Հարավային Կովկասում դիվանագիտական հագեցած աշնան նախաշեմին

Հարավային Կովկասում դիվանագիտական հագեցած աշնան նախաշեմին

Ինչպես հայտնի է, երեկ Երեւանում ՀԱՊԿ Պնախարարների խորհրդի նիստն էր: Այդ առթիվ Հայաստան էր ժամանել ՌԴ Պնախարար Սերգեյ Շոյգուն: Իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո ՌԴ ՊՆ փոխնախարար Ա. Անտոնովը հայտարարեց, որ ավարտին են մոտենում հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները: Նույն օրը ռուսական ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում բավականին հետաքրքրական հայտարարություններ էր կատարել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Վերջինս երախտագիտություն էր հայտնել ՌԴ նախագահ Վ. Պուտինին ԼՂ հակամարտության կարգավորման գործում բերած ջանքերի համար եւ հայտարարել, որ ՄԽ-ն բանակցում է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Որքան էլ, որ այս երեք իրադարձությունները` Անտոնովի հայտարարությունը, Ուրորլիքի երախտագիտական հայտարարությունը եւ Ուորլիքի` նոր հանդիպման նախապատրաստություններին վերաբերող հայտարարությունը, առաջին հայացքից միմյանց հետ կապ չունենան, այնուհանդերձ իրավիճակով հետաքրքվողի համար մտորելու բավական շատ նյութ են տալիս: Սկսենք Ուորլիքի երախտագիտական խոսքից: Սովորաբար, Ուորլիքը ամենից «շատախոսն» է եռանախագահողներից, եւ հատկապես այդ «շատախոսությունը» զգացվում է օնլայն հարթակում` իր թվիթերյան միկրոբլոգում:



Պարբերաբար վերջինս գրառումներ է կատարում բավական սեղմ տեսքով կամ հարցազրույցներ տալիս առանձին ԶԼՄ-ների, որոնք իրականում բավական լուրջ ուղերձներ են պարունակում, որքան էլ որ քողազրկված են զսպվածությամբ եւ դիվանագիտական բառապաշարով: Այս խոսքը եւս բացառություն չէ: Խնդիրն այստեղ ամենեւին այն չէ, որ Ուորլիքը քանի որ հարցազրույց էր տալիս ռուսական ԶԼՄ-ին, փորձեց հաճոյանալ: Նման խնդիր ցայժմ որեւէ ամերիկացի դիվանագետ չի ունեցել եւ ըստ ամենայնի չի էլ կիրառել իր պրակտիկայում: Մնում է, ուրեմն, մտածել, որ Ուորլիքը հերթական անգամ ուղերձ հղեց, սակայն ինչպիսի ուղերձ: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա երախտագիտության հայտարարությունը երկու բան կարող է նշանակել` կամ Միացյալ Նահանգները՝ ի դեմս Ուորլիքի հայտարարում է, որ, իհարկե, զգացված են Պուտինի ջանքերից եւ երախտագետ, սակայն ամեն պարագայում հակամարտության կարգավորմամբ զբաղվելու մանդատը ոչ թե Մոսկվայինն է, այլ ԵԱՀԿ ՄԽ-ը, ինչը, ժողովրդի խոսքով ասած, թարգմանվում է հետեւյալ կերպ` ԱՄՆ-ն Մոսկվային պարզապես տեղն է իր ցույց տալիս եւ ասում` «զգա քեզ ինչպես քո տանը, սակայն մի մոռացիր, որ դու հյուր ես», կամ էլ Միացյալ Նահանգները կանաչ լույս է վառում եւ ազդարարում, որ ռուսների «սեփական բոստան» համարվող Հարավային Կովկասը թողնվում է վերջիններիս տրամադրության տակ իր բոլոր խնդիրներով եւ չկարգավորված հակամարտություններով հանդերձ: Սակայն այս դեպքում մի այլ հարց է առաջանում. եթե, իրոք, դա այդպես է, ապա որն է դրա գինը, եւ արդյոք այդ գինը վճարելիս չի վնասվելու այլոց եւ հատկապես Երեւանի շահերը:



Ուորլիքի հաջորդ հայտարարությունն արդեն ազդարարում է, որ քաղաքական դիվանագիտական աշունը Հարավային Կովկասում լինելու է բավական հագեցած, քանի որ, ամենայն հավանականությամբ, հենց աշնան սկզբին էլ կլինի Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպումը եւ ի հետեւանս դրա էլ կլինեն նոր գործընթացներ, որոնց ծիծեռնակները կարելի է համարել Պուտինի Բաքու այցի նյուանսային կողմերը, Պուտին Էրդողան հանդիպումը եւ Պուտին Սարգսյան հանդիպումը: Իհարկե, Ուորլիքի երկրորդ հայտարարության տակ կարելի է կարդալ, որ ամեն պարագայում ԵԱՀԿ ՄԽ-ն իր ձեռքում է պահում ԼՂ հակամարտության կարգավորման եւ վերջնական, եւ կայուն լուծման իրավունքը: Գալով արդեն Անտոնովի հայտարարությանը՝ ակամա կարելի է մտածել խաղաղապահների տեղակայման մասին հակամարտության գոտում: Այստեղ հետեւյալ հարցերն են, որ դեռ պարզված չեն` ինչ տիպի զորախմբի մասին է խոսքը, ինչ առաքելություն է այն իրականացնելու եւ արդյոք այդ առաքելությունը ներառելու է չկարգավորված հակամարտությունների գոտիներում ՀԱՊԿ դրոշի ներքո խաղաղարարությունը: ԼՂ հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությունը պահելու եւ սրացում թույլ չտալու համար խաղաղարարների հիմնական թեկանծուները ռուսներն են, քանի որ նույն ռուսները, ասենք, թույլ չեն տա, որպեսզի ամերիկացին, ֆրանսիացին կամ ավստրալիացին գա եւ կանգնի այնպիսի կարեւոր տարածքում, ինչպիսին փոքրիկ Ղարաբաղն է: Ուստի, միացյալ զորախումբը բավական լավ տարբերակ է հետագայում խաղաղարարությանը ծառայեցնելու համար:



Արման Գրիգորյան