Ուսապարկերն «օզվերի՞ն» են օգտագործել

Ուսապարկերն «օզվերի՞ն» են օգտագործել

Աչքիս Նիկոլի ուսապարկերն «Ozverin (Озверин)» անունը կրող քիմիական պրեպարատը (նյութ, դեղամիջոց) են օգտագործել: Կարծում եմ, որ համարձակություն և այլ տղամարդկային հատկանիշներ հաղորդող այդ դեղամիջոցի շնորհիվ է, որ որոշել են դատապարտել Ադրբեջանում տեղակայված ՄԱԿ-ի ներկայացուցչությունների` միջազգային այդ կառույցին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված՝ Շուշիում կայացած միջոցառմանը մասնակցելը: Վստահ եմ, որ դատապարտողները (ՀՀ ԱԳՆ-ն, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը) մոռացել են, որ ոչ վաղուց «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր»: Եվ, բնականաբար, ինչ կարիք կար ՄԱԿ-ի հետ հարաբերությունները փչացնելը՝ հանուն ինչ-որ «դժգույն ու դժբախտ» բնակավայրի: Բայց ավելի հավանական է, որ մինչ այդ  համապատասխան հրահանգ են ստացել իրենց գլխավոր «աստվածից»:

Հիշում եք, չէ՞, ֆեյսբուքյան «Աստվածների չաթ» անվանումը կրող խմբի առկայության մասին: Իսկ գլխավոր «աստվածն» էլ, ենթադրաբար, քիմիական նույն նյութն է փորձարկել օրերս Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: Թեև, որքան հասկացա, այն ռուսական արտադրության է: Իսկ ռուսական համարյա ամեն ինչը (նավթից ու գազից բացի), ինչպես գիտենք, մեր օրերում արգելքի տակ է Արևմուտքում և այդ թվում՝ Ֆրանսիայում:  

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն, ըստ ՀՀ ԱԺ-ի լրատվական ծառայության, ընդունել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիային: Տիկնոջ հետ զրույցում վերջինս ասել էր, որ «Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառումը հակասում է կազմակերպության գործունեության առաքելությանը՝ հաշվի առնելով Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, որոնց հետևանքով Շուշին ամբողջությամբ հայաթափվել է»: Հետաքրքիր է, նման համարձակ արտահայտությունների հեղինակը հիշե՞լ է, արդյոք, թե ինչ կասկածելի հանգամանքներում ադրբեջանական զորաջոկատը հասավ Շուշի: Եվ ինչպե՞ս պատահեց, որ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի առավոտյան, ըստ Փաշինյան Նիկոլի ֆեյսբուքյան գրառման, դեռևս մարտեր էին մղվում Շուշիի համար, իսկ կեսգիշերն անց նույն Նիկոլը բունկերում թաքնված՝ կապիտուլյացիոն հայտարարություն էր ստորագրում: Թե՞ այն ժամանակ Հայաստանում հայտնի չէր «Ozverin (Озверин)» անունը կրող քիմիական պրեպարատը:

Իմիջիայլոց, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ՀՀ-ում գործող իշխանությունից անկախ և ավելի վաղ դատապարտել էր Շուշիի միջոցառումը: Արցախի ՄԻՊ-ը հարցադրում էր արել, թե ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուներն իրենց այցով արդյոք չե՞ն լեգիտիմացրել հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը: Ինչևէ, Արցախի պետական կառույցների (բացառությամբ երևի ԱՀ նախագահի) կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից անկախ քաղաքականություն վարելը հուսադրող երևույթ է: Ճիշտ է՝ այն բավականին ուշացած է և դեռևս թույլ, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ «արթնացում» է: Ճիշտ այնպես, ինչպես Արցախից եկավ 1988-ի մեր ազգային-ազատագրական շարժումը, այնպես էլ Արցախից կգա հենց Արցախն ամբողջությամբ ազատագրելու մեր ժողովրդի պատմական առաքելությունը: Իհարկե, դրան խանգարում է Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելը, բայց կարծում եմ, որ այդ խոչընդոտը շատ մոտ ապագայում կվերացվի: Իսկ այդ անձի հետ կապված ամեն ինչը՝ 2018-ի իշխանափոխությունը, պատերազմում մեր խայտառակ պարտությունը, «անսասան կամքով խաղաղություն մուրալը» մի օր մեզ կթվա ընդամենը գիշերային մղձավանջ:

Հ. Գ. Նիկոլի ուսապարկերի կողմից «Ozverin (Озверин)» օգտագործելու միտքը ծագել էր ոչ միայն ՄԱԿ դատապարտող հայտարարությունների, այլ մեկ այլ երևույթի արդյունքում: Հիշեցնեմ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պողոսյան Ներսեսի մոտ ոստիկանները փետրվարի վերջին օրը հայտնաբերել էին օգտագործած կաթուցիչ: Ինքն, իհարկե, չքմեղացել էր, որ այդ առարկան գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց և դրել գրպանը, որպեսզի այն պատահաբար չընկներ երեխաների ձեռքը: Եվ հետո, բնականաբար, մոռացած կլիներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի հոգատար վերաբերմունք է դրսևորվել մատաղ սերնդի նկատմամբ: