Հուսիկ Արայի գրքի ամենաբարձր հաջողությունը կյանքն է (լուսանկարներ)

Հուսիկ Արայի գրքի ամենաբարձր հաջողությունը կյանքն է (լուսանկարներ)

Երեւան քաղաքի պատմության թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծ Հուսիկ Արայի «Երեւան քաղաք» ժողովածուի շնորհանդեսը: Ինչպես հեղինակն է նկատում, գրքում կա մեր քաղաքի շուրջ 25 տարվա կյանքը՝ 88թ. պարետային ժամից սկսած, երբ խորհրդային բանակը տանկերով փակել էր Երեւանը, մինչեւ այսօրվա որոշակիորեն աղճատվող շենքերի Երեւանը. «Եվ այդ արանքում մեր կյանքն է, դրանք շոշափելի տարածքում գրված  բանաստեղծություններ են, կա եւ մուրացիկ կինը, եւ ոտքը կտրած ազատամարտիկը, թե փողոցի երեխան, թե մարմնավաճառ կինը, նաեւ անտունն ու արտագաղթը։ Եվ այս ամբողջի մեջ, իհարկե, սերն է քաղաքի նկատմամբ, անգամ հիասթափության պահերը սիրով են պարուրված։ Մուգ գույներ չկա գրքում, պարզապես մեր կյանքն է, ինչպես ապրել ենք քաղաքում»։Գիրքը նվիրված է Մհեր Դավոյանի հիշատակին, որի կորուստը ծանր է տարել հեղինակը. «Գուցե իր ընծայագրին էր սպասում գիրքը, որովհետեւ 3 տարի պատրաստ տպարանում էր»։



Բանաստեղծի թվով իններորդ գիրքը զուտ Երեւանին նվիրված բանաստեղծությունների ժողովածու է, որտեղ կա 25 բանաստեղծություն, մեկ պոեմ եւ 12 գծանկար։ Հեղինակն ասում է, որ բանաստեղծությունները կարդացողն անմիջապես զգում է, որ այդ կերպարները մեր քաղաքում ապրող մարդիկ են, մարդիկ, որոնք այդ քաղաքը կառուցել են, բայց անգամ տուն չունեն. «Անհատի մենությունն ու ողբերգությունը կա քաղաքում։ Փարիզը գուցե ֆրանսիացու համար այն չէ, նույնը՝ Մոսկվան ռուսի համար, ինչպես Երեւանը՝ հայի համար։ Ցանկացած հայ այլ կերպ է սիրում եւ ընկալում Երեւանը, աշխարհի ցանկացած անկյունում ապրող հայի համար Երեւանն ուրիշ է, ուրիշ մի մայրաքաղաք։ Ամենակարեւորը ինձ համար սերն է Երեւանի նկատմամբ, եւ փորձել եմ տալ այն կյանքը, որ իմ գիտակցական ժամանակում ապրել եմ Երեւանում։ Այդ բանաստեղծությունները տարբեր տարիներին տպագրված եւ իմ ժողովածուներից ընտրված շարքեր են՝ Երեւանին նվիրված՝ զուտ երեւանյան պոեզիա»։      



Շնորհանդեսին ներկա Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն էլ նշեց, որ գիրքը ներկայացնում է Երեւանի ոչ միայն այսօրվա դիմագիծը, այլեւ պատմական ակնարկները, ինչպես նաեւ առկա է ապագային միտված խոսքը. «Գրքի իմ ամենասիրելի բանաստեղծությունը Դորիան Գրեյի դիմանկարի համեմատականն է, թե ինչպես մենք ամենքս, նայելով Երեւանին, ծերանում ենք, այնինչ այն մեր՝ երեւանցիների դիմանկարն է, սակայն նա երբեք չի փոխվում ու մնում է երիտասարդ։ Այս համեմատականն անձամբ ինձ շատ ոգեւորեց, եւ մեկ օրինակ այս գրքից կմնա այս խորհրդանշական թանգարանում՝ որպես թանգարանային նմուշ։ Ես նոր հաջողություններ եմ մաղթում մեր շատ ռոմանտիկ, բայց միեւնույն ժամանակ չափազանց ռեալիստական գրականության ներկայացուցչին՝ Հուսիկին, եւ կարծում եմ, որ այս գրքով շատ շատերը կվերագտնեն իրենց Երեւանը»։



Գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ Երեւանը, որպես գրականության տարածք, մտել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպով, այդ շարունակությունը հետո շատ քիչ եւ ընդհատումներով է ապահովվել. «Բարեբախտաբար, անկախության շրջանում սկսվեց մի դրական միտում՝ Երեւանը մեկ այլ կողմից տեսնելու, սիրելու, անգամ քննադատելով սիրելու, ատելով սիրելու միտումը, որը կարողացավ մեր պոեզիայում ստեղծել իսկապես արժեքներ։ Հուսիկ Արայի «Երեւան քաղաք» գիրքն այդ միտումների ընդհանրացումն է, իմ կարծիքով՝ լավագույն գրքերից մեկը, եթե չասեմ՝ լավագույնը, որ ստեղծվել է Երեւանի մասին։ Սա ձեւավորված, հասունացած գիրք է, որտեղ չկան Երեւանի ավանդական գովերգումները, այլ ավելի շեշտադրված է Երեւանը՝ որպես ոգեղեն կերպար, որպես ոգեղեն ներկայություն, եւ Երեւանը՝ որպես յուրաքանչյուր երեւանցու, հայի երակների մեջ հոսող գոյություն, որից պակասող ամեն մի քարի հանդեպ տագնապ կա»,-ասաց նա ու ցանկություն հայտնեց, որ ունենանք այնպիսի մայրաքաղաք, որ բանաստեղծության մեջ գովերգվածը եւ իրականությունը երբեք իրար չհակասեն։  



Հուսիկ Արային «Անդին» ամսագրի խմբագիր, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նոր չի ճանաչում, բազմաթիվ առիթներ են ունեցել տպագրելու բանաստեղծի գործերն «Անդինում», այդ թվում՝ այս գրքում ընդգրկվածներից. «Որպես խմբագիր, ակամա առնչվում եմ բոլորին եւ կարդում եմ բազմաթիվ բանաստեղծների ու հեղինակների, որոնք մեծամասամբ մերժվում են, պատճառը մանրաթեմայությունն է, գրքից եկած գրականությունն է, գրականությունից եկած գրականությունն է, եւ չկա կյանքը։ Հուսիկ Արայի գրքի ամենաբարձր հաջողությունն այստեղ կյանքն է, Երեւան քաղաքը՝ իր կյանքով։ Ինձ համար կարեւոր հանգամանքներից մեկը հեղինակի քաղաքացիական կեցվածքն է, ապրումը։ Այդ քաղաքացու սերը երեւում է բոլոր բանաստեղծությունների մեջ։ Ես էլ եմ ուզում նշել «Դորիան Գրեյի դիմանկարը» բանաստեղծությունը, որտեղ տարօրինակ հզոր սեր կա՝ Երեւանին ձոնված»։