից բխող հետեւանքներով: Ի՞նչ է տեղի ունենում, եթե ընդունում ենք ռուսական պրոյեկտը:



Ռուսաստանն ամրապնդվում է Կովկաս-Մերձավոր Արեւելք-Կենտրոնական Ասիա հիպերռեգիոնում: Էականորեն բարդանում են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: Փոխարենը Ադրբեջանի համար բացվում է Իրանի հետ սերտ համագործակցության հնարավորություն: Ադրբեջանի հայտնվելը Ռուսաստանի ազդեցության գոտում հիմնովին վերափոխում է Վրաստան-Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները: Ընտրության ռիսկը մեծ չէ, որովհետեւ, այսպես թե այնպես, ԼՂ շուրջ տարածքների հարցում մենք դաշնակիցներ չունենք: Ամերիկյան պրոպագանդան սպեկուլյատիվ է: Սկզբունքային վտանգը. Ադրբեջանը կարող է դավել: Մեծ է ԼՂ ժողովրդի մեջ հուսալքվածության եւ արտագաղթի վտանգը: Պատերազմի գործոնը. ռուսական եւ մյուս պրոյեկտները չեն հանում պատերազմի վերսկսման վտանգը: Այն միշտ կա: Եզրահանգում. լուծման հավանականությունը եւ ֆորս-մաժորը գրեթե ադեկվատ են: Որեւէ որոշում ընդունելու համար հարկ է քաղաքական եւ հանրային դիսկուրս սկսել:



Անի ԱՌԱՔԵԼՅԱՆ