Ադրբեջանում՝ արտաքին կառավարում

Ադրբեջանում՝ արտաքին կառավարում

Կանխատեսումը, որ ԱՄՆ-ում ապաստանած Ֆաթուլլա Գյուլենի դեմ Էրդողանի սկսած կենաց-մահու պայքարը ծանր հարված է Ալիեւի ռեժիմին, որն ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն էր ծավալում հիմնականում Գյուլենի միջոցով, կարծես թե իրականություն է դառնում: «Ադրբեջանն ավերել է կրետի բույնը, խոսքը հիմա Թուրքիայինն է»,- այս խորագրով հրապարակում է արել haqqin.az-ի ֆորմալ տնօրեն Էյնուլլա Ֆաթուլլաեւը: (http://haqqin.az/news/78626)



Հոդվածում երկու ուշագրավ պահ կա: Նախ, Ֆաթուլլաեւը բացեիբաց խոստովանում է, որ Ադրբեջանում Գյուլենի հետեւորդների դեմ պայքար սկսվել է Էրդողանի պահանջով: Նա պարտադրված բացահայտում է եւս մի գաղտնիք՝ նման պահանջ Էրդողանը ներկայացրել է պոստխորհրդային բոլոր թյուրքախոս երկրներին, սակայն Ադրբեջանից բացի ոչ մի տեղ Թուրքիայի նախագահին չեն ենթարկվել:



Սա նշանակում է, որ, ի տարբերություն Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղըրղստանի, Ադրբեջանը Թուրքիային հակազդելու ոչ մի ռեսուրս չունի, Ալիեւը լիովին ենթարկվում է Էրդողանին: Այսինքն՝ փաստացի Ադրբեջանում հաստատված է արտաքին կառավարման ռեժիմ, Ալիեւն ընդամենը դրածո է, որ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք չունի: Նույնիսկ այն դեպքում, երբ համոզված է, որ Վաշինգտոնի իշխանության միջանցքներում Ադրբեջանի օգտին լոբբինգ իրականացնող Գյուլենի հետ հակամարտությունն իր համար կարող է կործանարար լինել, ինչպես գրում է Ֆաթուլլաեւը:



Երկրորդ էական բացահայտումն այն է, որ Թուրքիայում է կենտրոնացած հակաալիեւյան քաղաքական շարժման գաղափարախոսությունը: Բաքվի ռեժիմի դեմ հանդես եկող բազմաթիվ գործիչներ Թուրքիայում «իրենց զգում են ինչպես տանը»,- ընդգծում է haqqin.az-ը եւ մեկ առ մեկ թվարկում նրանց, նշում Ալիեւի դեմ օրնիբուն աշխատող լրատվամիջոցներ: Ֆաթուլլաեւը, մասնավորապես, բացահայտում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հաղորդումները եթեր են հեռարձակվում… թուրքական կապի արբանյակի միջոցով:



Հոդվածագիրը հույս է հայտնում, որ Ադրբեջանում Գյուլենի ստեղծած «կրետի բույնը» վերացնելուց հետո Թուրքիան համարժեք քայլ կանի: «Բաքվում Թուրքիայի նախագահի հասցեին վիրավորական արտահայտություն անող լրագրողն իսկույն կզրկվի աշխատանքից, գուցե նաեւ՝ ազատությունից»,- իրավիճակը պարզաբանում է Ֆաթուլլաեւը եւ օրինակ բերում Թուրքիայում լույս տեսնող թերթեր, որի էջերից «տակառներով կեղտաջրեր են թափվում Ալիեւի վրա»:



Ֆաթուլլաեւն, իհարկե, Էրդողանին քննադատելու, նրան որեւէ պահանջ ներկայացնելու քաջություն չունի: Որովհետեւ պատվիրատու Ալիեւը Թուրքիայի նախագահի առջեւ միշտ ծնկաչոք է: Գյուլենի հետեւորդների դեմ արշավ սկսելու հրահանգ իջեցնելուց առաջ Էրդողանը թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներով բացահայտ անվստահություն է հայտնել Ալիեւին:



Ադրբեջանի ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին բացահայտել է ինտրիգը. Էրդողանի համար անհասկանալի է, թե հուլիսի 15-16-ին ինչու՞ 15 ժամ շարունակ Ալիեւը լուռ էր: Սա բացահայտ մեղադրանք է: Պատահական չէ, որ անցած մեկուկես ամսում թուրք-ադրբեջանական քաղաքական որեւէ շփում չի եղել:



Այնպես որ, ամենայն հավանականությամբ Էրդողանը չի կատարի Ալիեւի ծնկաչոք խնդրանքը, ոչինչ չի ձեռնարկի Թուրքիայում հակաալիեւյան քարոզչության եւ քաղաքական խմբավորումների դեմ: Էրդողանին պետք էր Ադրբեջանում հաստատել իր իշխանությունը: Եւ նա դրան հասել է: Ալիեւը կարող է պաշտոնավարել եւս մեկ տասնամյակ: Դրանից ոչինչ չի փոխվի. աշխարհի համար արդեն պարզ է, որ Ադրբեջանը, որպես ինքնուրույն որոշում ընդունող երկիր, գոյություն չունի: Հարկ է հարցերը քննարկել Թուրքիայի հետ:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ