Դատարանը պետք է ունենա այն, ինչից ցուլը ունի երկու հատ, բայց եզը չունի ոչ մի հատ.Կարո Եղնուկյան (Ֆոտո,վիդեո)

Դատարանը պետք է ունենա այն, ինչից ցուլը ունի երկու հատ, բայց եզը չունի ոչ մի հատ.Կարո Եղնուկյան (Ֆոտո,վիդեո)

Այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազի անգործության դատական նիստը: Նիստին ներկա չէր դատախազը: Եղնուկյանին աջակցելու և սատարելու համար դատարանում էին նրա ընտանիքի անդամները, ընկերները. մայրը և եղբայրը եկել էին ԱՄՆ-ից: Նրանք Եղնուկյանին դիմավորեցին «Գարո» վանկարկելով և ծափահարություններով: Իր ելույթի ընթացքում Կարո Եղնուկյանը ներկայացրեց իրենց բողոքի էությունը՝ նշելով, որ բացատրում է հանրությանը իրենց բողոքի նպատակը:



«Ինչո՞ւ պետք է իշխանությունները այնպես անեն, որ դուք չկարողանաք արդար որոշում ընդունել: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ ես դատի տալիս դատախազությանը, եթե գիտեք, որ դրանից էապես ոչինչ չի փոխվելու, դա անում եմ, որպեսզի հետագայում ինձ Եվրոպական դատարանը կամ որոշ իշխանական օղակներ չասեն, որ Եղնուկյանը բոլոր հնարավոր տարբերակները չէր օգտագործել, հետևաբար ես պարտավոր էի սա անել, որ հետո ասեմ՝ սա էլ եմ արել, նա էլ եմ արել… Կուզեմ, որ դատարանը լինի ազատ, անկախ և արդար: Ազատ և անկախ լինելը ձեր ձեռքում չէ, բայց արդար լինելը ամբողջովին դատարանի ձեռքն է, բայց որպեսզի դա լինի, պետք է դատարանը ունենա արժանապատվություն, թասիբ, նամուս, տղամարդկություն, որ կարողանա արդարություն կիրառել: Դատարանը պետք է ունենա այն, ինչից ցուլը ունի երկու հատ, բայց եզը չունի ոչ մի հատ»:



Այնուհետև դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, 15 րոպեից եկավ և մերժեց փաստաբանի բողոքը:



Նշենք, որ փաստաբանը բողոք է ներկայացրել՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազին՝ կատարել իր գործառույթները: Նա, ըստ փաստաբանի, մերժելով իրենց ներկայացրած բազմաթիվ միջնորդությունները, անգործություն է դրսեւորել ինչպես «Սասնա ծռեր» խմբի, այնպես էլ խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի գործերով:



Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանին մեղադրանք էր առաջադրվել 218, 219 հոդվածների երրորդ մասով, այն է՝ պատանդներ եւ շենք, շինություններ պահելուն աջակցելը:



Մանրամասները՝ տեսանյութում: