Ո՞վ է կանգնած Թոփչյանին զրպարտող նամակի հետեւում

Ո՞վ է կանգնած Թոփչյանին զրպարտող նամակի հետեւում

Նախօրեին մի քանի լրատվամիջոցներով սկսեց շրջանառվել ոմն քաղաքացի Դավիթ Հարությունյանի նամակը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, որտեղ նամակի հեղինակը կասկածի տակ էր դրել, ապա հերքել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կենսագրականում առկա տվյալները, մասնավորապես՝ նրա կողմից եվրոպական մի շարք հեղինակավոր ֆիլհարմոնիկ նվագախմբեր ղեկավարելու մասին փաստը: Նամակի հեղինակը հարցում է ուղարկել ամենահայտնի 10 տարբեր նվագախմբեր, որոնք հերքել են իրենց մոտ Թոփչյանի հանդես գալու փաստը (բայց նամակում տեղադրված են ոչ թե հարցման օրիգինալ պատասխանները, այլ դրանց հայերեն թարգմանված բովանդակությունը)։



Ինչպես քաղաքացի Դ. Հ.-ն է գրում, ով իրեն երաժշտության գիտակ չի համարում, իր այդ հետազոտությունն սկսել է 22.07.2015-ից, երբ Եվրոպայում շրջագայելու ընթացքում՝ մի համերգի ժամանակ, ցանկացել է հպարտանալ, որ նրանց ղեկավարել է նաեւ իր հայրենակիցը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ «Սակայն մեծ ցավ ապրեցի, երբ այդ երաժիշտն ասաց, որ նման անունով անձնավորություն երբեւէ իրենց նվագախմբին չի ղեկավարել»,-գրված է նամակում, որտեղ հեղինակը մանրամասնում է՝ նշելով, որ հարցում է ուղարկել ամենահայտնի 10 նվագախմբերի, որոնք պաշտոնապես հերքել են, որ Թոփչյանը ելույթ է ունեցել իրենց նվագախմբերի հետ։ «Դուք կարող եք հարցնել՝ իսկ ինչո՞ւ ես չեմ հրապարակել այս ամենն ավելի շուտ՝ հարցման պատասխաններն ստանալուց անմիջապես հետո: Դուք իրավացի եք, սա կարելի էր ավելի շուտ հասցնել ժողովրդին, որին բառացիորեն խաբում են արդեն 15 տարի՝ ներկայացնելով ինքնահռչակ դիրիժորին որպես «ականավոր»: Բայց նախկին նախարարին դա չէր հետաքրքրում, քանի որ նա վախենում էր ավելորդ խոսակցություններից՝ բոլորս գիտենք, որ նրա՝ դասական երաժշտության ասպարեզում յուրաքանչյուր նախաձեռնություն կապվում էր նրա ամենամտերիմ ընտանիքի հետ: Իսկ հիմա ես մեծ հույսեր ունեմ նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից: Նա չունի այդպիսի խնդիր եւ միշտ խոսում է արդարության մասին»,-գրել էր հեղինակն ու նախարարին հորդորել արդարության տարր մտցնել մեր մշակույթի մեջ։



Չուշացավ նաեւ Արմեն Ամիրյանի պատասխանը, ով նախարարության ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն էր արել. «Արդարությունը հենց պահանջում է, որպեսզի ես մեկ անգամ եւս բարձրաձայնեմ, որ խիստ բարձր եմ գնահատում դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ստեղծագործական տաղանդն ու վաստակը։ Իսկ մնացածը համարում եմ սովետական տարիներին բնորոշ բանսարկություն»։



Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են վերոնշյալ նամակից եւ դրա բովանդակությունից։ Վերջինս նշեց, որ ծանոթ է, բայց տեղյակ չէ, թե ով է իրենց «երկրպագուն»։ Սիրունյանը նշեց, որ Թոփչյանն այժմ բացակայում է քաղաքից, նրա վերադառնալուն պես անպայման կարձագանքեն այդ նամակին։



Այնուհանդերձ, ի՞նչ է մտածում 10 նվագախմբերից ստացված պատասխանների մասին, առավել եւս, երբ նամակի հեղինակը նշում է, որ դրանք իրեն ուղարկել են նվագախմբերի պաշտոնական մեյլերից։ Այս պարագայում որքանո՞վ է հավանական կեղծման փաստը։ «Երբ ես կարդացի, այնտեղ պատասխաններ կային, որտեղ նշված էր, որ մեր արխիվներում չենք գտել կամ վերջին ժամանակներում չենք տեսել եւ այլն։ Այսինքն՝ հստակ պատասխան, ինչպես նաեւ օրիգինալ պատասխանները ես չեմ տեսել, PDF ֆայլով այդ պատասխաններն են գրված, որը չի բացառվում, որ իրենց պատասխանը չլինի, բայց նաեւ չի բացառվում, որ իրենց պատասխանը լինի, պարզապես մարդիկ չքրքրեն այդ արխիվները, որովհետեւ նման նվագախմբերում ամեն օր տարբեր դիրիժորներ են չափ տալիս, եւ հնարավոր է, որ պատասխանելուց առաջ իրենք այդպես արխիվային, լուրջ քննարկումներ չանեն, չի բացառվում դա։ Բայց վստահ եմ՝ Դավիթ Հարությունյան անունով մարդ չկա, եւ նման երկրպագու երբեւիցե չենք ունեցել։ Իսկ եթե նման մարդ կա, կարծում եմ՝ նույն հաջողությամբ կարող է ֆիլհարմոնիկ գալ, եւ մենք միասին բացենք ու քննարկենք։ Հիմա ես այդ աշխատանքն եմ կատարում, եւ Թոփչյանի հետ այն ամբողջական կդարձնենք ու անպայման կհրապարակենք»։



Մեր կողմից նկատենք միայն, որ երաժշտական աշխարհում կրքերը սրվեցին, երբ Արմեն Ամիրյանը հայտարարեց Համահայկական նվագախումբ ստեղծելու մասին։ Ինչպես ժամանակին անդրադարձել էինք, եւ մեզ հետ զրույցում հաստատել էր նաեւ Սերգեյ Սմբատյանը, դա իր գաղափարն էր եղել, որը հավանության էր արժանացրել նախագահը։ Բայց դրանից հետո իրադարձությունները զարգացան անակնկալ կերպով, նախարարը հայտարարեց, որ նվագախումբը կղեկավարի ոչ թե մի դիրիժոր, այլ 3՝ Էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը եւ Սերգեյ Սմբատյանը, ինչը տարատեսակ խոսակցությունների ու նաեւ դժգոհությունների տեղիք տվեց։ Ավելին՝ դրանից հետո մամուլին ուղարկվող անանուն նամակներն էլ շատացան, որոնցից մեկում այդ դժգոհությունն այսպես էր ձեւակերպված. «Գողանում են գաղափարը, իսկ այնուհետեւ Սերգեյ Սմբատյանը դուրս է թողնվում նախագծից»։ Ակնհայտ է, որ Ամիրյանին չեն ուզում ներել իր կայացրած որոշման համար եւ նվագախմբի առաջին՝ ապրիլի 24-ին կայանալիք համերգին ընդառաջ փորձում են վարկաբեկել դիրիժորներին, այս դեպքում՝ Էդուարդ Թոփչյանին։



Ռուզաննա Սիրունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է մտածում, նամակի հեղինակը գուցե Թոփչյանի հակառակորդների բանակից է, հատկապես Համահայկական նվագախմբի ստեղծման ֆոնին, հնարավո՞ր է, որ դա է պատճառը։ «Ամեն ինչ հնարավոր է, իհարկե, քանի որ Համահայկական նվագախմբի հիմնական համակարգողը ես եմ լինելու։ Դուք գիտեք, որ «24.04» նախագիծ եղավ, եւ երբեւէ Թոփչյանի անունը չշոշափվեց եւ ոչ էլ Կարեն Դուրգարյանի։ Հիմա պարզապես նախարարն ավելի խաղաղասիրական նկատառումներից ելնելով որոշեց, որ 3 դիրիժորներով լինեն՝ որեւէ մեկին բացառություն չանելով։ Եվ կարծում եմ՝ դա շատ հետաքրքիր գաղափար է, շրջանառել միասնականության գաղափարը նաեւ դիրիժորների վերաբերյալ։ Ընդհանրապես, ամենաճիշտը խաղաղասիրության գաղափարն է, քան մեկը մեկին փնովելը»։



Սիրունյանը չի կարծում, որ կարող են այդքան զուգադիպություններ լինել, եւ ոչ երաժիշտ ու երաժշտական աշխարհից հեռու մարդը նստի, այդքան նամակներ գրի այդ նվագախմբերին, ավելին՝ սովորական քաղաքացուն չէին պատասխանի եւ նման ինֆորմացիա չէին էլ տրամադրի։ «Կարծում եմ նաեւ, որ դա ոչ թե լուրջ մասնագիտական կամ իրապես Թոփչյանի կենսագրությունով հետաքրքրվող Դավիթ Հարությունյանն է, այլ չի բացառվում, որ դա կարող է լինել այն հակառակ դաշտից, որոնք, չգիտես ինչու, անընդհատ բաներ են փնտրում՝ այսպիսի վատ բաներ անելու։ Աստված իրենց հետ, դրանով ոչ Էդուարդ Թոփչյանի տաղանդը, ոչ էլ նրա գործունեությունն են իր ձեռքից վերցնում։ Ես չեմ ուզում այդ ճղճիմ վարվելակերպին շատ լուրջ վերաբերվել, բայց, որպեսզի ավելորդ ասեկոսեներ չլինեն, մենք այդ փաթեթն անպայման կներկայացնենք»,-ասաց Սիրունյանն ու նկատեց, որ Համահայկական նվագախմբի իրականացման այս փուլում այդ քայլը Թոփչյանին վարկաբեկելու միտում ուներ. «Քանի որ նրանք անընդհատ պնդում են, որ դա իրենց գաղափարն է եւ ի սկզբանե մտածում էին, որ իրենք պետք է լինեն դրա գլխին կանգնած...»։ Սերգեյ Սմբատյանի՞ մասին է խոսքը։ «Այո, այդպես է ստացվում, եթե նույն հաջողությամբ իրենք բարձրաձայնում են ու ասում, որ դա մեր գաղափարն էր, ինչը ես չեմ կարողանում հասկանալ, որովհետեւ յուրաքանչյուր հայ էլ կարող է ունենալ այդ գաղափարը, բայց, ի վերջո, դա իրականացնելու համար ֆինանսներ են պետք։ Եթե իրենք առանց ֆինանսների կարող էին այդ ամենն անել, ո՞վ էր իրենց ձեռքից բռնում, խնդրեմ, թող անեին, պարզապես տարիներ շարունակ իրենց մոտ եղել է այդ ազատությունը, ամեն ինչ իրենց ձեռքում է եղել, եւ ազգային ֆիլհարմոնիկն ինչ-որ տեղ մի քիչ անտեսված է եղել այդ մեծ ծրագրերից, ու հանկարծ եկել է նոր նախարար եւ ավելի արդարացի է ուզում վերաբերվել... ես էլ պարզապես ստացել եմ այդ առաջարկը, ու, բնականաբար, եթե նախարարն ասել է, սիրով համաձայնել եմ, այսպես ասած, այդ լծի տակ մտնելու»,-ասում է նա ու ընդգծում, որ նախարարը հենց այնպես որոշում չի կայացրել, նա էլ իր հերթին է ուսումնասիրել դաշտը. «Ինքն էլ է մտածել, որ տարիներ շարունակ ամեն գումարներն իրենց է գնացել, ինչու չէ, կարելի է այլ մարդիկ էլ զբաղվեն այս գործով, ոչ թե մենակ մի կազմակերպություն»։



Ռուզաննա Սիրունյանն անհասցե, բայց ավելի քան հասցեական կերպով անդրադարձավ Սմբատյանների մենաշնորհային դիրքին. «Թե երաժշտական աշխարհը եւ թե հասարակ մարդիկ այնքան հոգնել են այս ամեն ինչից։ Նույնիսկ այն մարդիկ, որ մտածում են ոչ թե անպայման Թոփչյանին երկրպագեն, այլ պարզապես հոգնել են իրենցից, հասկանո՞ւմ եք։ Չի կարելի միանձնյա որոշումներ կայացնել դեպի այդ նվագախումբը կամ դեպի այդ մարդը, որի դեմ ես, իհարկե, ոչինչ չունեմ։ Նա երիտասարդ դիրիժոր է, որը եթե ավելի խելոք գտնվի... եւ ես կարծում եմ՝ նույնիսկ սերունդների տարբերություն կա, որովհետեւ այսօր այդքան շատ չեն մեզ մոտ դիրիժորները, իսկ ինչ կլինի, որ նույն այդ սերնդափոխությունը շատ գեղեցիկ լինի, միասին լինեն, խաղաղ լինեն, ի վերջո՝ ամեն մեկն ունի իր նվագախումբը։ Նույնիսկ մաեստրո Թոփչյանի հետ խոսելիս նրան միշտ ասել եմ, որ իրենք մրցակից չեն մեզ, որովհետեւ 90 տարվա պատմությունը 10 տարվա պատմության հետ չեն խառնի։ Ի վերջո, եթե այդ երաժիշտները գտել են մի փոքր ապրուստի միջոց, փառք Աստծո, թող ունենան, ո՞նց կարող ենք մենք թշնամաբար տրամադրվել, բայց անընդհատ ցեխ շպրտել մի մարդու վրա, որն ինքն իրենով հասել է այդ ամեն ինչին եւ չունի այն թիկունքները, որ իրենք ունեն..., ինչո՞ւ են այդքան ցեխ շպրտում, չէ՞ որ նա անում է իր գործն ու շատ լավ է անում այսքան տարիներ, նվագախումբն էլ շատ գոհ է իրենից։ Տխուր է այս ամենը, մինչդեռ մենք այնքան կարեւոր հարցեր ունենք այս երկրում, որ հեչ չարժե այս ճղճիմ հարցերի հետեւից ընկնել»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ