Գեվորգ Չաուշի փողոցում հույսը չի մեռնում

Գեվորգ Չաուշի փողոցում հույսը չի մեռնում

Երեւանի Գեւորգ Չաուշի փողոցի անավարտ շենքի 40-ից ավելի բնակիչները (14/3 հասցե) 2007 թվականից պայքարում են իրենց տների համար, նախագահական են գնում, դատարաններ։ Ժամանակին ՀԿ էին ստեղծել՝ «Նորաշեն» անունով։ Բայց ոչ դատարաններն են օգնում, ոչ ՀԿ-ն, ոչ վերին ատյանները։ Նրանց առաջ մեծահարուստ ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, որոնք չեն ցանկանում զիջել։ Այսօր էլ նրանց բնակարանների հարցը լուծված չէ, թեեւ առքուվաճառք իրականացնող «Նորաշեն 2007» կոոպերատիվի անբարեխիղճ ղեկավարներ Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանն արդեն հասցրել են բանտ նստել ու դուրս գալ։ Կառուցապատման զոհերի պատմությունները նման են իրար՝ մարդիկ բնակարանների համար վճարումներ էին կատարել, բայց հետո զանազան մեքենայություններ էին պարզվել՝ որ դրանք մի քանի տեր ունեն, որ «Նորաշեն 2007»-ը բնակարանները գրավադրել է տարբեր բարձրաստիճան անձանց եւ տոկոսով գումարներ վերցրել։ Ընդ որում, «մեծահարուստների» հետ կնքվել են առքուվաճառքի կեղծ գործարքներ, եւ, ասենք, 30-40 դոլար արժողության բնակարանները նրանց տրվել են 10-15 հազար կանխիկով եւ, իհարկե, տոկոսով։ Այսկերպ կոոպերատիվի տերերը հույս են ունեցել լուծել ֆինանսական խնդիրները, որ կարողանան ժամանակին ավարտել շինարարությունը։ Բայց վաշխառուական փողերը, բնակարանների վերավաճառքը չեն օգնել նրանց, եւ իրավիճակն ավելի է խճճվել։ Եվ այժմ Գեւորգ Չաուշի փողոցի բնակիչների մի փոքր մասը, ահռելի վնասներ կրելով, կարողացել է մի կերպ պայմանավորվել տոկոսով փող տվողների հետ, մյուսներն ընկել են դատարանների դռները եւ հույս ունեն մի օր հետ ստանալ այն բնակարանները, որոնց համար օրինական վճարումներ են կատարել։ Տոկոսով փող տվողների թվում բնակիչները նշում են «Էսկոյի» Սաքոյին՝ ESCO ընկերության ղեկավար Սաքո Աղաբեկյան, ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին, հարկայինի իրավաբանական վարչության նախկին պետ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի բարեկամին՝ Ռազմիկ Ավագյանին, գործարար Սաշա Գյոզալյանին։ Հենց նրանցից են այժմ կառուցապատման զոհերն իրենց տներն ուզում։ Մոտ 24 բնակարան Աղաբեկյանն է վերցրել, մոտ 20 բնակարան՝ Հերմինե Նաղդալյանը եւ նրա ամուսինը՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը։ Նրանք ընդունում էին բնակիչներին, բացատրում, որ իրենք էլ են խաբված։ Դավիթ Բեգլարյանը վստահեցնում է, որ ինքն ընդամենը 6 բնակարան է ձեռք բերել Գեւորգ Չավուշի 14/3 հասցեում, ոչ թե 20։ Վստահեցնում է, որ պայմանավորվել ու համաձայնության է եկել այդ նույն բնակարանների մյուս գնորդների հետ։ «Մենք նրանց առաջարկել ենք՝ կամ մեզ գումարի մի մասը տան, եւ մենք հրաժարվենք բնակարաններից, կամ մենք իրենց տանք»,- ասում է Դավիթ Բեգլարյանը։ Ըստ նրա, ոչ իր, ոչ իր կնոջ նկատմամբ բնակիչները պահանջ չունեն։ «Այսօր մենք երեք բնակարան ունենք այդ շենքում, որոնցից մեկը Հերմինե Նաղդալյանը գնել է հիպոթեքով։ Իսկ այն ժամանակ 6 բնակարան էինք վերցրել։ Ուզում էինք լավություն անել Սիսիանում բնակվող մեր ազգականներին, օգնել հարմար բնակարաններ ձեռք բերել»,- ճշտում է Դավիթ Բեգլարյանը։ Հետագայում, սակայն, պարզվել է, որ այդ նույն բնակարաններն այլ անձանց էլ են վաճառվել։ Նրանցից մեկը Մարինա Ենոքյանն է։ Նրա բնակարանը վերավաճառվել էր Հերմինե Նաղդալյանին։ «Մենք քառակուսին 500 դոլարով էինք այդ բնակարանը գնել, ամիսը 1000 դոլար էինք վճարում։ Երբ մի 6 հազար դոլար բան էր մնում, որ փակենք, իմացանք, որ մեր տունը Նաղդալյանին են տվել։ Նա իր բարեկամների հետ տներ էր գնել՝ մի 300 հազարի։ Մեզ գրուպայով Նաղդալյանը հրավիրեց, առաջարկեց իրեն գումար տալ, կամ ինքը մեզ փող տա։ Ինչ կարողացանք, տվեցինք, նա զիջեց տունը»,- պատմում է Մարինա Ենոքյանը։ Սակայն ոչ բոլորի հարցերն են լուծված։ 



Մոտ երեք տասնյակ բնակիչներ պարբերաբար գնում են կառավարության շենքի մոտ՝ իրենց տները պահանջելու։ Դատարաններում գործերի լսումը ձգձգվում է։ Բորիս Թամրազյանի գործը եւս դատարանում է։ Նա եւ եղբայրը երկու բնակարան են ձեռք բերել «խարդախ» կոոպերատիվից։ «Մեր մի տունը հարկայինի իրավաբանականի նախկին պետ Ռազմիկ Ավագյանի ձեռքում է, մյուսն էլ՝ Սաշա Գյոզալյանի։ Նրանք ձեւական առքուվաճառքի պայմանագրեր են կնքել, 50 հազար դոլարանոց տունը 15 հազարով են վերցրել։ Գյոզալյանը 10 հազար է տվել, ես՝ 33 հազար, հիմա նա ասում է՝ իմ տոկոսը տվեք։ Դատերը գնում են, տեսնենք»,- ասում է Բորիս Թամրազյանը, բայց չի հիշում մի դեպք, երբ «Նորաշեն 2007»-ի զոհերից գոնե մեկը դատարանով իր բնակարանը հետ ստացած լինի։ Բացատրությունը մեկն է՝ վաշխառուներն այս աշխարհի հզորներից են, եւ նրանց դեմ վճիռներ չեն կայացնում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ