Զոհված փոխգնդապետի ընտանիքն իր երազած բնակարանում է

Զոհված փոխգնդապետի ընտանիքն իր երազած բնակարանում է

Ամիսներ առաջ քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքին «ՍՈՍ ԳՅՈՒՄՐԻ» բարեգործական նախաձեռնությունը բնակարան նվիրեց, սակայն Ալեքսանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը, բնակարանից հրաժարվեց՝ ներկայացնելով իր պատճառները: Ինչպես անդրադարձել էինք, հայրը վիրավորված էր կառավարությունից անտարբեր վերաբերմունքի համար, իսկ պատգամավոր Արման Սահակյանի գնած բնակարանը ամենևին էլ Ալիկի երազած չէր: 



Տեղեկացանք, որ ընդամենը օրեր առաջ «Գազպրոմ Արմենիա» ընկերություը հերոսի ընտանիքին բնակարան է նվիրել, որը ընտանիքը ընդունել է սիրով: Ավելին՝ Ալեքսանի կինն ու երեխաները արդեն բնակվում են նոր բնակարանում: «Գազպրոմ Արմենիա» ընկերության Շիրակի մասնաճյուղի աշխատակիցներից մեկի խոսքերով՝ բնակարանի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 50հզր դոլար: Մեր տեղեկություններով` ընտանիքին բնակարան գնելու նախաձեռնությունը պատկանում է ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին, այնուամենայնիվ ցանկացանք, որոշ մանրամասներ ճշտել, սակայն «Գազպրոմ Արմենիա» -ից հաղորդեցին, թե տնօրենն այս պահին արձակուրդում է եւ մանրամասներ հաղորդել չի կարող:



Իսկ ահա հերոս փոխգնդապետի հարազատների խոսքերով, ընտանիքը չէր կարող հրաժարվել այս բնակարանից էլ, քանի որ այն հարմար է՝ մոտ Ալեքսանի հայրական տանը, ամբողջությամբ կահավորված եւ վերանորոգված է: «Գևորգը ճիշտ էրեց, որ նախորդից հրաժարվեց, ճիշտ է՝ ըսիգ էլ պետությունը չտվեց, բայց գոնե մարդիկ արժանի գնահատեցին, Ալիկն էդպես հարմար, լավ տուն կուզեր»,-ասաց ընտանիքի բարեկամը:
Ուրախալի է, որ հերոսի ընտանիքն այլևս հարմարավետ ու լավ պայմաններում է, բայց ցավալի, որ այդ երազած տունը միայն իր մահից հետո է:



Արևիկ Հակոբյան, Գյումրի