Երևանը պետք  է նախաձեռնի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափը

Երևանը պետք  է նախաձեռնի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձևաչափը

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի և խնդիրների մասին զրուցել ենք «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ:

-Մոսկվայում նախատեսված Պուտին - Փաշինյան հանդիպումից առաջ ագրեսոր Ադրբեջանը սկսել է սանձարձակ գործողություններ Արցախում։ Ինչու՞, ի՞նչ է ուզում ասել պաշտոնական Բաքուն:

- Ադրբեջանի նոր ագրեսիան ուղղակիորեն չի կարելի կապել Պուտին- Փաշինյան առաջիկա հանդիպման հետ։ Նոր էսկալացիան կապված է ռուս- ուկրաինական պատերազմի հետ։ Կանխատեսելի էր, որ Ռուսաստան - Արևմուտք գլոբալ հակադրությունը, ուկրաինական ճգնաժամն ազդելու են նաև հարակից տարածաշրջանների վրա։ Հարավային Կովկասում նույնպես ուժերի բալանս է փոխվել, Բաքուն, օգտվելով առիթից, փորձում է «խմբագրել» ստատուս քվոն կամ նոր ստատուս քվո հաստատել։ Ռուսաստանն ամբողջովին թաթախված է ուկրաինական ճգնաժամի մեջ ու ռեսուրսներ չունի՝ Արցախում լիարժեքորեն կատարել արբիտրի, միջնորդի իր առաքելությունը։ Գուցե նաև այլ հանգամանք կա՝ ուկրաինական կամպանիայում Մոսկվան փորձում է ստանալ Բաքվի լոյալությունը ու այդ արանքում զոհաբերվում են հայկական շահեր, մանավանդ, որ մենք ունենք վերին աստիճանի ապիկար ու անտաղանդ իշխանություն։ 

- Երևանը խոսում է խաղաղության դարաշրջանից, Ադրբեջանն այլ վարքագիծ է ցույց տալիս, ինչպե՞ս հասկանալ։

-Արտաքուստ երկուսն էլ խոսում են խաղաղությունից, բայց պատկերացումներն են միանգամայն տարբեր։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի հաղթող կողմ է ու փորձում է հայկական կողմին օրակարգ պարտադրել՝ ուժի ցուցադրությամբ։ Հիմա մենք Արցախում տեսնում ենք դրա ամենօրյա դրսևորումները։ Մյուս կողմից, բովանդակություն չունի նաև Նիկոլ Փաշինյանի հռչակած «խաղաղության դարաշրջանի» օրակարգը։ Քաղաքականությունը պրագմատիկ օրակարգ է, հստակ տեքստեր՝ առանց զեղումների։ Օրինակ, անհասկանալի է՝ երբ Բաքուն առաջադրեց 5 խնդիր՝ խաղաղության պայմանագրի համատեքստում, ինչո՞ւ Երևանը նույն խնդրով դիմեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Ու սա այն պարագայում, երբ այդ ձևաչափը պատերազմից հետո,մեղմ ասած, կենսունակ չէ, իսկ Ռուսաստան-Արևմուտք հակադրությունից հետո՝ ըստ էության, դադարեցրել է իր ինստիտուցիոնալ գոյությունը։ Փաշինյանը հերթական չհաշվարկված քայլն արեց՝ ծնելով նոր ռիսկեր, նպաստելով, որ նույնական դառնան Բաքվի ու Մոսկվայի օրակարգերը, թեկուզև՝ կարճ ժամանակի համար։ Երբ պատերազմելու ռեսուրս չունես, միջազգային իրավունքն ու հարաբերությունները ճգնաժամի մեջ են, թշնամուդ հետ պետք է մտնես ուղիղ դիալոգի, երկխոսության մեջ։ Դա է միակ ռացիոնալ լուծումը, այլընտրանքն այն է, ինչ տեսնում ենք՝ Արցախի գազամատակարարման ընդհատում, լոկալ ռազմական բախումներ, գյուղերի օկուպացիա, մարդկային զոհեր։ 

-Փաշինյանն իշխանության գալու պահից պնդում էր, որ ինքն Արցախի ժողովրդի մանդատը չունի, և որ այդ հարցը արցախցիները պետք է որոշեն ու Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ 

- Դժվար է ոչ ադեկվատ մարդու փոփոխական և ոչ կայուն դիրքորոշումները մեկնաբանելը։ Չգիտեմ՝ ինչ հաշվարկով է նախկինում հնչեցվել այդ հայտարարությունը, բայց հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության նախաձեռնման համար, որովհետև միայն այդ ձևաչափում է հնարավոր լուծել Արցախի կարգավիճակի հարցը։