Լեզվի տեսչությունն ի զորո՞ւ է սրբագրել նախագահականի սխալները

Լեզվի տեսչությունն ի զորո՞ւ է սրբագրել նախագահականի սխալները

Նկատե՞լ եք, որ նախագահականի պաշտոնական հաղորդագրություններում «նախագահ» բառը գրվում է մեծատառով. օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է» չգիտեմ ուր։ Որեւէ ՀԿ-ի, ընկերության, խորհրդի, չգիտեմ՝ տարբեր այլ մարմինների նախագահների դեպքում «նախագահ» բառը մեծատառով չի գրվում, ինչպես պահանջում է լեզվական կանոնը։ Բայց Սերժ Սարգսյանի դեպքում գրվում է մեծատառով։ Հանուն արդարության նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք էլ էր այդպես։ Պարզ է, որ նրա ենթակաները, փորձելով ցույց տալ Սերժ Սարգսյանի հանդեպ իրենց ընդգծված ակնածանքը, լեզվական կանոնները ոտնահարելով՝ նրա պաշտոնի անունը մեծատառով են գրում։ Բայց եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա «վարչապետ» բառն էլ պետք է մեծատառով գրեն կառավարության հաղորդագրություններում։ Վստահ ենք՝ նրա ենթականերն էլ ոչ պակաս հարգանք ունեն իրենց «շեֆի» նկատմամբ։ Նախարարություններն էլ իրենց նախարարների պաշտոնը պետք է նույնկերպ գրեն՝ «Նախարար»։ Մենք՝ լրագրողներս էլ պետք է մեծատառով գրենք «խմբագիր» բառը, եւ այսպես շարունակ։ Ամեն դեպքում, փորձեցինք լեզվի եւ ուղղագրության համար թիվ մեկ պատասխանատու մարմնից՝ Լեզվի պետական տեսչությունից պաշտոնական պատասխան ստանալ՝ «նախագահ» բառը կարելի՞ է մեծատառո գրել, թե՞ ոչ, նույնիսկ եթե դա հանրապետության նախագահին է վերաբերում։



Լեզվի պետական տեսչության լեզվական վերահսկողության բաժնի պետ Լիլիթ Կյուրեղյանն այս կապակցությամբ նախ մեջբերեց «Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատուի« «է» կետը՝ բոլոր պետությունների կենտրոնական ղեկավար օրենսդիր, գործադիր եւ դատական բարձրագույն մարմինների բաղադրյալ հատուկ անունները գրվում են մեծատառով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ ՀՀ Կառավարությունը»։ Ինչ վերաբերում է «նախագահ» բառին, ապա տիկին Կյուրեղյանն ասաց, որ այն մեծատառ գրելու վերաբերյալ որեւէ որոշում չկա, հետեւաբար «նախագահ» բառը, անկախ նրանից, թե որ նախագահի մասին է խոսքը, պետք է գրվի փոքրատառով։ Լ. Կյուրեղյանն այստեղ հիշեց նախորդ Սահմանադրությունը, որտեղ հոդված 49-ում (Հանրապետության Նախագահը պետության գլուխն է), «նախագահ» բառը գրված էր մեծատառով։ Իսկ նոր Սահմանադրության մեջ արդեն նույն հոդվածում, նույն նախադասության մեջ «նախագահ» բառը փոքրատառ է դարձել։



Մեր հարցին՝ Սահմանադրությունը կարո՞ղ է ուղենիշային փաստաթուղթ լինել այս հարցում, քանզի այն իրավական փաստաթուղթ է, ոչ թե լեզվական, եւ Լեզվի տեսչությունն ինքը պետք է նմանօրինակ սխալներն ուղղի, ոչ թե առաջնորդվի դրանցով, տիկին Կյուրեղյանն ասաց. «Այո, իրավական փաստաթուղթ է, ոչ թե լեզվական, բայց Լեզվի տեսչությունը միայն չի առաջնորդվում դրանով, ընդհանրապես այդ հարցը ծագել է՝ գրում էին մեծատառով»։ Այսինքն, եթե մենք հանդիպենք որեւէ պաշտոնական հաղորդագրություն, որտեղ «նախագահ» բառը, անկախ նրանից՝ դա ՀԿ-ի նախագահ է, թե հանրապետության, գրված է մեծատառով, կարո՞ղ ենք փաստել, որ այդտեղ թույլ է տրված լեզվական սխալ։ «Այո, մենք չունենք որոշում, որ պիտի լինի մեծատառ։ Լեզվական կանոններից ելնելով՝ պետք է լինի փոքրատառ»։



- Իսկ նկատե՞լ եք, որ նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրություններում «նախագահ» բառը մեծատառով է գրվում։



- Ընդհանրապես, ես չեմ նայել դրանք, բայց գիտեմ, որ մինչեւ հիմա մեծատառ էր գրվում։ Չեմ էլ կարող ասել՝ սրանից հետո փոքրատա՞ռ կգրվի, թե՞ մեծատառ։ Երեւի սովորության ուժով կգրվի մեծատառ։



- Իսկ Լեզվի տեսչությունն ինչ-որ բան ունի՞ այստեղ ասելու կամ անելու, թե ինչու են լեզվական սխալով տարածվում երկրի թիվ մեկ պետական մարմնի հաղորդագրությունները։



- Գիտե՞ք ինչ, ոչ թե սխալ, այլ մինչեւ հիմա գրվել է մեծատառով։



- Մինչեւ հիմա սխալ են արել, արժե՞, որ շարունակեն նույն սխալը թույլ տալ։



- Դուք մեզ պաշտոնական գրություն գրեք, հարցում արեք, մենք կպատասխանենք գրավոր։



- Այսինքն՝ Լեզվի տեսչությունը մինչեւ հիմա չէ՞ր նկատել այդ սխալը։



- Մինչեւ օրս նման հարց չի ծագել, որ սխալ է գրվում։ Մինչեւ օրս, քանի որ Սահմանադրության մեջ գրվել է մեծատառով, գրվել է մեծատառ։ Հիմա Դուք կարող եք հարցնել մեզ պաշտոնապես, գրավոր, մենք էլ կպատասխանենք։



- Բայց Սահմանադրությունը փոխվել է, եւ նոր Սահմանադրության մեջ արդեն փոքրատառ է գրվում, դուք դա էլ նկատեք։ Հիմա ձեզ մոտ հարց չառաջացա՞վ, որ անհրաժեշտ է հետեւել պաշտոնական հաղորդագրություններին, որ սխալ չգրվի։



- Մենք պարբերաբար հետեւում ենք մամուլի լեզվին։ Բացի «նախագահ» բառից, բազմաթիվ սխալներ կան, մենք այդ բազմաթիվ սխալներով հորդորակներ ենք պատրաստում եւ ներկայացնում ենք խմբագիրներին։



- Իսկ երբեւէ եղե՞լ է, որ նախագահական էլ ներկայացնեք նման հորդորակ։



- Ոչ, նախագահական չենք ներկայացրել։ Ներկայացրել ենք կայքերի խմբագիրներին, հեռուստաընկերությունների ղեկավարներին։ Անընդհատ, պարբերական աշխատանք է սա, բայց միշտ չէ, որ արդյունք է տալիս։



- Ամեն դեպքում, ուզում եմ հասկանալ՝ այս հարցում Սերժ Սարգսյանի անձը կամ նրա պաշտոնը կարո՞ղ է կաշկանդող հանգամանք լինել, որ Լեզվի տեսչությունը չփորձի կամ չհամարձակվի սրբագրել նախագահականի սխալները։



- Չեմ կարծում։



- Այսինքն՝ դուք (Լեզվի տեսչությունը) համարձակորեն կարո՞ղ եք Սերժ Սարգսյանի ղեկավարած գերատեսչության տարածած հաղորդագրությունների սխալները սրբագրել։



- Գիտե՞ք ինչ, Դուք արդեն քաղաքական ինչ-որ հարցեր եք տալիս։



- Բացարձակ, ես քաղաքական որեւէ հարց չտվեցի, իմ հարցն ընդամենը պաշտոնի մասին է։ Ես ուզում եմ զուտ հասկանալ, եթե սխալ կա հայտնաբերված, Լեզվի տեսչությունն ի վիճակի՞ է նախագահականի սխալն ուղղել, թե՞ ոչ։



- Ի՞նչ է նշանակում նախագահականի սխալ... մի րոպե, էլի, կներեք, Դուք միանգամից այնքան տարբեր հարցեր եք տալիս, հինգ րոպեից նորից զանգեք, հա՞, մարդ եկավ ուղղակի։



ՀԳ. Զանգահարեցինք քիչ ուշ, ինչպես խնդրել էր տեսչության աշխատակիցը, բայց նա այլեւս չպատասխանեց մեր զանգերին՝ ակամա պատասխանելով «համարձակության» վերաբերյալ մեր հարցին։ Ի դեպ, նախագահականից պարզաբանում ստանալ չհաջողվեց․ Սերժ Սարգսյանի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի ո՛չ բջջային, ո՛չ աշխատանքային համարները չէին պատասխանում մեր զանգերին։ Լրատվականից էլ խնդրեցին գրավոր ուղարկել հարցը՝ խոստանալով սահմանված ժամկետում պատասխանել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ