Ի՞նչ է արել Չարենցավանի համար Վարդան Այվազյանը, եվ ինչ է արել Շշի Մելոն

Ի՞նչ է արել Չարենցավանի համար Վարդան Այվազյանը, եվ ինչ է արել Շշի Մելոն

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Չարենցավանի նախկին քաղաքապետ եւ այդ տարածքից երկու անգամ մեծամասնականով պատգամավոր ընտրված Վարդան Այվազյանը չի բացառում, որ 2017-ին ռեյտինգային ընտրակարգով կմասնակցի ընտրություններին՝ Կոտայքի մարզի ընտրատարածքում։ Նկատենք, որ արդեն կամաց-կամաց ուրվագծվում են այս տարածքից ռեյտինգային ընտրակարգով հավանական թեկնածուների անունները։ Օրինակ՝ խոսվում է Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդու մասին, որը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, նաեւ Չարենցավանի ամրաններ արտադրող գործարանի՝ «Ասկե գրուպ» ընկերության տնօրեն Վահան Հարությունյանն է ցանկանում պատգամավոր դառնալ այս ընտրատարածքից։ Նա, հիշեցնենք, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր, խոշոր գործարար Միշա Հարությունյանի՝ Միկմետալի Միշայի որդին է։ Ամենայն հավանականությամբ, նորից կառաջադրվի նաեւ Չարենցավանն ու հարակից մի քանի բնակավայրեր ընդգրկող թիվ 26 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր դարձած ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն։ Ու սրանց բոլորի հետ պետք է մանդատի համար պայքարի նաեւ Վարդան Այվազյանը, ով վերջին ընտրություններին խորհրդարան է անցել ՀՀԿ համամասնական ցուցակով։



«Ամեն ինչ էլ հնարավոր է քաղաքականության մեջ։ Կա կուսակցություն, կուսակցությունով որոշում կկայացնենք ու քանի որ մենք կուսակցության անդամներ ենք, ըստ որոշման էլ մենք կիրականացնենք այն, ինչը կուսակցությունը կորոշի՝ բնականաբար, մեր կարծիքը նաեւ ներկայացնելով»։



-Դուք համամասնական ցուցակով եք դարձել պատգամավոր, հիմա ռեյտինգային ցուցակով առաջադրվելը ռիսկային չի՞ լինի Ձեզ համար։



-Չեմ կարծում։ Ես չորս անգամ եմ դարձել պատգամավոր, որից երկու անգամը՝ մեծամասնականով, երկու անգամը՝ համամասնականով։



-Ձեր ռեյտինգն այսօր ընտրատարածքում՝ Կոտայքի մարզում, ինչպե՞ս եք գնահատում։



-Ես գուշակելու ցանկություն չունեմ, եթե անհրաժեշտություն լինի, կդնենք, կնայենք։



-Այսինքն՝ Ձեր ձայների հիմնական տոկոսը Չարենցավանի՞ց կլինի, թե՞ կարծում եք՝ նաեւ հարակից բնակավայրերն էլ ձայն կտան, օրինակ՝ Հրազդանը, կողքի գյուղերը։



-Չեմ ուզում գուշակել, որովհետեւ քաղաքական գործունեության արդյունքում դու կարող է ունենաս տարբեր ռեյտինգներ՝ ըստ քո գործունեության։ Բնականաբար, Չարենցավանն իմ հայրենի քաղաքն է, էնտեղ եմ ձեւավորվել որպես թե՛ բնակիչ, թե՛ իմ աշխատանքային գործունեությունը։ Բնականաբար, այնտեղի իմ ճանաչվածության մակարդակն անհամեմատ ավելի բարձր է, քան մյուս քաղաքներում։



-Իսկ կապ պահե՞լ եք Չարենցավանի, չարենցավանցիների հետ։



-Չարենցավանցիներին հարցրեք։ Ինքդ չարենցավանցի ես, ո՞նց ես մտածում՝ պահե՞լ եմ, թե՞ չեմ պահել էդ կապը։



- Դժվարանում եմ ասել, Ձեզ եմ հարցնում՝ չարենցավանցին ի՞նչ պետք է տեսած լինի Այվազյան Վարդանից՝ որպես պատգամավոր, որ ուզենա նորից նրան տեսնել ԱԺ-ում։



-Այ, օրինակ, Դուք՝ որպես չարենացավանցի, քանի՞ անգամ եք լինում Չարենցավանում։ Ամեն օ՞ր։ Ես էլ, ասենք, շաբաթը երկու անգամ։



-Իսկ ի՞նչ եք արել Չարենցավանի եւ չարենցավանցու համար։



-Իսկ ի՞նչ ես արել դու Չարենցավանի համար կամ քո մյուս պատգամավորը (նկատի ունի, թերեւս, Մելիք Մանուկյանին)։



-Ես իմ արածները կարող եմ թվարկել՝ որպես լրագրող, բայց ուզում եմ Դուք Ձեր արածները թվարկեք՝ որպես պատգամավոր։



-Ես էլ՝ որպես պատգամավոր, համենայնդեպս, պատգամավորի խնդիրն օրենսդրական գործունեությամբ զբաղվելն է, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության 1500 օրենքը եկել է, ուրեմն մոտավորապես դրա հիսուն տոկոսից ավելին անցել է Այվազյան Վարդանի մոտով։ Այսինքն՝ դու որպես լրագրող ես արել, ես էլ որպես պատգամավոր եմ արել՝ ըստ նպատակային նշանակության։ Եթե ես լինեի, օրինակ, շինարար, կասեի՝ էսքան շենք եմ շինել։



-Պարզապես բնակիչը, քաղաքացին շոշափելի որեւէ արդյունք է ուզում տեսնել։



-Եկեք ես չասեմ, թե ինչ եմ արել կամ ինչ չեմ արել, կամ չարենցավանցին ինչի համար է ձայն տալիս, կգա ընտրողը, ինքն իրեն կորոշի։ Եթե Դուք մտածում եք, որ չկա էդ հնարավորությունը, ես էլ մտածում եմ, որ երեւի կա։ Ես որեւէ մեկ անգամ ոչ մի դեպքում չեմ բացառել էդ բոլոր հնարավորությունները։ Օրինակ, Դուք՝ որպես չարենցավանցի, ինձ ձայն կտա՞ք։



-Հարց եք տալիս, որի պատասխանն էթիկապես ճիշտ չէ հնչեցնելը։



-Իսկ Ձեր հարցն էթիկապես ճի՞շտ է։ Այ, դրա համար ես Ձեզ էդ հարցը տվեցի։ Այսինքն՝ մինչեւ ընտրությունը ոչ մի դեպքում չէի ասի, որովհետեւ նախնական ոչ մի բան չենք կարող ասել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ