Տիրություն արեք Բանակին, Զինվորին․․․

Տիրություն արեք Բանակին, Զինվորին․․․

Որ մամուլը, կոնկրետ դեպքում Հրապարակը պիտի ահազանգի, թե Հունվարի 9-ին ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սամվելի Դանիելյանի դին՝ հրազենային վնասվածքով, ՊՆ-ն էլ ժամեր անց հաստատի տեղեկատվությունը, ՊՆ-ն իր լրատվությամբ էլ ինչի՞ է պետք։ Մի օրում երկու սպանությունից ավելի ահավոր է, երբ ՊՆ-ն արձագանքում է մամուլի հրապարակումից հետո։ Հարց՝ 
-Չգիտե՞ր, քնա՞ծ էր ուղտի ականջում։ 
 -Դժվա՞ր է մի սպանությունից հետո երկրորդ սպանությանը նույնանման որակավորում տալ։ 

Ի՞նչ է կատարվում, ուզում եմ հասկանալ։ Սա ո՞ր թիվն է։ Ուղիղ կապ չկա՞ ՊՆ-ի հետ, թե՞ ՊՆ-ն զբաղված է վարկածներ, ենթադրություններ  առաջ քաշելու հույժ կարևոր քաղաքականությամբ։ Զինվորը հավի ճու՞տ է, որ նրա անհետացումը ժամեր շարունակ չզգացվի։ Տիրություն արեք Բանակին։ Սա ի՞նչ սպանությունների,  ինքնասպանությունների շքերթ է։ Մտքիցս չի գնում, երբ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգով  ինքնասպանություն էր գործել։

Բանակում ինքնասպանություն գործած Վահրամ Ավագյանի եղբոր կինը՝ Վարդանյան Աստղիկը պատմում էր, բառացի եմ ներկայացնում․ «Հարսն եմ,  քույրը, ոնց ասեմ՝  իմ ամենափոքր տեգրն է, ես իրա հետ եմ մեծացել, իմ երեխեքը իր հետ են մեծացել, իմ  աղջիկը ընդամենը 6 տարեկան է, ասում է՝ ես կեթամ սպանողին սպանեմ․․․ Ինչու՞ իմ երեխան այդքանը պիտի հասկանա․․․ »։ Երեխան անգամ հասկանում, զգում է, որ նման բան չի կարող լինել, չի՜ կարող․․․ Լավ, ինչքա՜ն կարող է ժողովուրդը հավատալ  թյուրիմացաբար կատարվող սահմռկեցուցիչ սպանություններին, ինքնասպանություններին, մոխրացած զինվորների առասպելներին։   Դեռ 2020 թվականին վեց տարեկան աղջնակը ավելի պարզ էր խոսում, որովհետև նա կաշկանդված չէր հետապնդվելու շղթաներով։