Կառավարությունը հետաքրքրվում է բիոզուգարանների ճակատագրով

Կառավարությունը հետաքրքրվում է բիոզուգարանների ճակատագրով

Հիշո՞ւմ եք այն բիոզուգարանները՝ երկու հատ, որ գնեց Տիգրան Սարգսյանն իր վարչապետության օրոք։ Այն գերթանկարժեք եւ ուլտրաժամանակակից զուգարանները, որոնք, մետաղադրամը գցելուն պես, ավտոմատ ամեն ինչ անում էին քո փոխարեն... գրեթե ամեն ինչ։ Թերեւս, միայն այն չեն անում, ինչի համար որ նորմալ մարդիկ պետք է մտնեն այնտեղ։ Երեւի, որ մի երկու միլիոն էլ ավել տայինք, գուցե այդ ֆունկցիան էլ իրենց վրա վերցնեին։ Ամեն դեպքում, մեր կառավարության հնարավորություններն այդքանի էին ձգել՝ կարողացել էին գնել ընդամենը մի 100 հազար դոլարանոց բիոզուգարաններ։ Այդ զուգարաններում նաեւ երաժշտություն է հնչում, մաքուր ու կոկիկ բիոմիջավայր է ստեղծված, որ մարդը, անգամ ամենաուժեղ փորացավի դեպքում, հաճելի ժամանակ անցկացնի այնտեղ ու բոլոր առումներով թեթեւացած դուրս գա։ Այդ զուգարանները, սակայն, մի տարօրինակ կողմ ունեն՝ ժամանակով են։ Մետաղադրամը, որը պետք է 200 դրամանոց լինի, գցեցիր, զուգարանն աշխատում է, բայց ժամանակը լրանալուն պես ավտոմատ բացվում են՝ առանց «մտածելու», որ իրենց ներսում գտնվող հյուրը գուցե չի վերջացրել իր «գործը»։



Ինչ խոսք, խելացի բիոզուգարանների այս ոչ հայեցի եւ մոտիվացիան չխթանող ֆունկցիան, վստահաբար, դուր չի գա ստեղծագործող մարդկանց, որոնց մուսան, սովորաբար, հենց նման պայմաններում է գալիս։ Ինչեւէ։ Այս չափազանց թանկարժեք ու ճոխ բիոզուգարանների խերը, սակայն, հանրությունն այդպես էլ չտեսավ։ Կամ գուցե տեսել է՝ մենք տեղյակ չենք։ Ամեն դեպքում, կառավարությունում այս պահին աշխատում են այդ ուղղությամբ՝ պարզելու, թե որտեղ եւ ինչ վիճակում են գտնվում Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք գնված այդ թանկարժեք բիոզուգարանները։ Արդյոք շահագործվո՞ւմ են դրանք, եթե այո, ապա ի՞նչ եկամուտ են ապահովում։



Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե մեկ տարվա կտրվածքով որքան գումար է մուտքագրվել պետբյուջե՝ այդ բիոզուգարանների շահագործման արդյունքում։ Եթե չեն շահագործվում, ապա ինչո՞ւ, եւ ի՞նչ է պատրաստվում անել ՀՀ կառավարությունն այդ մեկ զույգ բիոզուգարանների հետ։ Այս բիոզուգարանները, նկատենք, բիզնես նպատակ էին հետապնդում, դրանք շահույթ պետք է բերեին, քանզի, ինչպես նշեցինք, փողով են աշխատում։ Եվ Տիգրան Սարգսյանն ու իր ղեկավարած կառավարությունը, հղանալով այս «հանճարեղ» միտքը, թերեւս որոշել էին, որ այսօրինակ գերառաջադեմ «բիզնես-պրոյեկտով» կտրուկ կխթանեն հայրենի տնտեսությունը, եւ նրանից հետո եկող Հովիկ Աբրահամյանին էլ բան չի մնա անելու տնտեսությունը զարգացնելու հարցում։ Նոր վարչապետին երեւի կմնար միայն հսկել, որ ջուրը ժամանակին քաշվի, զուգարանների բիոմիջավայրը հանկարծ չապականվի։ Եվ վերջ, տնտեսությունն իր հունով կզարգանա։



Էկոնոմիկայի նախարարությունից, որին փոխանցվել էր մեր հարցումը, կառավարության աշխատակազմից մեր հարցերին լիարժեք դեռ չեն պատասխանել։ Նրանք նախ երկար-բարակ հիշեցրել են նախապատմությունը, թե ինչպես է հայրենի կառավարությունը 2010 թ. որոշել «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի միջոցներով ձեռք բերել այդ երկու բիոզուգարանները։ Արդյունքում՝ «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի եւ «Եվրոմոդուլ» ընկերության միջեւ նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրով ձեռք է բերվել երկու ավտոմատ կառավարվող հասարակական զուգարան (Supernova 2C, Supernova 2CM): Այդ երկու զուգարանների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 100 մլն. դրամ՝ 99 միլիոն 843 հազար 104 դրամ։ Դրանք 2011թ. սեպտեմբերի 15-ին համապատասխան հանձնման-ընդունման ակտով հանձնվել են Ազգային մրցունակության հիմնադրամին։ Նշենք, որ այդ զուգարաններց մեկը պետք է տեղադրված լիներ «Տաթեւեր» ճոպանուղու տարածքում։ Իսկ թե որտեղ են իրականում, ինչ վիճակում են եւ այլն, էկոնոմիկայի նախարարությունից նախ շնորհակալություն են հայտնել այդ հարցերը բարձրացնելու համար եւ տեղեկացրել, որ դրանց վերաբերյալ իրենք հարցումներ են ուղարկել Ազգային մրցունակության հիմնադրամին, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն։



Նկատենք, որ բիոզուգարանների մասին մեր հարցմանը կառավարությունից շատ դժվարությամբ պատասխանեցին, ասես չուզենալով։ Մի քանի անգամ հիշեցրինք, նոր, սահմանված ժամկետի խախտումով, ուշացումով մի կերպ ուղարկեցին։ Ուստի չենք կարծում, թե էկոնոմիկայի նախարարությունից իսկապես այնքան ուրախ էին, որ մի բան էլ անկեղծ շնորհակալ են այս հարցը բարձրացնելու եւ բիոզուգարանների մասին հիշեցնելու համար։ Ամեն դեպքում, ի պատասխան իրենց շնորհակալությանը, քաղաքավարությունից ելնելով, կարող ենք ասել. «Խնդրեմ, ինչի՞ համար, միշտ պատրաստ ենք նման հարցումներ ուղարկել»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ