Ահա թե ինչ է Ալիեւի ականջին ասել Լավրովը

Ահա թե ինչ է Ալիեւի ականջին ասել Լավրովը

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դեռ չէր հասցրել ուղեւորվել «Հեյդար Ալիեւ» օդանավակայան՝ վերադառնալու Մոսկվա, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ հրաժարվում է մասնակցել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին: (http://haqqin.az/news/75096)



Դրանք կանցկացվեն հուլիսի 18-ից սկսած՝ Նիկոլաեւսկի եւ Օդեսայի մարզերում եւ Սեւ ծովի հյուսիս-արեւմտյան հատվածում: Զորավարժությունների թեման «ճգնաժամային տարածաշրջանում անվտանգության բազմազգ ռազմագործողությունն է»: Հասկանալի է, թե խոսքն ինչի մասին է: Ուկրաինայում չեն դադարում մտահոգված մնալ, որ Ռուսաստանը կփորձի «հիբրիդային պատերազմ սկսել» նաեւ այլ մարզերում:



Ֆորմալ առումով Ադրբեջանը եւ Ուկրաինան համագործակցության նույն կազմակերպության՝ ՎՈՒԱՄ-ի անդամ են եւ ունեն փոխադարձ պարտավորություններ, այդ թվում՝ անվտանգության հարցերում: Ուկրաինան նաեւ Ադրբեջանի զենքի մատակարար երկիր է: Վերջապես հուլիսի 14-ին սպասվում է Ուկրաինայի նախագահի այցը Բաքու:
Այդ կապակցությամբ Կիեւից հնչած մեկնաբանություններում հույս էին հայտնել, որ Պորոշենկոն եւ Ալիեւը «երկրորդ շնչառություն կտան ՎՈՒԱՄ-ին»: Ըստ երեւույթին, այդ հարցը դարձել է Ալիեւ-Լավրով քննարկումների թեմա, եւ Ռուսաստանի արտգործնախարարը խստորեն զգուշացրել է: Մոսկվայի «ապտակը» գործել է ուղղակիորեն:



Եւ այժմ արտառոց կլինի, եթե Ուկրաինայի նախագահը չեղյալ չհայտարարի այցը Բաքու: Ի՞նչ հարցեր կարող է նա քննարկել Ալիեւի հետ, եթե վերջինս Ուկրաինայի «ճգնաժամային տարածաշրջանում անվտանգության ապահովման»՝ ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին չմասնակցելու որոշում է ընդունում ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպումից անմիջապես հետո:



Առհասարակ, ժամանակը չէ՞, որպեսզի Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան վերանայեն Ադրբեջանի հետ «ռազմավարական համագործակցության» քաղաքականությունը: Այդ երկրներից եւ ոչ մեկը Բաքվից որեւէ աջակցություն երբեւէ չի ստացել: Եւ չի ստանալու, որովհետեւ 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ադրբեջանը կարեւոր որոշումներ ընդունելիս «ժամացույցը ճշտում է» Կրեմլի հետ:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ