Ռուսական կողմի զոհերի թիվը վաղուց անցել է 300 հազարի շեմը

Ռուսական կողմի զոհերի թիվը վաղուց անցել է 300 հազարի շեմը

Ռուս-ուկրաինական ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին զրուցել ենք Ուկրաինայի Վերին Ռադայում խորհրդական, Stay with Ukriane բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Սուրեն Պետրոսյանի հետ:

- Ի՞նչ իրավիճակ է այժմ ռուս-ուկրաինական պատերազմական գոտում։

- Մարտադաշտում Ուկրաինան շարունակում է պարբերաբար «շոշափել» թշնամու պաշտպանությունը, իրականացվում են տեղային օպերացիաներ։ Տարվում է պատրաստություն՝ ավելի մասշտաբային հարվածներ իրականացնելու համար, երբ որ ռուսական զորքերի պաշտպանական գիծն ամբողջովին ջախջախված լինի։ Շատ կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում Բախմուտի ուղղությամբ։ Ուկրաինան ոչ միայն կայունացրել է իրավիճակն այնտեղ, այլեւ անցկացնում է հարձակողական գործողություններ։ Թշնամին նահանջում է եւ արդեն կորցրել է ֆլանգներում մինչեւ 2 կմ։ Հիմա կարող ենք արձանագրել, որ ստրատեգիական նախաձեռնողականությունն ուկրաինական կողմինն է։ Հաջորդիվ լինելու են միայն լուրեր նոր հաղթանակների մասին, քանի որ Ռուսաստանն այժմ զբաղեցնում է պաշտպանողական դիրք՝ սահմանափակ ռեսուրսներով։

- Ուկրաինան հայտարարում էր Ռուսաստանի դեմ սկսվելիք հակահարձակման մասին, արդյոք այն սկսվե՞լ է, եթե այո` ի՞նչ արդյունքներ են գրանցվել։

- Կարծում եմ, որ հիմա ակնկալել Խարկովի նման հակահարձակում՝ դժվար է պատկերացնել։ Այն չի կարող իրականացվել նույնքան սրընթաց եւ նույն սեղմ ժամկետներում։ Ուկրաինական զորքերը շարունակելու են պարբերաբար եւ երկարատեւ հարվածներ հասցնել պատերազմական գծի ամբողջ երկայնքով, քանի դեռ չեն հայտնաբերել կարեւորագույն վեկտորները՝ ավելի մասշտաբային գործողություններ իրականացնելու համար։ Հակահարձակումն արդեն սկսվել է եւ քիչ-քիչ սկսելու է մոտենալ իր ավարտին։ Ուկրաինայում ամենաքիչը կա 5 ուղղություն, որին կարելի է ուղղել հիմնական հարվածը, եւ այդ որոշումը կայացնում է միայն ռազմական ղեկավարությունը։ Մեզ մնում է սպասել լավ լուրերի։

- Բախմուտում ի՞նչ իրավիճակ է այժմ։

- Բախմուտում իրավիճակը հիմնովին փոխվել է։ Ռուսական զորքերում պառակտում է գնում։ Վագները հասկանում է, որ քաղաքը գրավելն անհնար է, եւ Պրիգոժինը փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել, կանոնավոր բանակը կորցնում է իր դիրքերը։ Եթե կենտրոնում ժամանակավորապես քաղաքի մեծ մասն օկուպացված է, ապա ծայրամասերում Ուկրաինան արդյունավետ հարված է հասցրել։ Առանձին հատվածներում հաջողվել է 2 կիլոմետր առաջ գնալ։ Սարերի հետեւում չէ այն իրավիճակը, երբ ուկրաինական զորքերը քաղաքի օպերատիվ շրջանի մոտ կհայտնվեն, իսկ հետագայում հնարավոր կլինի նաեւ դեօկուպացնել Սոլեդարը։ Քայլը քայլի հետեւից Ուկրաինան շարժվում է իր նպատակներին հասնելու ուղղությամբ։

- Արդյո՞ք Ուկրաինային տրամադրված արեւմտյան սպառազինությունը փոխեցին պատերազմի ընթացքը։ Ի՞նչպես են դրսեւորել իրենց արեւմտյան զենքերը։

- Ռուսական զորքերը, մեծ հաշվով, չեն կարողացել վնասազերծել որեւէ բան։ Կասեմ Ձեզ ավելին՝ Կիեւում ամերիկյան «Պատրիոտ» համակարգը ոչնչացրել է ռուսական «Կինժալ» համակարգը, այն հրթիռը, որը Ռուսաստանում համարում են անխոցելի։ Ամենայն հավանականությամբ, դրա միջոցով ռուսները փորձել են համակարգը լիկվիդացնել, սակայն հակառակ արդյունքն են ստացել։ Այս իրավիճակն ավելի շատ է հարցականի տակ դրել ռուսական տեխնոլոգիական պոտենցիալը։ Ինչ վերաբերում է Հայմերսներին, ապա նրանք կատարում են իրենց ֆունկցիան՝ զավթիչների լոգիստիկ կետերի վրա հստակ հարվածները չեն դադարել։ Ռուսները կարող են նվազեցնել հետեւանքները միայն սեփական հրետանու տեղաբաշխումը փոխելու դեպքում, բայց դա էլ չի օգնի նրանց։ Երբ Ուկրաինան տեղաշարժվի հարավային ուղղությամբ, նրանց լոգիստիկան փաստացի կհայտնվի Հայմերսների հասանելիության գոտում։
Որեւէ Հայմերս չի վնասվել այս ողջ ընթացքում։ Շտորմ Շեդերի մասին խոսել դեռ վաղ է, Բրիտանիան նոր է կայացրել այդ ֆունդամենտալ որոշումը, ինչը եւս կնպաստի  ռուսական պազիցիաների խոցելիության աճին։ Կասկածում եմ, որ ռուսական զորքերը կարողանան լիարժեք պաշտպանություն գտնել հեռահար հրթիռներից։
Ինչ վերաբերում է գերմանական տանկերին, ապա դրանց գործածության մասին տեղեկատվությանը տիրապետում է ռազմական ղեկավարությունը, եւ փորձագիտական մակարդակում այդ մասին խոսելը մի քիչ դժվար է։ Բացի այդ, Ուկրաինայի հակահարձակումը նոր է թափ հավաքում, եւ տեխնիկան, ամենայն հավանականությամբ, դեռ չի օգտագործվում իր ամբողջ հզորությամբ։

- Մարդկային կորուստների վերաբերյալ որեւէ վիճակագրություն կա՞։

- Կորուստների մասին խոսելը շատ ծանր է ոչ միայն մարդկային տեսանկյունից, այլեւ օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Ինչ վերաբերում է ռուսական կողմի զոհերին, ապա թիվը վաղուց անցել է 300 հազարի սահմանը՝ սպանվածներով եւ վիրավորներով։ Օրինակի համար՝ ահաբեկչական Վագներ խմբավորումը կորցրել է իր մարդկային ուժի 70 տոկոսը։ Ցավոք սրտի, Ուկրաինան նույնպես կորուստներ է ունենում` պատերազմում առանց դրա հնարավոր չէ։ Հաշվի առնելով ռազմական իրավիճակը՝ մենք չենք խոսում այն մասին, թե մեր տղաներից քանիսը զոհվեցին՝ զավթիչների հետ հերոսական պայքարում։ Սկզբում հաղթենք, հետո կխոսենք թվերի մասին։