Բաքու- Վիեննա՝ Ստամբուլ տրանզիտով

Բաքու- Վիեննա՝ Ստամբուլ տրանզիտով

Հայաստանի նախագահի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 16-ին Սերժ Սարգսյանը մեկնում է Վիեննա: Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման նախաձեռնությամբ մայիսի 12-ին հանդես էին եկել ԵԱՀԿ ՄԽ համանագահները: Մայիսի 16-ին Վիեննա կմեկնեն նաեւ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները:



Ադրբեջանական կողմը Վիեննայի հանդիպմանն Ալիեւի մասնակցությունը հաստատող պաշտոնական տեղեկություն դեռեւս չի տարածել: Virtualaz.org-ը, մինչդեռ, հղելով պակիստանյան լրատվամիջոցներին, հաղորդում է, որ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահից վերջինիս դստեր հարսանյաց հանդեսի մասնակցության հրավեր է ստացել:



Էրդողանի դստեր պսակադրությունը տեղի կունենա այսօր՝ Ստամբուլում: Հրավեր ստացել են նաեւ Պակիստանի վարչապետը եւ Քաթարի Էմիրը: Եվրոպական որեւէ երկրից առաջնորդներ հրավիրված չեն: Էրդողանի դուստրն ամուսնանում է «Թուրքիայում հայտնի գործարարի որդի Սելջուկ Բայրաքդարի հետ, որը անօդաչու թռչող սարքերի նախագծման բնագավառի մասնագետ է»: (http://virtualaz.org/bugun/70108)



Վիեննայի հանդիպման նախօրյակին Էրդողանի դստեր պսակադրությունը եթե պատահականություն էլ համարենք, միեւնույն է՝ չափազանց ընդգծված է Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային նախորդած եւ հաջորդող ժամանակահատվածում թուրք-ադրբեջանական ամենաբարձր մակարդակի շփումների հաճախականությունը: Ալիեւը Թուրքիա է այցելել մարտի 15-ին, ապա՝ ապրիլի կեսերին:



Իսկ այսօր, ահա, Վիեննայի հանդիպումից առաջ վերստին Անկարայի հետ «ժամացույց ճշտելու» կարիք է զգացվել: Ընդ որում՝ Պակիստանի վարչապետի մասնակցությամբ, երկիր, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, իսկ 1991-94-ի պատերազմի տարիներին համակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին եւ շարունակում է մնալ Ալիեւի ռեժիմի ամենամոլի ջատագովներից մեկը:



Անշուշտ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում կայանալիք հանդիպումից առաջ Ալիեւը դաշնակիցների խորհուրդների կարիքն ունի: Ալիեւին ի՞նչ են հուշելու Թուրքիայի նախագահը եւ Պակիստանի վարչապետը: Ուշագրավ է, որ հանդիսությանը հրավիրվել է նաեւ պակիստանյան Փենջաբի նահանգապետը…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ