Կոնստանտին Օրբելյանը դիստանցիոն կապի մեջ է օպերային թատրոնի հետ

Կոնստանտին Օրբելյանը դիստանցիոն կապի մեջ է օպերային թատրոնի հետ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ տեղի ունեցավ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի եւ օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հանդիպումը լրագրողների հետ: Առիթն Օրբելյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 8-ին կայանալիք համերգն է, որտեղ ելույթ են ունենալու թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը, ինչպես նաեւ առաջատար մեներգիչներ Մարինե Դեինյանը, Գեւորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Հասմիկ Թորոսյանը, Սյուզաննա Մելքոնյանը եւ Լիլիթ Հակոբյանը: Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանի նշանակվելուց հետո սա առաջին ելույթն է լինելու այս թատրոնի բեմում։ Ինչպես նշեց Օրբելյանը, ծրագրում հնչելու են Բելինիի, Վերդիի, Պուչինիի, Բիզեի եւ Չայկովսկու լավագույն ստեղծագործություններից, իսկ հրավերով համերգի հրավիրյալ խմբավարն է լինելու Ստեֆան Հարիսը՝ Մեծ Բրիտանիայից: 



Ինչքանո՞վ է հասցրել մոտիկից ծանոթանալ մեներգիչների հետ։ Օրբելյանը կատակում է. «Արդեն գիտեմ մարդկանց անունները, դա այդքան էլ հեշտ չէ, որովհետեւ մեծ կոլեկտիվ է՝ 600 հոգի։ Ինձ առանձնահատուկ հետաքրքիր է ծանոթանալ երգիչների, նրանց ձայնային տվյալների հետ։ Մտածում ենք՝ ինչ նոր ներկայացումներ դնել, որպեսզի երիտասարդ մեներգիչները նորմալ ընթացքով զարգանան, ու նաեւ իրենց հետաքրքիր լինի աշխատելը»։



Օպերային թատրոնն Օրբելյանի գլխավորությամբ պատրաստվում է նոր պրեմիերաների։ Դրանց թվում կլինի «Տոսկա» օպերան, որին կհաջորդի «Դիմակահանդես» բալետը։ Պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին, իսկ գարնանն արդեն Օրբելյանը պլանավորում է համերգային կատարումների ձեւաչափով մի շարք օպերաների պրեմիերաներ, որոնց թվում է «Ռիգոլետոն», «Եվգենի Օնեգինը»։ Անդրանիկ Արզումանյանն էլ հաջորդ տարվա նախանշվող օպերաների ցանկում նշեց «Մադամ Բատերֆլյայը»։ Գեղարվեստական ղեկավարն ասում է, որ անելու են առավելագույնը իրենց հատկացված ֆինանսավորման շրջանակներում։



Թատրոնի տնօրենը, կանխելով հարցերը, միաժամանակ ներողություն խնդրելով Օրբելյանից, որը հայերեն չի հասկանում եւ խոսում էր ռուսերեն, անդրադարձավ նաեւ Օրբելյանի Հայաստանում գտնվել- չգտնվելու փաստին՝ նշելով, որ քանի որ Գեղամ Գրիգորյանի մահն անակնկալ էր, եւ իրենք էլ նրան անակնկալ կերպով աշխատանքի հրավիրեցին, ապա մինչեւ 2017-ն Օրբելյանն անընդհատ մեկնելու է եւ վերադառնալու։ Արզումանյանը վստահեցրեց, որ դա չի խանգարում աշխատանքին, եւ ինքը շատ լավ գիտի, թե ով ինչ է երգում, ով ինչի է պատրաստ։ Բացի դրանից՝ ժամանակակից տեխնիկան հնարավորություն է տալիս, որ մարդու հետ նաեւ դիստանցիոն կապի մեջ լինես ու աշխատես։ 



Այնուամենայնիվ, Արզումանյանն ստիպված եղավ թարգմանել իր խոսքը, ինչին Օրբելյանն էլ իր հերթին հավելեց, որ ինքը Երեւանում տուն ունի եւ գրեթե ամեն 2 շաբաթը մեկ Երեւանում է լինում. «Ասել դիստանցիոն կառավարում՝ այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ ես կապի մեջ եմ օպերային թատրոնի հետ անընդհատ»։ Օրբելյանը նաեւ նկատեց՝ բոլոր երգիչների մեջ տեսնում է այդ ջանքը՝ լավ երգելու, լավ ելույթ ունենալու, ինչն իր համար կարեւոր է։