Իսկ «Երեւան սիթի»-ն ու մյուսնե՞րը

Իսկ «Երեւան սիթի»-ն ու մյուսնե՞րը

Հունվարի 20-ին լուր տարածվեց, որ Պետեկամուտների կոմիտեն ժամանակավորապես փակել է «ՍԱՍ գրուպին» պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետներից մի քանիսն ու ստուգումներ է անցկացնում այնտեղ։ ՊԵԿ-ից սա մեկնաբանեցին որպես պլանային ստուգումներ՝ փորձելով ներկայացնել, թե սովորական գործընթաց է, որեւէ արտառոց բան չկա։ Բայց հանրությունը չհավատաց հարկայինի «սովորական ստուգումներին» այն պարզ պատճառով, որ «ՍԱՍ»-ի տերը սովորական մարդ չէ՝ ՀՀԿ անդամ, պատգամավոր, հայտնի օլիգարխ Արտակ Սարգսյանն է։ Գումարած դրան՝ նախընտրական շրջան է, Հայաստանում վարչապետ եւ ՊԵԿ նախագահ է փոխվել, որոնք փորձում են խաղի նոր կանոններ հաստատել, հավասար պայմաններ, ինչպես խոստացել էր վարչապետ Կարեն Կարապետյանն իր նշանակման առաջին իսկ օրերին։ Սակայն ինչո՞ւ հենց «ՍԱՍ»-ը, ի՞նչ են հայտնաբերել խորհրդավոր ստուգումների արդյունքում, ո՞րն է լինելու դրա հետեւանքը, եւ արդյոք ստուգումներ կլինե՞ն նաեւ Արտակ Սարգսյանի գործընկեր բիզնեսմենների ընկերություններում, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթիում», ՀՀ նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանի եղբորը պատկանող «Նոր Զովք»-ում եւ մյուսներում։ Մենք փորձեցինք այդ ամենը ճշտել ՊԵԿ-ից, սակայն մեր որեւէ հարցի չպատասխանեցին՝ նշելով, որ այս պահին հրապարակելու բան չունեն։



Ինչո՞ւ հենց «ՍԱՍ»-ը



Բանն այն է, որ ՍԱՍ-ի Արտակը մշտապես եղել է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ օլիգարխներից մեկը, նրա համար միշտ կանաչ լույս է վառվել հարկային ու մաքսային դաշտում, քանզի նա ընտրություններին միշտ իր շոշափելի «ներդրումն» է ունեցել ՀՀԿ-ի հաղթանակների հարցում։ Բնականաբար՝ ինքն էլ դառնալով պատգամավոր։ Եվ այս ամենն Արտակ Սարգսյանին դարձրել է չափազանց ինքնավստահ՝ «իմ դեմ խաղ չկա» տրամաբանությամբ։ Մենք տեղեկություն ունեինք, որ դեռ անցյալ տարվա վերջին ՊԵԿ-ը հավաքել է բոլոր խոշոր բիզնեսմեններին եւ զգուշացրել, որ մինչեւ հունվարի 20-ը ժամանակ է տալիս, որ իրենց բոլոր ստվերային շրջանառությունները, հաշվապահական սեւ ցուցակներն ու օրենքից դուրս բոլոր մանիպուլյացիաները վերացնեն ու գան մաքուր դաշտ։ Արտակ Սարգսյանը, ասում են, մտերիմների շրջապատում, այնուամենայնիվ, շատ ինքնավստահ է եղել, որ իր հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա։ Բայց ՊԵԿ-ում հենց հունվարի 20-ին որոշել են ստուգումներ իրականացնել՝ առաջինը մտնելով «ՍԱՍ»-ի երկու խանութները եւ պահեստները։



Ի՞նչ են հայտնաբերել



ՊԵԿ-ից ոչ մի հստակ պատասխան չեն տալիս այս հարցին։ Մեզ հասած տեղեկություններով՝ «ՍԱՍ»-ում հարկային մարմինները հայտնաբերել են այն, ինչի մասին որ ժամանակին զգուշացրել էին բոլոր խոշոր սուպերմարկետների տերերին։ Խոսքը «սեւ հաշվապահության» կամ հաշվապահական սեւ ցուցակի մասին է։ Բանն այն է, որ նմանատիպ խոշոր առեւտրային ընկերություններն ունեն երկու առանձին հաշվապահություն․ մեկը սպիտակ հաշվապահությունն է, որտեղ գրանցվում են բոլոր այն ապրանքները, որոնք մատակարարներից ձեռք են բերվում հաշիվ-ֆակտուրայով՝ դրանից բխող բոլոր հարկերն իր մեջ ներառելով, եւ, բնականաբար, այդ ապրանքների առքուվաճառքից պետությանը հարկ են մուծում։ Մյուսը «սեւ հաշվապահությունն» է։



Այստեղ գրանցվում են բոլոր այն ապրանքները, որոնք չեն գրանցում եւ որոնց համար հարկ չեն վճարում։ Օրինակ՝ որոշ անհատ ձեռներեցներից գնվող ձու, թխվածք եւ այլ ապրանքներ, առանց հաշիվ-ֆակտուրա ներկայացնելու։ Նման առեւտուրը ձեռնտու է բոլորին՝ վաճառողին, որն ստիպված չի լինում էժան տալ իր ապրանքը, եւ վերավաճառող խանութին, որն այդ ապրանքները, չարտացոլելով հարկային հաշվետվություններում, հավելյալ հարկեր չի մուծում ու դրանց հաշվին ապրանքի գինը չի բարձրացնում։ Եվ, վերջին հաշվով, ձեռնտու է նաեւ գնորդին, որը տվյալ ապրանքն ավելի էժան է ձեռք բերում։ Չնայած՝ նկատենք, որ «ՍԱՍ»-ում հիմնականում ապրանքները մի քանի տոկոս բարձր են մյուս սուպերմարկետների համեմատ։ Այս եռակողմ փոխշահավետ, բայց ստվերային առեւտուրը վնաս է միայն մեկ սուբյեկտի՝ պետությանը, քանզի դրանից միլիոնավոր դրամների հարկեր են թաքցվում։



Ի դեպ նկատենք, որ «ՍԱՍ»-ում նմանատիպ կոշտ ստուգումներ անցկացվել են մի քանի տարի առաջ եւս, երբ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից ազատվեց Արտաշես Բեյբությանը։ Վերջինս Արտակ Սարգսյանի մտերիմն էր եւ թույլ չէր տալիս, որ հարկայինը նեղացնի իր գործարար ընկերոջը։ Հենց Բեյբությանն ազատվեց պաշտոնից, հարկայինը մտավ «ՍԱՍ»։



Նկատենք, որ տարիներ շարունակ գործող այս մեխանիզմի մասին գիտեն բոլորը։ Բայց հիմա, նախընտրական այս շրջանում, իշխանությունների շոուների շրջանակում, որոշվեց, որ «այլեւս չի կարելի հանդուրժել նման գործելաոճը»։ Թե ուր կտանեն այս թելերը, արդյո՞ք Արտակ Սարգսյանին կստիպեն դուրս գալ ստվերից, թե՞ նա նախընտրական «ինդուլգենցիա» կստանա, կերեւա առաջիկայում։



Հ․Գ․ Սակայն հարց է ծագում՝ իսկ ինչո՞վ են «ՍԱՍ»-ից պակաս «Երեւան սիթին», «Նոր Զովքը», «Էվրիկան», «Կրպակը», «Պարման» եւ մյուսները։ Եթե ՊԵԿ ստուգումներն սկսվեն ու ավարտվեն «ՍԱՍ»-ով, կստացվի, որ կամ մյուսներն օրինական դաշտում են աշխատում, կամ ՊԵԿ լծակները նրանց նկատմամբ կիրառելի չեն։ Իսկ դա, կարծում ենք՝ անհավասար մոտեցում կլինի հայրենի օլիգարխների նկատմամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ