Թե ինչպես հայաստանցին 3 տարում դարձավ սոցիալապես պաշտպանված

Թե ինչպես հայաստանցին 3 տարում դարձավ սոցիալապես պաշտպանված

Հայաստանի կառավարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում, պարզվում է, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել: Համենայնդեպս, «պետք է արվի» բաժնում այդպես է: Մի քանի կետով ցույց տանք, թե իրականությունը որքանով է տարբերվում գրածից:



Մինչեւ 2017 թվականը կառավարությունը պետք է.



1. Իրականացներ միջազգային պայմանագրերով նախատեսված` նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմների հետեւողական ներդրում եւ կիրառման ապահովում:



Հայաստանում նվազագույն աշխատավարձը, ըստ պաշտոնական խոստումների, պետք է 2017 թվականին լիներ 90 հազար դրամ: Այդպես էր խոստացել ՀՀ նախագահը 3 տարի առաջ: Սոցապնախարարն էլ նշել էր 70 հազար դրամ թիվը: Ընդ որում` 2016թ. պետք է լիներ 62 հազար 500 դրամ: Օրերս՝ ապրիլի 28-ի նիստին, կառավարությունը բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր 2016 թվականի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65 հազար դրամ՝ գործող 55 հազար դրամի փոխարեն: Կառավարությունն ասաց, որ թեեւ հեռանկարային զարգացման ռազմավարությամբ, ռազմավարական ու այլ ծրագրերով պետք է բարձրանար, բայց տնտեսական հիմնական ցուցանիշները ցածր են, լրացուցիչ 13 մլրդ. դրամ չունենք:



2. Պետական նպաստների համակարգի օպտիմալացում եւ համապատասխանեցում միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջներին՝ ապահովելով նպաստների չափի աստիճանական բարձրացում՝ բնակչության առաջնային եկամուտների (կենսաթոշակ եւ աշխատավարձ) առաջանցիկ աճի պայմանով: 2015թ. նպաստ է ստացել 105 հազար ընտանիք: Նպաստի միջին չափը կազմել է 30 հազար 350 դրամ: Ավելորդ է ասելը, որ այս գումարը նպաստում է միայն անձի գոյությունը քարշ տալուն:



Օպտիմալացումը նշանակում է, որ պետք է նպաստ ստացողների թիվը կրճատվեր աշխատանք փնտրող անձանց աշխատանքով ապահովելու հաշվին: Արդյունքում, աշխատանքով ապահովումը եթե կա, ապա չնչին տեմպերով, փոքր նպաստների չափը շարունակում է չբարձրանալ: Սրան էլ գումարվեց օրերս արված հետազոտությունը, համաձայն որի՝ նպաստների համակարգից դուրս է մնացել ծայրահեղ աղքատների 56 տոկոսը, իսկ նպաստ ստացողների 43.8 տոկոսը սոցիալապես ապահով է:



Ինչ վերաբերում է «առաջանցիկ աճ» ասվածին, ապա պետք է նպաստների, աշխատավարձի ու թոշակների աճը լիներ ավելին, քան գնաճն է: Բայց տեսնում ենք, որ գնաճ կա, նշված վճարումները մնում են նույնը:



3. Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային ծառայությունների մատչելիության ապահովման ծրագրերի խթանում: Երեւանում կան մի քանի ավտոբուսներ, որոնք ապահովված են հաշմանդամություն ունեցողների համար հարմարանքներով: Կրկնում ենք՝ մի քանի ավտոբուսներ: Դրանցից է 5 համարի երթուղին: Որպեսզի հաշմանդամի սայլակով անձը բարձրանա ավտոբուս, մի փոքր ժամանակ է պահանջվում: Վարորդներն այդ ժամանակը չունեն՝ պետք է հետ չընկնեն գրաֆիկից, «թշնամի» ավտոբուսից, որն ուղեւորներին հավաքելով կգնա, քանի դեռ ինքը հաշմանդամ ունեցողի է օգնում եւ այլն: Օրերս հանդիպեցի, թե ինչպես Մաշտոցի պողոտայում 3 հոգի օգնեցին սայլակավորին տեղավորվել ավտոբուսի մեջ, ավտոկայանում էլ երկու այլ անձինք օգնեցին իջնել, չնայած որ ավտոբուսն ապահովված էր հարմարանքով:



4. Շարունակական ծրագրեր՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ: Կենսաթոշակների շարունակական աճ, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի լիարժեք գործարկում, աղքատության գծից բարձր կենսաթոշակ` կենսաթոշակի իրավունք ձեռք բերած յուրաքանչյուր անձի համար եւ աշխատանքային կորցրած եկամուտների նկատմամբ համապատասխան փոխհատուցում ապահովող կենսաթոշակ` աշխատող անձանց համար:



Ասել եւ կրկնում ենք, եւ գաղտնիք էլ չէ, որ կենսաթոշակառուները եւ ընդհանրապես թոշակառուների մեծագույն մասն աղքատից էլ աղքատ է: Կենսաթոշակառուները ձգտում են աշխատել, ապահով ծերության մասին մոռանալ: Ինչո՞ւ հիշեն, որ իրենք ունեն իրավունքներ, պետության նկատմամբ պահանջներ, թող հանգիստ ապրեն: 2015թ. թոշակառուների, այսինքն՝ 65 տարեկան եւ բարձր անձանց թիվը կազմում էր 323 հազար 100 մարդ:



5. Արցախյան պատերազմի ազատամարտիկների խնդիրների վերհանման եւ լուծման ծրագրեր, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքներ:
Ամիսներ շարունակ Ազատության հրապարակում նստացույց, հացադուլ ու բողոքի զանազան ցույցեր արեցին ազատամարտիկները՝ պահանջելով սոցիալական պայմանների բարելավում: Եղան բազմաթիվ բախումներ, մանր ծեծկռտուքներ եւ այլն, բայց իրականում որեւէ խնդիր չլուծվեց: Գեներալ պատգամավորներն ասում էին՝ ինչի՞ եք տրտնջում, չենք հասկանում, երկրապահի մասին օրենք ունենք: Ազատամարտիկները, ըստ որոշ տեսակետների, պետք է չտրտնջան, անգամ եթե երեխաները սոված են:



2013թ. ՀՀ այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պաշտպանության նախարարությունը զոհված ազատամարտիկների բնակարանի կարիք ունեցող ընտանիքների հաշվառում է կատարել եւ խմբերով առանձնացրել, սակայն ծրագիրը դանդաղել է, քանի որ շինարարությանը հատկացվող գումարները նվազել են: Սկզբնապես նախատեսվել էր ամեն տարի շինարարության համար հատկացնել 3 միլիարդ դրամ, սակայն բյուջետային ճշտումներից եւ կրճատումներից հետո այդ գումարը նվազել էր մինչեւ 500 միլիոն դրամի:



Կան այլ դրույթներ եւս, որոնց անդրադառնալիս պետք է շարունակենք փաստումը, որ կառավարության ծրագիրը գրոշի արժեք չունի: Դրանցից են՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովումը, սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված անձանց կացարանի խնդրի լուծման նպատակով սոցիալական բնակարանային ֆոնդի հետեւողական ձեւավորումը, կացարանի եւ այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հասցեական ծրագրերի իրականացումը, միայնակ տարեցների կյանքի որակի բարելավումը, արժանապատիվ կենսապայմանների ապահովումը եւ այլն:



Վարչապետ Աբրահամյանը կառավարությանը հանձնարարեց 2016թ. գերակա խնդիր դիտարկել սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացումը՝ բարեփոխումների հիմքում դնելով արդարության եւ անառաչության ապահովման սկզբունքը: Չենք ասի, թե ոչինչ չի արվել, բայց նաեւ տեսնում ենք, թե ինչ է արվել, ու ինչ արդյունք կա:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ