«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն սկսում է ընդունել դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն սկսում է ընդունել դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորման հայտեր

2015 թվականի մայիսի 15-ին՝ Ստեփան Գիշյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը հայտարարեց «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի ստեղծման մասին: Այժմ` ավելի քան մեկուկես տարի անց, հիմնադրամը մեկնարկում է դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորումը:



Ինչո՞վ է զբաղվելու հիմնադրամը, ի՞նչ ծրագրեր է իրականացնելու. այս եւ այլ հարցերի մասին մենք զրուցել ենք հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանի հետ:



- Տիկի՛ն Գիշյան, շուրջ մեկուկես տարի առաջ հայտարարվեց հիմնադրամի ստեղծման մասին: Նախ, կցանկանայի իմանալ՝ ինչպե՞ս է առաջացել բարեգործական հիմնադրամ ստեղծելու գաղափարը, ովքե՞ր են հիմնադիրները, եւ ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:



- Ստեփանը նոր արժեքներ ու մշակույթ է բերել Հայաստանի ֆինանսաբանկային եւ գյուղատնտեսության ոլորտներ, ինչը թույլ է տվել գյուղատնտեսությամբ զբաղվող հազարավոր մարդկանց ապրել ու արարել իրենց հայրենիքում, եւ այս ամենն իրականացվել է՝ ամրացնելով հայ-ֆրանսիական կապերը, մշտապես նպաստելով փորձի փոխանակմանը, գործարար, մշակութային կապերի հաստատմանն ու զարգացմանը երկու երկրների միջեւ: Հենց այս գործունեության շարունակականության ապահովման, նրա սկսած գործը կիսատ չթողնելու համար էլ Գիշյան ընտանիքի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի կողմից ստեղծվել է այս հիմնադրամը:



- Իսկ ի՞նչ ձեւաչափով է իրականացվելու հիմնադրամի գործունեությունը եւ ի՞նչ ոլորտներ է ներառելու:



- Նախ` ոլորտների մասին: Ներառել ենք հիմնական սոցիալական ոլորտները՝ գիտություն, կրթություն, առողջապահություն, տնտեսություն եւ մշակույթ: Սա արվել է այն պարզ նկատառմամբ, որ մենք ցանկանում ենք մեր գործունեության թիրախում ունենալ Հայաստանի համայնքներում առկա ամենակարեւոր սոցիալական մարտահրավերները, որոնք խոչընդոտոմ են մարդկանց իրենց հայրենի բնակավայրերում ապրելուն: Ֆինանսավորելու ենք այնպիսի ծրագրեր, որոնք կունենան երկարաժամկետ ազդեցություն:



Ինչ վերաբերում է գործունեության ձեւաչափին, ապա ֆինանսավորումն իրականացվելու է նշված ոլորտներում առավել հեռանկարային նախաձեռնություններին՝ դրամաշնորհների տրամադրմամբ:



- Որքա՞ն գումար եք նախատեսում ներդնել այդ ծրագրերի ֆինանսավորման համար, քանի՞ ծրագիր եք իրականացնելու:



- Հիմնադիրների կողմից նվիրաբերված սկզբնական միջոցների հանրագումարը շուրջ 300 միլիոն դրամ է կազմում, որը կարող է ավելանալ ինչպես նոր նվիրաբերված միջոցների հաշվին, այնպես էլ այդ միջոցների կառավարման արդյունքում: Այդ միջոցները, ինչպես նշեցի, կառավարվելու են հիմնադրամի կողմից, եւ կառավարման արդյունքում ձեւավորված միջոցների հիմնական մասն էլ ուղղվելու է դրամաշնորհների տրամադրմանը: Նախատեսում ենք առաջին տարվա ընթացքում յուրաքանչյուր ոլորտից իրականացնել մեկական ծրագիր՝տարեկան յուրաքանչյուրին հատկացնելով մինչեւ 5 միլիոն դրամ: Հետագայում արդեն կփորձենք մեծացնել հատկացվող ֆինանսավորման չափը:



- Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ գումարով հնարավոր է որակական ինչ-որ փոփոխություններ բերել Ձեր կողմից մատնանշված ոլորտներ:



- Ստեփանը մի խոսք ուներ. նա միշտ ասում էր՝ «մենք դա կանենք…»: Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես ստեղծվեց ԱԿԲԱ-ն: 90-ականներին գյուղատնտեսության վարկավորման մասին մտածելը թվում էր անիմաստ եւ անհեռանկարային: Մինչդեռ հիմնադրումից տասը տարի անց նրա առաջնորդությամբ բանկը դարձավ Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկը: Այդպես էլ պետք է մոտենանք այս խնդրին՝ այս գործում կարեւորելով համագործակցությունը նշված ոլորտների զարգացմամբ հետաքրքրված այլ կազմակերպությունների հետ եւս:



- Ինչպիսի՞ն է դրամաշնորհներին դիմելու կարգը:



- Բնականաբար, նախեւառաջ, ներկայացվող ծրագիրը պետք է վերաբերի ընտրված ոլորտներից որեւէ մեկին: Երկրորդ․ այն պետք է համապատասխանի մեր կողմից հիմնադրամի կայքում ներկայացված պահանջներին: Կարեւոր է նաեւ, որ դիմում-հայտերը լինեն լիարժեք՝ ներառելով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Առաջին փուլում ներկայացված պահանջներին համապատասխանող բոլոր դիմում-հայտերի հեղինակները կհրավիրվեն հարցազրույցի: Այս փուլում յուրաքանչյուր ոլորտի ծրագրերի համար մասնագիտական փորձագիտական հանձնաժողովը կտա իր եզրակացությունը՝ հարցազրույցի եւ ներկայացրած դիմում-հայտի փաթեթի հիման վրա: Դրանից հետո դրական եզրակացություն ստացած ծրագրերը կներկայացվեն հիմնադրամի խորհրդի քննարկմանը, որն էլ կկայացնի վերջնական որոշումը:



- Ե՞րբ է նախատեսված դրամաշնորհային ծրագրերի հայտադիմումների ընդունման մեկնարկը:



- Նախատեսում ենք հայտեր ընդունել 2017 թվականի հունվարի 10-ից մինչեւ մարտի 10-ը: Այնուհետեւ մի քանի փուլով տեղի կունենա դրամաշնորհային մրցույթը, եւ 2017 թվականի մայիսի 5-ին կհայտարարվեն հաղթողները:



- Եվ վերջապես՝ ինչպիսի՞ն եք տեսնում հիմնադրամի ապագան:



- Վստահ եմ՝ մի քանի տարի հետո մենք կկարողանանք ասել, որ պատվով շարունակում ենք Ստեփան Գիշյանի գործը: